ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ. Վրացական գինին՝ Գինեսի գրքում

1

 Վրացական գինին՝ Գինեսի գրքում

Վրացական գինին՝ որպես հնագույնն աշխարհում՝ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իտալացի, իսրայելցի,վրացի և կանադացի գործընկերների հետ այդ բացահայտումն արել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մաքգովերնը: Թբիլիսիից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող 2 հնագույն բնակավայրում գիտնականները հայտնաբերել են կավե անոթներ: Քիմիական հետազոտությունից պարզվել է, որ դրանց մեջ գինի է պահվել: Բնակավայրերը դասվում են մ.թ.ա 6000-5800 թվականներին:

Ավստրիայում միասեռ ամուսնությունները կօրինականացվեն

Ավստրիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նույնասեռական ամուսնությունները 2019 թվականից կարող են պաշտոնապես գրանցվել: Միասեռ զույգերի միջև հարաբերությունները Ավստրիայում օրինականացվել էին դեռևս 2010 թվականից, սակայն վերջիններիս չէր թույլատրվում ամուսնանալ: Թույլտվությունը կարող է ուժի մեջ մտնել դատարանի նշած ժամկետից ավելի շուտ, եթե այդպես որոշի երկրի ղեկավարությունը: Այսպիսով՝ Ավստրիան միացել է միասեռ ամուսնություններն օրինականացրած եվրոպական երկրներին,ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան:

«Time». Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ «Տարվա մարդ»

Ամերիկյան «Time» պարբերականի ընթերցողները՝ օնլայն քվեարկությամբ 2017-ի «Տարվա մարդ» են ճանաչել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին: Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով՝ կոռուպցիայի դեմ ուղղված արշավի շրջանակում նոյեմբերին կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ իշխանական օղակներում:

 

Հռոմի Պապը ցանկանում է փոխել տերունական աղոթքի տեքստը

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է փոխել քրիստոնեական աշխարհում ամենատարածված աղոթքի՝ «Հայր մեր»-ի բառերը: Խոսքը վերաբերում է աղոթքի իտալական թարգմանությանը: Պոնտիֆիկոսի կարծիքով՝ իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ: Հռոմի պապը հիշեցրել է, որ ֆրանսիացիներն աղոթքի իրենց թարգմանության մեջ բառերը փոխել են՝ դարձնելով «մի թույլ տուր զմեզ՝ գնալ ի փորձություն»:
Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հայտնել՝ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մտադրության մասին: «Ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել իբրև Իսրայելի մայրաքաղաք: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը», – ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշում էր կայացրել, սակայն ԱՄՆ նախագահները՝ արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը:

Էրդողան. «Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը կպայթեցնի Մերձավոր Արևելքը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ որոշումը տարածաշրջանը կրակի շթղայի մեջ կվերցնի: Էրդողանը նաև նշել է, որ մտադիր է այս հարցը Հռոմի Պապի և Վլադիմիր Պուտինի հետ քննարկել: «Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել։ Եթե ասում ես, թե դու ուժեղ ես ու ճիշտ, սխալվում ես»,- ասել է Էրդողանը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ կոչ էին արել Թրամփին ՝ խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի լարվածությունը Արևելքում ։ Քայլի հետ կապված իր մտահոգություն էր հայտնել նաև Եվրամիությունը:

Բիթքոինը նոր ռեկորդներ է սահմանում

Աշխարհում ամենաշատ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը շաբաթվա սկզբից սկսել է ակտիվորեն աճել՝ սահմանելով մի քանի պատմական ռեկորդ: Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ դրա փոխարժեքը հատել է 18 հազար դոլարի սահմանագիծը: Ավելի ուշ բիթքոինի փոխարժեքն իջել է և ներկա պահին մոտ 16 հազար դոլար է կազմում: «Brave New Coin» ռեսուրսի տեխնիկական վերլուծաբան Ջոշ Օլշեվիչի կարծիքով՝ բիթքոինի գնաճը կշարունակվի, և մինչև տարեվերջ թվային արժույթը կարող է հասնել 30 հազար դոլարի:  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register