ԱՐԹՆԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

avrorra2

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

 Ավրորան

Միջոցառման մեկնարկից շաբաթներ առաջ Երևանի կենտրոնում բազմաթիվ գովազդային վահանակներ էին ի հայտ եկել, որոնց վրա պատկերված էին օտար, հասարակ մարդկանց պատկերներ: Լուսանկարներն ուղեկցվում էին տեքստով. «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»: Առեղծվածային «գովազդի» հետքերով գնալիս պարզ է դառնում, որ Ավրորան 1901 թվականին ծնված հայ կին է: Նա 1915-ի վայրագությունների ժամանակ կորցրել է ընտանիքը, փրկության ճանապարհ է բռնել դեպի ԱՄՆ-ն, որտեղ գրել է «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» գիրքը: Գրքի հիման վրա 1918 թվականին Ավրորայի նախաձեռնությամբ նկարահանվել է Մեծ Եղեռնի մասին առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդը»: Համր ֆիլմում Ավրորան գլխավոր դերն է կատարել՝ ներկայացնելով իր կյանքի և ժողովրդի ողբերգությունը: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի հարյուրից ավելի քաղաքներում, Ավրորա Մարտիկանյանի կենսագրությունը վաճառվել է մի քանի հարյուր հազար օրինակով: Ավրորան 1915 թվականի ոճրագործությունների, գոյատևման և պայքարի խորհրդանիշն է: Ֆիլմի հաջողությունից հետո մեծ դրամահավաք է կազմակերպվել, այդ տարիների համար հսկայական՝ 30 միլիոն դոլար գումար է հավաքվել, որն ուղղվել է Մերձավոր Արևելքի 60000 որբերին օժանդակելուն:

avrorra1

 Միջոցառումը

  • 100 LIVES» նախաձեռնության և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներ են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: Նախաձեռնությունը երախտագիտություն է դրսևորում այն անհատների և կազմակերպությունների հանդեպ, ում հերոսական քայլերը պահպանել են հայերի կյանքը ցեղասպանության տարիներին: «Ավրորայի մրցանակը» մինչ այժմ Հայոց Ցեղասպանության մասին աշխարհին հասանելի դարձնելու, ճանաչմանն ուղղված աննախադեպ քայլ է: Միջոցառման ընդհանուր տրամադրվածությունը կառուցված է ոչ թե «դրոշ վառելու», ցասումնալից ելույթների կամ միջազգային հանրությանն ուղղված կոչերի, այլ՝ մարդասիրության, բարյացկամության և սիրո շուրջ:

Հանդիսավոր երեկոյի ժամանակ կազմակերպիչներից Վարդան Գրեգորյանը խոստովանեց, որ տպավորված է մրցանակի շնորհման առաջին իսկ տարում ստացած հայտերի քանակից: Ընդհանուր առմամբ եղել է 186 առաջադրում աշխարհի 27 երկրներից: Առաջադրումները ուսումնասիրելու համար կազմվել է ընտրական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, ինչպես նաև օսկարակիր դերասան ու մարդասիրական ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած անձինք են, ում միավորում է իրենց նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին:

 Հերոսները

Ընտրական հանձնաժողովի որոշմամբ եզրափակիչ փուլ էինն անցել 4 հավակնորդներ՝ Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Դափնեկիրը ստանալու էր 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և ամենակարևորը՝ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան, 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած թվով մինչև 3 կազմակերպություններին։

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին կարճամետրաժ ֆիլմեր՝ հավակնորդների գործունեության մասին, որոնք ազդու ձևով նկարագրում էին նրանց ծանր պայքարը: Այս խիզախ մարդիկ դեմ են դուրս եկել ընդհանուր անարդարությանը, օգնության ձեռք են մեկնել հազարավոր մարդկանց՝ վտանգելով իրենց կյանքը: Օրինակ՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան իր թիմով Սուդան է տեղափոխվել 2008 թվականին, երբ երկրում խաղաղ դրություն է եղել: 2011 թվականին Սուդանում քաղաքացիական պատերազմ է սկսվել, նրա անձնակազմը լքել է երկիրը, իսկ ինքը մնացել է: Քաթինան Սուդանի հարավի Նուբա լեռներում, 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որը չափերով հավասար է Ավստրիային, միակ վիրաբույժն է: Բժիշկը գրեթե չի լքում իր հիվանդանոցը, որի հարակից տարածքները բազմիցս ռմբակոծվում են: Քաթինան ասում է, որ եթե իրենք իրենց միսիոներ են կոչում, իրավունք չունեն դժվար ժամանակներում թողնել ու հեռանալ: Ուշագրավ է, որ 4 հավակնորդներից միայն բժիշկ Քաթինան չէր ժամանել Երևան՝ պատճառ բերելով աշխատանքային ծանր գրաֆիկը:

avrora3

 

