ԵՐԲ ԳՐՊԱՆՆ ԷԼ, ՀՈԳԻՆ ԷԼ ԼԻՔՆ ԵՆ

dddddd

Ավո Ուվեզյանn այն հռչակավոր և բացառիկ հայերից է, ում անունը հավասարապես կապվում է թե՛ երաժշտության, թե՛ հաջողակ գործարարության հետ: Ընդ որում, երկու ոլորտներում էլ նա հասել է մեծ բարձրունքների։ Ուվեզյանը 20-րդ դարի երգարվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի`«Strangers in the night»-ի (որը կատարում էր Ֆրենկ Սինատրան) երաժշտության հեղինակն է: Իսկ բիզնես-ոլորտում Ավոն նույնչափ հայտնի «AVO» սիգարային բրենդի հիմնադիրն է: Եվ հաճախ դժվար է լինում միանգամից կողմնորոշվել, թե այդուամենայնիվ ինչի՞ հետ կապել նրա անունը՝ երաժշտության, թե սիգարի:

Ինքը գտել է այս երկու ոլորտները համաձուլելու սեփական տարբերակը, որը դարձել է նրա կյանքի ուղենիշներից մեկը. «Սիգարները օգնում են գրպանիս, երաժշտությունը՝ հոգուս», հաճախ հումորով ասում է Ավո Ուվեզյանը:

Նա ծնվել է 1926-ին, Բեյրութում: Ազգանունը հոր մականունից է, ում «ուվեզ» էին կոչում (արաբերեն նշանակում է «մոծակ») իր ակտիվության և շարժունակության համար: Լինելով երաժշտական ընտանիքի զավակ (հայրը կոմպոզիտոր էր և դիրիժոր, իսկ մայրը`երգչուհի) Ավոն երաժշտության նկատմամբ սերը ունեցել է դեռ մանկուց, իսկ արդեն 16 տարեկանում Լիբանանում հիմնել է սեփական ջազ-խումբը, որը կոչվում էր «Lebanion boys» և որի բոլոր 5 անդամները հայեր էին: Խումբը սկզբում նվագում էր Լիբանանում, այնուհետև սկսում է համերգներ տալ նաև Թեհրանում: Թեհրանում Ավոն երկար ժամանակ նվագում է Իրանի շահ Ռեզա Փեհլեվիի համար, ապա հենց նրա աջակցությամբ մեկնում ԱՄՆ: Հենց այստեղ են Ավո Ուվեզյանի համար բացվում նոր հորզիոնններ երաժշտության ոլորտում: ԱՄՆ-ում նա ծանոթանում է լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրայի հետ, իսկ օրերից մի օր նրան ներկայացնում է իր գրած «Broken guitar» (Կոտրված կիթառ) երգը: Սինատրան հավանում է երաժշտությունը, բայց փոխում է երգի բառերը, որի արդյունքում էլ ծնվում է հայտնի «Strangers in the night» երգը: Սակայն Ավոյի ընտանեկան երջանկությունը կարճ է տևում: Շուտով մահանում է նրա կինը և Ավոն իր երեք որդիների հետ տեղափոխվում է Պուերտո Ռիկո, որտեղ նրա կնոջ հայրը ոսկու արհեստանոցներ ուներ: Ավոն սկսում է կառավարել աներոջ արհեստանոցները, սակայն ողջ ժամանակ շարունակում է զբաղվել նաև երաժշտությամբ: Այստեղ նա ստեղծում է նոր խումբ, որի հետ սկսում է նվագել Պուերտո Ռիկոյի ռեստորաններում: Հենց այդ երեկոներից մեկի ժամանակ էլ ծանոթանում է իր ընկերոջ`Ժակ Մելքոնայնի հետ, ում խորհրդով էլ որոշում է ոսկերչական արհեստը փոխարինել սիգարի արտադրության բիզնեսով։ Հենց այդ ժամանակ էլ Ավո Ուվեզյանի կյանքում սկսում է բոլորովին նոր փուլ, որը նրա անունը վերջնականապես կապում է սիգարի արտադրության հետ, և հետագայում արդեն կայացած երաժիշտին բերում նաև հաջողակ գործարարի հռչակ: Իր արտադրած սիգարները Ավո Ուվեզյանը անվանում է իր իսկ անունով`«AVO»։ Ավոյի սիգարները ճանաչված դարձան շնորհիվ դրանց յուրօրինակ բույրի, իսկ այդ սիգարների երկպագուներն էին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը և Ֆիդել Կաստրոն: «Բարի լեզուներն» ասում են, որ Ավոյի սիգարների բիզնեսի կայացման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Սինատրայի ընկերները՝ Ամերիկայի իտալական մաֆիան: Ինչևէ, Ավո Ուվեզյանի սիգարների արտադրութամմբ հետաքրքվում է հայտնի «Davidoff» բրենդը, որը 1996 թվականին Ավոյից 10 միլիոն դոլլարով գնում է սիգարների արտադրության իրավունքը, որոնք սակայն՝ առայսօր արտադրվում են «AVO» ապրանքանիշով: 2000-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է իրենց քաղցր համով առանձնացող «Avo Maduro» սիգարները: «Սիգարներն իմ երեխաներն են. Ինչպե՞ս կարող եմ նրանցից սիրելիին առանձնացնել։ Չնայած սահմանափակ սիգարների մեջ ունեմ նախընտրելիները, օրինակ, նրանք, որ ստեղծվել են իմ 75–ամյակի համար։ Compranero-ն նույնպես սիրելիներից է։ Քիչ եմ խմում։ Սակայն սիգարի հետ լավագույն համադրությունը նույն Կարիբյան ավազանի ռոմն է։ Գինին նույնպես լավ է»,- նշել էր Ավոն ռուսական Ведомости պարբերականինտվածհարցազրույցում:

