ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ԴԱՍԵՐԸ

1

Օրեր առաջ խմբագրություն եկավ մեր ընթերցողներից մի կին՝ ուղղակի շփվելու, ծանոթանալու։ Ընթացքում պատմեց իր կյանքի մասին, հետաքրքիր  ու բազմաշերտ տարիներ է ապրել, հիմա հասցնում է անգամ երգչախմբում երգել՝ չնայած վնասված ոտք ունի ու դժվարությամբ է քայլում։ Նշեց, որ  հատուկ տնից դուրս է գալիս՝ նաև մեր թերթը վերցնելու համար ․ անչափ հաճելի է։

Ես և գործընկերս երկար լսում էինք հաճելի ժպիտով տատիկին: Զրույցն ի վերջո ամփոփվեց  այն կետում, երբ պարզվեց, որ կինը մեզ հյուր էր եկել նաև որպեսզի առաջարկի իր օգնությունը, քանի որ ուզում է իրեն ինտեգրված զգալ հասարակությանը, ասում է՝ հիշողությունները շատ են խեղդում, որոշակի տարիքից հետո տպավորություն է, թե էլ պիտանի չես։ Նման հյուրեր հաճախ ենք ունենում։ Տարեցները զանգահարում են մեզ, երկար քննարկում մեր հոդվածները, ոմանք անգամ զանգահարում ու վիրավորում են, կռվում այս կամ այն մեջբերած մտքի հետ, ու որքան էլ փորձում ենք համոզել, որ դա ոչ թե լրագրողի, այլ տվյալ մարդու կարծիքն է, ու մենք միայն փոխանցողն ենք՝ չի ստացվում։

Երկարատև զրույցները վկայում են, որ  մեծահասակաները խիստ կարիք ունեն շփման, և նրանց համար շատ կարևոր է լսելի լինելը։ Թվում է՝ հասարակ ու պարզ դատողություն է, ճշմարտություն, որն առանց ասելու էլ պետք է հասկանալի լիներ։ Բայց արի ու տես, որ թվացյալ հասկանալին այդպես էլ միայն մտքում է մնում։ Երբ փորձում ես մտաբերել, հասկանում ես, որ ծերերի զբաղվածության կենտրոնները շատ քիչ են։ Եվ դրանց մեծ մասը  կցված են ծերանոցներին, բայց չկան հատուկ կենտրոններ, որտեղ մեր ավագ ընկերները կարող են շփվել իրար հետ, զբաղվել ու իրենց պիտանի զգալ։

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր պետության համար թոշակառուն արդեն գտնվում է կյանքի լուսանցքից դուրս։ Մինչդեռ մենք էլ, հոդվածների ընթացքում, սոցհարցումների ժամանակ, խմբագրությունում զանգեր ստանալիս մի շատ կարևոր բացահայտում ենք արել․ ավագ սերունդն ունի մի բան, որից մենք զուրկ ենք՝ որքան էլ լավ հասկանանք սմարթֆոններից, որքան էլ շատ ընթերցենք։ Կյանքի փորձն է դա, որը արագ աշխատող ուղեղով ու երիտասարդությամբ չես ստանա՝ որքան էլ խելացի լինես։ Մենք չենք լսում ավագ սերնդին, որովհետև հատկապես նոր սերունդը սովոր է վազքին։

Մեզ կարող է նյարդայնացնել անգամ նրանց դանդաղ, մտածող ու մտածված խոսքը, անշտապ քայլքը, որի ընթացքում հանգիստ նայում են մարդկանց, տեսնում այն, ինչի ժամանակը մենք հաճախ չունենք։ Վերջերս տատիկս պատմում էր, որ հարևան շինություններից մեկի հիմնապատին գեղեցիկ պատկեր են ավելացրել՝ ներկերի օգնությամբ։ Ես օրեր շարունակ անցել ու չեմ նկատել, ոովհետև մեր ուղեղը սովորաբար զբաղված է այլ ինֆորմացիայով։Ավագ սերնդից սովորելիք շատ կա։ Առաջին դասը չշտապելն է։ Հաճելի է տեսնել՝ ինչպես են տատիկներն ու պապիկները վայելում ձմեռային արևի ճառագայթները, շրջում թերթերը ձեռքին ու նստարանին նստած՝ հաճույքով, մեկ խոժոռվելով, մեկ՝ ժպտալով կարդում հոդվածները։ Ինչպես են նայում երիտասարդությանը։

Կամ նկատե՞լ եք՝ որքան հոգատար են իրար նկատմամբ անծանոթ տատիկներն ու պապիկները՝ երբ փողոցում իրար են հանդիպում։ Օգնում են անցնել մայթը, կամ կարող են ուղղակի զրույցի բռնվել, պատմել թոռնիկներից, բողոքել տնտեսական իրավիճակից, քննարկել վերջին նորությունները, ամփոփել զրույցը առողջական ինչ-ինչ խնդիրների մասին մանրամասներով ու ջերմ ժպիտով իրար հրաժեշտ տալ։

Երկրորդ դասը՝ լսելու ունակությունն է։ Մենք էլ ենք լսում, ուղղակի՝ երաժշտություն՝ սեփական ականջակալներով։  Իսկ ծերերը շատ սիրում են իրար լսել, համեմատել լսածը, համադրել սեփական օրինակի հետ։ Նկատե՞լ եք՝ որքան հաճույքով են միշտ լսում դիմացինին։ Մենք էլ չէինք նկատել, մինչ այն պահը, երբ  վերջերս այս տատիկը եկավ մեր խմբագրություն, որպեսզի առաջարկի օգնել մեզ, կամ ուղղակի զրուցել ու ճանաչել հիմնական կազմին։Ավագ սերնդից միշտ սովորելիք կա։ Մարդիկ մեծանալիս չպիտի մենության մատնվեն։ Նոր սերունդը եկել է, որ սիրի աշխարհը, անշտապ քայլի ու վայելի, լսի քաղաքի պատմություններն ու սիրի, շատ-շատ սիրի ավագ սերնդին։

Սյունե Սևադա 

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register