Ընտրողն ու կազմակերպիչը

Միջոցառման եզրափակիչ փուլում ընտրող հանձնաժողովի նախագահ Ջորջ Քլունին կարևորեց կազմակերպիչների աշխատանքը.

Այն ինչ դուք արել և անում եք՝ բացառիկ է: Ճիշտ գործ է, և եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով:Հայաստանը կար Ցեղասպանություն բառի արտաբերումից շատ տարիներ առաջ: Թեև Ցեղասպանություն բառը չէր ներմուծվել մեր բառապաշար, բայց բոլորը շատ լավ գիտեին դրա բնութագրիչների մասին: Հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը: Հայ ժողովրդի հետ դա սկսեց կատարվել 101 տարի առաջ: Այսօր ևս աշխարհի տարբեր անկյուններում դեռ առկա են ցեղասպանության շարունակական կրկնություններ. Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա… մենք տեսել ենք մարդկանց կոտրված մարմիններ, սրտեր, ընտանիքներ: Տեսել ենք, թե մարդն իր վատթարագույն դրսևորումներում ինչի է ունակ:Սակայն ես տեսել եմ նաև մի բան, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Տեսել եմ խիզախություն և բարություն, սիրո աներեևակայելի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրանց լավագույն օրինակները: Մեր հավակնորդները չեն սովորել ինչ – որ հերոսական դպրոցում: Նրանք սովորական մարդիկ են, որոնք տեսել են կարիքն ու արձագանքել դրան, քայլ կատարել:Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերն իր ելույթներից մեկում ասել է՝ ո՞վ է այսօր հիշում հայերին: Դրա պատասխանն է՝ ամբողջ աշխարհը»:

Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ միջոցառման անցկացումը Երևանում եղել է կազմակերպիչների երազանքը.

«Ես այսօր կանգնած եմ այս բեմում, քանի որ տարիներ առաջ անծանոթը փրկել է իմ պապի կյանքը, ով հայտնվել է որբանոցում: Ինձ համար շատ զգացմունքային օր է, դժվարությամբ եմ խոսում: Սա Նուբարի, Վարդանի և իմ երազանքն էր՝ այս մրցանակը կյանքի կոչել Հայաստանում, որովհետև ես հավատում եմ՝ մենք այն ազգն ենք, որը գիտի թե որքան ցավալի է տառապել ցեղասպանությունից, որքան ցավալի է կորցնել մեր երեխաներին Արցախում, որքան դժվար է շարունակել պատերազմել, երբ կողքդ չես տեսնում մարդկային վերաբերմունք: Ես այնքան երջանիկ եմ, որ Հայաստանի համար այս կարևոր օրը՝ ապրիլի 24-ին, մենք իսկապես պատվում ենք այն սխրանքները, որոնք փրկում են մարդկանց, ինչպես մեզ, 101 տարի առաջ»:

 Գլխավոր դափնեկիրը

Ի վերջո, երեկոյի գլխավոր դափնկեիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոց): Տոկուն ոգով կինը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել և խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։ Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ ինքը լավատես է, սիրաշատ և ատելություն չունի նույնիսկ Բուրունդիում վայրագություններ թույլ տվող նախագահի նկատմամբ: Նա արժանացավ 100,000 դոլար գրանտին և ևս մեկ միլիոն դոլարը իր նախընտրած բարեսիրական կազմակերպություններին փոխանցելու պատվին:

Քանի որ մրցանակաբաշխությունն առաջինն էր, կազմակերպիչները որոշեցին ձեռնունայն չթողնել եզրափակիչ փուլի մնացած երեք մասնակիցներին էլ: Նրանցից յուրաքանչյուրը ստացավ 25,000-ական ԱՄՆ դոլար:

Կազմակերպիչները վստահեցնում են, որ մրցանակի շնորհումը կլինի շարունակական և ամեն տարի կանցկացվի Հայաստանում:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register