ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

ddd

Covert Media» կինոարտադրող ընկերության կազմի մեջ մտնող միջազգային «Label Lexica Films» ընկերությունը մտադիր է գնել ռուսական արտադրության «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի համաշխարհային հեռարձակման իրավունքը: Ֆիլմը պատմում է 1988թ. Գյումրիի երկրաշարժի մասին: Ֆիլմում նկարահանվել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր Կոնստանտին Լավրոնենկոն, պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Սարիկ Անդրեասյանը և Արամ Մովսեսյանը:

Երևանն  անցած շաբաթ հաղթական ցնծության մեջ էր: «Զվարթնոց» օդանավակայանում  հայ երկրպագուները գիշերը դիմավորեցին Բրազիլիայից Հայաստան վերադարձող «Ռիո 2016»-ի հայ մեդալակիրներին՝ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականին  ոսկե մեդալ պարգևած Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին,  Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին: Օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ:

Նույն օրը Երևանի օդանավակայանում ձերբակալվեց  30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Վերջինս ԱՄՆ-ում հետախուզման մեջ էր փողերի լվացման և տեխնոլոգիաներ փոխանցելու կասկածանքով: Սերգեյ Միրոնովն այժմ հարցաքննվում է ԱԱԾ-ում:

Իսկ Մոսկվայում  գաղափարական լուրջ քննարկումներ են ծավալվում: Լրագրող Ալեքսանդր Բրատերսկին զարգացրել է հայազգի գործարար Արամ Պետրոսյանի առաջարկությունը սնանկության մասին: «Մայրաքաղաքային բանկերից մեկի մասնաճյուղը գրաված տղամարդը լավը չէ, բայց նա մի ճիշտ միտք է հայտնել. պետք է հիվանդանոցներ ստեղծել սնանկների համար և սնանկացումը  ճանաչել որպես հիվանդություն: Հիվանդություն ասելով՝ նա, իհարկե, նկատի ուներ, գործարարների սնանկացումը, ովքեր չեն կարողացել մարել վարկերը: Սակայն ես կարծում եմ, որ այդ առաջարկը պետք է տարածել բոլորիս վրա, քանի որ սնանկացողներ շատ են լինում մեր շուրջ»,-եզրափակել է հոդվածագիրը:

Թուրքիան հեղաշրջումից հետո փորձում է բարձրացնել գետնին հավասարեցված վարկը: Թուրքական բանակը  օգոստոսի 24-ի առավոտյան մտել է Սիրիայի տարածք և գրավել Ջերաբլուս քաղաքը: Իսկ շաբաթ օրը թուրքական F16 կործանիչները Ջերաբլուսից  8 կմ դեպի արևելք, սիրիական Թլեմարնե գյուղի մոտակայքում հարվածներ են հասցրել քրդական YPG-ի («Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատներ») դիրքերին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները: Իրավիճակը խճճվել է, երբ թուրքերը զինուժ և տեխնիկա են մտցրել Սիրիայի հյուսիսային հատված: Անկարան հավաստիացնում է, որ թիրախն «Իսլամական պետությունն» է, մինչդեռ հարվածներ է հասցնում նաև «Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատներ» շարժմանը, որը Վաշինգտոնի դաշնակիցն է համարվում «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ժնևում Քերրին և Լավրովն անդրադարձել են նաև Ուկրաինայի հակամարտությանը: Անցած շաբաթվա ընթացքում իրավիճակն Ուկրաինայի արևելքում նորից սրվել է: Նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է լայնածավալ հարձակում սանձազերծել:

Խայտառակ միջադեպ է գրանցվել Բոլիվիայում: Հանքագործներն առևանգել ու ծեծելով սպանել են փոխնախարարի: Դատախազության հաղորդմամբ՝ Բոլիվիայի ներքին գործերի փոխնախարար Ռուդոլֆո Իլյանեսը սպանվել է հինգշաբթի օրը՝ Պանդուրո քաղաքում, որտեղ հանդիպել է և փորձել բանակցել օգոստոսի 10-ից գործադուլ անող ու ճանապարհներն արգելափակող հանքագործների հետ: Սպանության գործով ձերբակալվել է 5 կասկածյալ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register