Սեպտեմբերից Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները

da

Ֆրանսիայի կառավարությունը 2018 թվականի սեպտեմբերից երկրի տարրական ու միջին դպրոցներում արգելելու է բջջային հեռախոսների օգտագործումը: Աշակերտներին թույլատրվելու է իրենց հետ հեռախոս դպրոց բերել, սակայն նրանք չեն կարողանա դրանցից օգտվել հաստատության ներսում՝ նույնիսկ դասամիջոցների ժամանակ: Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերի պարզաբանմամբ՝ արգելքը վերաբերելու է 6-15 տարեկան դպրոցականներին: Արգելքը ծնողներին ուղղված ուղերձ է, որպեսզի նրանք սահմանափակեն երեխաների՝ սմարթֆոնների էկրանի առաջ անցկացրած ժամանակը:

Թուրքիայի ԱԳՆ-ն Երուսաղեմը գրանցել է որպես Պաղեստինի մայրաքաղաք

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Երուսաղեմը գրանցվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Արված փոփոխությանը կից կայքում տեղ է գտել նաև հետևյալ հայտարարությունը. «Մեր երկրում 2017 թվականին տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Երուսաղեմը հռչակվել է Պաղեստինի մայրաքաղաք»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ:

Սաուդյան Արաբիայում մարտից կվերաբացվեն կինոթատրոնները

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ՝ արքայազն Մոհամադ բին Սալմանը պահպանողական միապետությունում իր կողմից իրականացվող սոցիալական բարեփոխումների շրջանակում մտադիր է չեղարկել կինոթատրոնների վերաբերյալ գործող արգելքը, որը գործել է շուրջ 35 տարի: Դրանք կվերաբացվեն մարտին: Իշխանություններն արդեն կինոթատրոնների վերաբացման արտոնագրեր են տրամադրում: Երկրի մշակույթի նախարար Ավադ Ալավադը նշել է, որ սա նշանակալի պահ է Սաուդյան Արաբիայի մշակութային կյանքի զարգացման գործում: Սաուդյան Արաբիայի տնտեսական զարգացման ծրագիրը ենթադրում է մոտակա 10- 15 տարում ժամանցային հատվածի կտրուկ ընդլայնում, ինչը կստիպի թագավորությանը հրաժարվել կանանց և տղամարդկանց առանձին գոյության խիստ պահպանողական քաղաքականությունից:

Ջոան Ռուուլինգը պարգևատրվել է Բրիտանական թագի պատվավոր ասպետ մեդալով

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը՝ Բուքինգեմյան պալատում պարգևատրել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին: Գրողը դարձել է Բրիտանական թագի պատվավոր ասպետ՝ գրականության և բարեգործության ոլորտում կատարած ներդրումների համար: 52-ամյա Ռոուլինգը Բուքինգեմյան պալատ է ժամանել ամուսնու՝ Նիլ Մարեյի հետ: «Այս մրցանակին արժանացած բազմակողմանիորեն տաղանդավոր մարդկանց ցանկում հայտնվելը, մանավանդ՝ կին գրողի դերում, հատուկ պատիվ է ինձ համար», – ասել է Ռոուլինգը: Տարբեր ժամանակահատվածներում այս մրցանակին են արժանացել նաև՝ գիտնական Սթիվեն Հոքինգը, երաժիշտ Փոլ Մաքքարտնին և դերասանուհի Մարգարետ Սմիթը, որը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում կատարել է պրոֆեսոր Միներվա Մակգոնագալի դերը:

Նորվեգիան հրաժարվել է FM-ռադիոյից

Նորվեգիան FM-ռադիոյից՝ ամբողջությամբ հրաժարված և թվային հեռարձակման անցած առաջին երկիրն է աշխարհում: Դեկտեմբերի 13-ին Նորվեգիայի հյուսիսային շրջաններն ու Սվալբարդ արշիպելագն Արկտիկայում՝ թվային աուդիոհեռարձակման(DAB) անցած վերջին շրջաններն էին: DAB-ն ավելի լավ որակ է ապահովում և ավելի շատ ալիքներ է առաջարկում: Առաջիկա տարիներին թվային աուդիոհեռարձակման են անցնելու նաև որոշ այլ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Դանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան:

«Walt Disney» ընկերությունը գնել է «21st Century Fox» -ը

Ամերիկյան «Walt Disney» ընկերությունը՝ 52 մլրդ դոլարով գնել է Ռուպերտ Մերդոկի «21st Century Fox» ստուդիան: «Disney»-ը կստանա «20th Century Fox» կինո- և հեռուստաստուդիան, «FX» և «National Geographic» կաբելային ցանցերը, ինչպես նաև «Hulu» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:« 21st CenturyFox»-ն իրեն է վերապահել «Fox» հեռարձակման ցանցը, «Fox Sports»-ը և «Fox News» և «Fox Business» բրենդերը: Գործարքի պատճառով «Disney»-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը, որը պետք է 2019-ին հեռանար պաշտոնից, շարունակելու է պաշտոնավարել մինչև 2021 թվականը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register