ԱՎԱԶՆԵՐԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ

aa

Մի կյանքը քիչ է ապրելու համար»: Օրեր առաջ ինձ այցելած հերթական փիլիսոփայական մտքի պահին սկսեցի ինքս ինձ համոզել, որ սիրելի բոլոր գործերով զբաղվելու համար պետք է առնվազն մի քանի կյանք ապրել: Հենց այդ օրերին, երբ նախորդ ու դեռևս ապրելիք կյանքերիս «պլաններն» էի մշակում, երբ հանդիպեցի Արմեն Մխոյանին:

Արմենը երաժիշտ է, նկարիչ, աճպարար, ավազանկարչության վարպետ, ռոբոտաշինական խմբակների ղեկավար, հետաքրքրվում է արևելյան մարտարվեստով, հաճախում է պարի… Չհասցրի՞ք: Լավ, եկեք սկզբից: Արմեն Մխոյանը երաժշտությամբ սկսել է հետաքրքվել դեռևս 10 տարեկանում, հաճախել է երաժշտական դպրոց, սովորել նախ ակորդեոն, ապա նաև՝ կիթառ, դաշնամուր, փողային գործիքներ նվագել … Վերջիններն արդեն ինքնուրույն: Խաղաքարտերը, մետաղադրամները, գնդակները աճպարարության գաղտնիքներին ընտել Արմենի ձեռքերում՝ մե՛կ կորչում, մե՛կ հայտնվում են ինձ համար անհասկանալի վայրերում: Հետո որոշում ենք երկու միանման կարմիր գնդիկներին՝ Աննային ու Վարդանին փակել բռան մեջ: 1 վայրկյան անց պարզվում է, որ նրանք Գեղամիկ են ունեցել: Ոչինչ չհասկացա՞ք: Ես էլ: Բայց դա կարևոր չէ, կարևորը մշտական աշխատանքի և ինքնակատարելագործման արդյունքում այնպիսի վարպետության հասնելն է, որ դիտողը ոչինչ չհասկանա աճպարարական խաղից, մնան միայն հիացմունքն ու ինչ-որ բան գուշակելու ապարդյուն փորձերը:

«10 տարեկան էի, երբ հեռուստատեսությամբ մի հաղորդում տեսա՝ կապված աճպարարության հետ: Շատ գրավեց ինձ, սկսեցի կասետների վրա ձայնագրել բոլոր հաղորդումները: Մի քանի անգամ դիտում էի ամեն համարը, որ հասկանամ՝ ինչպես են այս կամ այն հնարքն անում: Այդպես սկսեցի նաև աճպարարությամբ զբաղվել»,- հիշում է Արմենը: Տարբեր միջոցառումների մասնակցելու և ցուցադրական ելույթներ ունենալու առաջարկներ ոչ հաճախ, բայց լինում են: Ոլորտի հետ կապված նրա ցանկությունը մեկն է՝ Հայաստանում զարգացնել աճպարարական արվեստն այնքան, որ այն սիրելի զբաղմունք լինելուց բացի դառնա նաև եկամտի աղբյուր: Աճպարարական ելույթներից մեկի ժամանակ էլ Արմենն իր համար բացահայտում է ավազանկարչությունն ու որոշում՝ զբաղվելու է նաև արվեստի այս ճյուղով: «Ավազանկարչության ուսուցման հետ կապված հատուկ ծրագրեր չկան, հիմնականում դրանով զբաղվող մարդիկ փորձում են ինչ-որ ուղղություններ ստեղծել, որոնք ուսումնասիրելով՝ կարող ենք տեխնիկական մասի հետ կապված որոշակի նրբություններ բացահայտել: Մնացած ամեն ինչը փորձի հետ ես ձեռք բերում»,- ասում է նա:

Հայաստանում ավազանկարչությունը համեմատաբար երիտասարդ, նոր զարգացող ճյուղ է: Քչերն են դրանով զբաղվում, մինչդեռ առողջ մրցակցության պայմաններում ոլորտն ավելի արագ կզարգանար, նկատում է Արմենը: Առանձին դժվարություն է ներկայացնում նաև ավազների ձեռքբերման հարցը: «Ցուցադրական ելույթների ժամանակ, օրինակ, ավելի խոշոր ավազ է օգտագործվում, համեմատաբար նուրբ տեսարաններ ստանալու համար՝ ավելի մանր: Հայաստանում դրանք գտնելը գրեթե անհնար է»,- պարզաբանում է նա: Ավազի հետ աշխատանքը հանգստացնում է նյարդերն ու  օգնում լիցքաթափվել անգամ ամենալարված օրվա ավարտին, իսկ դիտողին փոխանցում դրական էմոցիաներ ու բարձր տրամադրություն: Ինչ վերաբերում է դիմանկարներ ստեղծելու արվեստին, այն Արմենին գրավել է պարտադիր ժամկետային զինծառայության տարիներին:

ss

Քաղաքացիական կյանք վերադարձը նշանավորվել է գործունեության նոր ձևերի յուրացմամբ. Արմենն աշխատանքի է անցել հանրակրթական դպրոցներում՝ ղեկավարելով միաժամանակ երկու ռոբոտաշինական խմբակ: Այդ աշխատանքների ընթացքում էլ ստեղծվել է Bluetooth-ով կառավարվող ռոբոտ-մեքենան: Բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն է տալիս համապատասխան հրահանգներ ուղարկել մեքենային՝ որոշելով ոչ միայն արագությունը, այլև ուղղությունը: «Գործունեության յուրաքանչյուր ոլորտ իր կարևոր տեղն ու նշանակությունն ունի իմ կյանքում: Դրանցից որևէ մեկը չեմ կարող առանձնացնել և կարևորել ավելի շատ, քան մյուսները, այնպես, ինչպես մարդը չի կարող ասել, թե ձեռքի մատներից որն է ավելի կարևոր իր համար,- ասում է Արմենը:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register