Կյանքում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած Ավոն իր մեծագույն հարստությունը համարում է հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելը, ինչի համար էլ ողջ կյանքում սովորել է և շփվում է 9 լեզուներով: Մինչ շատերը փորձում են կողմնորոշվել, թե ո՞վ է իրականում Ավո Ուվեզյանը. հայտնի ջազ երաժի՞շտ, թե՞ սիգարների արքա, ինքը մշտապես հաջողությամբ համատեղում է այս երկուսը։ Նրա կյանքում դրանք սերտաճում են այնպես, որ մեկն առանց մյուսի դառնում է անհնարին: «Սիգարի և երաժշտության մեջ շատ ընդհանրություններ կան։ Օրինակ, երբ երաժշտություն ես ստեղծում, սկսում ես թեմայից, ներածություն ես հորինում, զարգացնում ես այն… Նույնը սիգարների դեպքում է… Սիգարն ու երաժշտությունն ինձ համար շատ կարևոր են։ Օրվա մեջ նվազագույնը 2–3 ժամ դաշնամուր եմ նվագում։ Չեմ ուզում ապրել մինչ այն պահը, որ չկարողանամ նվագել»,- ասում է Ավո Ուվեզյանը: Պետք չէ փորձել տարանջատել երաժիշտ Ուվեզյանին սիգարներ արտադրող Ավոյից: Նա թերևս այն բացառիկ անձանցից է, ով կարողացել է միավորել այս երկուսը՝ սիգարին հաղորդել երաժշտության ելևէջներ, իսկ երաժշտությունը համեմել սիգարի անզուգական բույրով: Ավո Ուվեզյանը աշխարհի բացառիկ հաջողակ ու հայտնի հայերից է, ում օրինակը կարող է ոգեշնչող լինել բոլորի համար: Նա իր կյանքով ապացուցում է, որ արվեստն ու բիզնեսը կարող են հրաշալի զուգորդվել և փոխլրացնել միմյանց:

Վլադմիր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register