ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇԱԽՄԱՏ Է ԽԱՂՈւՄ

01

Արարատի մարզի Մասիս քաղաքում հոկտեմբերի 20-ին կայացած «Շախմատային աշուն» միջոցառման «կորիզը»` ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլի և 27 երեխաների միջև կայացած շախմատի համաժամանակյա խաղի սեանսն էր: Երեխաներից 15-ը տեղի մարզադպրոցի սաներն էին, մնացած 12-ը՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» աջակցությամբ մրցավայր ժամանած երեխաներ:

1

Արիանային Մասիսում դիմավորեցին աղ ու հացով: Մինչ պարտիաների մեկնարկը մասիսցի երեխաների կատարմամբ ժողովրդական երգի ու պարի համերգային փոքրիկ ծրագիր ներկայացվեց: Պարտիաները մեկնարկեցին նկատելի աժիոտաժով: Երբ քայլ անելուց հետո Արիանան շարժվում էր դեպի հաջորդ մասնակիցը, նրա հետ մեկտեղ հաջորդ խաղատախտակին էր մոտենում շախմատասերների մեծաքանակ խումբը: Երեխաների աչքերը փայլում էին ոգևորվածությունից, նրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հայտնվում էր համընդհանուր ուշադրության կենտրոնում:

2

Այսպես, սակայն, երկար չշարունակվեց, քանի որ պարտիաները շատ էին: Շախմատասերներից շատերը դիրքավորվեցին զբոսուղու տարբեր անկյուններում` ընտրելով իրենց առավել հետաքրքած պարտիան: Իսկ երեխաների կողքին մարտավկաների պես հայտնվեցին նրանց պապիկները(առաջին հերթին), հայրիկները, մայրիկները և ընտանիքի մյուս անդամները: Տպավորությունն այնպիսին էր, ասես որոշ դեպքերում Արիանան խաղում էր ոչ թե երեխայի, այլ նրա «թիկնազորի»` ընտանիքի անդամների կամ ինչպես մասիսցիներից մեկը կատակեց` գերդաստանի դեմ: Պարտիաներն առանց ժամանակի հաշվարկի էին ընթանում:

3

Արիանան բոլոր պարտիաներում խաղում էր սպիտակ խաղաքարերով: Առաջին պարտիան ավարտվեց մեկնարկից  2 ժամ անց` Արիանայի հաղթանակով:Հանդիպման ընթացքում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն Արիանա Կաոիլիին հանձնեց շնորհակալագիր: Երիտասարդ քաղաքապետը, ով դեռևս 11 ամիս է այս պաշտոնում, իր խոսքում ընդգծեց շախմատի զարգացման կարևորությունը Մասիսում:

4

Իսկ «Շախմատային աշուն» միջոցառման մտահաղացումը Մասիսի մարզադպրոցի շախմատի մարզիչ Անահիտ Վարդանյանինն է: Երիտասարդ մասնագետն այս տարվա սկզբին է իր սաների համար համաժամանակյա խաղի սեանս կազմակերպելու գաղափար հղացել: Երկու ամիս առաջ տեղեկանալով այն մասին, որ Արիանա Կաոիլին շախմատ է խաղացել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հետ, նա կապ էր հաստատել մեր շաբաթաթերթի խմբագրակազմի հետ` ներկայացնելով առաջարկը:

0

«Արդեն երեք տարի է, ինչ շախմատի մարզիչ եմ Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում: Հետաքրքրությունը շախմատի հանդեպ մեծ է, այդ իսկ պատճառով էլ իմ խումբը  24 աշակերտից հսել է 35-ի: Ունեմ սկսնակների խումբ և կարգայինների: Այսօր խաղում են այն երեխաները, որոնց մոտ նկատվում է շախմատի հանդեպ մեծ սեր ու ձգտում: Վստահ չէի, որ Արիանան կհամաձայնվի, սակայն տեսնելով որ համաժամանակյա խաղի սեանս է անցկացրել բանտում, մտածեցի, որ կհամաձայնվի նաև մեր երեխաների հետ խաղալ: Ի ուրախություն բոլորիս` նա մեծ պատրաստակամությամբ ընդունեց հրավերը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Այսպիսի միջոցառումներն անչափ կարևոր են երեխաների համար, նրանք շատ ոգևորված են: Երեխաների մի մասը մրցումներում անհաջող հանդես գալուց հետո թևաթափ էր եղել, սակայն երբ հայտնեցի, որ Լևոն Արոնյանի կինն է գալու Մասիս, նրանք մոռացան ամեն ինչ և սկսեցին նոր թափով պարապել: Սեանսի բոլոր  մասնակիցներին տրվելու  են հավասատագրեր, իսկ Արիանայի ընտրած երեք լավագույն խաղացողներին` պատվոգրեր»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Վարդանյանը:

7

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցող 27 երեխաներից  9-ը, ժամանակի ընթացքում հանձնվեցին, իսկ մյուսներին Արիանան առաջարկեց ոչ-ոքի, քանի որ գրեթե 5 ժամ խաղը շարունակվում էր և երեխաները բավական հոգնել էին, չնայած շատ ոգևորված էին և որևէ մեկը «մարտի դաշտը» լքելու միտք անգամ չուներ: Արիանան ընտրեց իր վարկածով երեկոյի երեք լավագույն խաղացողներին՝ Մասիսի մարզադպրոցի սաներ` Ալեքսանդր Դավիտյանին, Լիդիա Խաչատրյանին և Գևորգ Քոչարյանին: «Շատ հավանեցի Մասիս քաղաքի փոքրիկներին: Նրանք շատ աշխույժ և լուսավոր են: Հատկապես աղջիկները շատ սուր էին խաղում: Շնորհակալ եմ Մասիս քաղաքին` ջերմ ընդունելության համար»,- նշեց Արիանան:

6

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register