ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

2

Չնայած ամառային անտանելի տապին և արձակուրդային տրամադրություններին, Երևանի «Ազատության» հրապարակում շարունակվում են ամենօրյա հանրահավաք-ցույցերը: Դրանք հանրային մեծ արձագանքի այդպես էլ չեն արժանանում: Իսկ հիմնական քաղաքական ուժերը զբաղված են ՏԻՄ ընտրություններով: Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերի 316 համայնքներից  22-ում՝ քաղաքապետեր ու գյուղապետեր են ընտրելու: Արդեն սկսվել է թեկնածուների առաջադրումը: Թեկնածուները փաստաթղթերը ներկայացնելու համար՝ 5 օր (մինչև օգոստոսի 19-ը) ժամանակ ունեն:

Շաբաթվա ամենապայծառ ու քաղցր օրը կիրակին էր: Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Խաղողի օրհնության արարողություն: Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն էր: Հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարեցին Նորքի բարձունքը, Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվեց տարվա ամբողջ բերքը: Երևանցիների և զբոսաշրջիկների համար կազմակերպվեց օրհնված խաղողի հյուրասիրություն:

Այս օրերին հյուրասիրություն էր կազմապերպում նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա ամեն օր մեքենայով 10 անօթևանի Հռոմից տանում էր ուղևորության ծովափ: Նրանց տրամադրվում էր լողազգեստ և ծովափի համար սրբիչներ: Իսկ լողանալուց հետո վերադարձի ճանապարհին  Ֆրանցիսկոս պապը կանգնում էր պիցցերիաներից մեկի մոտ և պիցցա հյուրասիրում իր ուղեկից անօթևաններին:

Ֆրանսիայում նույնպես ուշադրություն են դարձնում լողափում հանգստացողներին: Նիսսի դատարանն արգելել է մարմինը ծածկող լողազգեստների կրումը: Արգելքը հիմնավորվում է այսպես. «Չի կարելի չարաշահել հանրային կարգը՝ կրոնական հայացքներից ելնելով»: Իսկ խախտողները կվճարեն 33 եվրո տուգանք: Ի դեպ՝ հուլիսի վերջին հաստատված արգելքից հետո՝ ոչ մի խախտում չի գրանցվել:

Անցած շաբաթ դեղին մամուլի ուշադրության կենտրոնում էր ամերիկյան երգչուհի Բեյոնսեյի անկաշկանդ վարքը: Նա այս օրերին ընտանիքի հետ վայելում է հանգիստն Իտալիայում: Կապրիի փողոցներով զբոսնելու ժամանակ երգչուհին իր ոտքերի վրա է գրավել պապարացիների ուշադրությունը: 34-ամյա երգչուհին ամուսնու՝ 46-ամյա ռեփեր Ջեյ Զիի հետ ռոմանտիկ ընթրիքից հետո դուրս է եկել փողոց ու ոտաբոբիկ քայլել:

Իր արձակուրդի վրա աշխարհի ուշադրությունն է սևեռել նաև Բարաք Օբաման, որը կնոջ ու դուստրերի հետ ուղևորվել է Մասաչուսեթսի «Մարտաս-Վինյարդ» առողջավայր, որն ավանդաբար ընտրում է 2009-ին պաշտոնավարելուց ի վեր: Օբաման հրապարակել է նաև  գրքերի ցանկը, որը նախատեսում է կարդալ արձակուրդի ժամանակ. Ուիլյամ Ֆիննեգանի «Վայրի օրեր. սերֆերի կյանքը» հուշագրությունները, Քոլսոն Ուայթհեդի «Ստորգետնյա երկաթուղին», Հելեն Մաքդոնալդի «Բ-ն նշանակում է բազե», հոգեբանական թրիլլերի ժանրում՝ Փոլա Հոքինսի «Աղջիկը գնացքում» ստեղծագործությունը: ԱՄՆ նախագահը հրապարակել է  նաև ամառային ավանդական երգացանկը, որը խորհուրդ է տալիս լսել հանգստի ժամանակ:

Իսկ Բեռլինում ամառը շատ ավելի ուրախ ու անհոգ է անցնում: Գերմանիայի մայրաքաղաքում ավելի քան չորս հազար մարդ է մասնակցել հանուն մարիխուանայի օրինականացման  անցկացվող ամենամյա երթին: Ցույցն անցել է խաղաղ, առանց ձերբակալությունների: Հանուն մարիխուանայի օրինականացման երթն անցկացվում է արդեն 20-րդ անգամ: Ցուցարարների ձեռքին մարիխուանայի ճյուղերից զատ եղել են նաև՝ «Օրինականացումը կախված է օդում» վերտառությամբ պաստառներ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register