7 ՀԱՐՑ. ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

6

 Խորագրի հյուրն է պատմաբանասեր, թարգմանիչ, արձակագիր Արծվի Բախչինյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Լոռվա Արդվի գյուղը, որի եկեղեցու բակում հանգչում են համաշխարհային կինոյի լեգենդ Ռուբեն Մամուլյանի մայրական տատն ու պապը։ Այսօր այդ մասին ոմանք գիտեն, բայց առաջին անգամ լինելով այնտեղ 2001-ին, կարող եմ ասել, ես բացահայտեցի դա…

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Քաղաքի կենտրոնը խճողած նորակառույց անճոռնի բնակելի շինությունները, որոնցում հազիվ երկու-երեք լույս է վառվում… Հեռու և մոտիկ անցյալի քանդված շինությունների հիշատակը… Ամեն անգամ անասելի նյարդայնանում եմ՝ դիտելով այն բարձունքը, որտեղ առաջ խորհրդահայ մոդեռն ճարտարապետության նմուշ Երիտասարդության պալատն էր, որտեղ հաճախում էի լողավազան…

-Հենրիկ Մխիթարյանից, դուդուկ-ծիրան-խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Շատ բան։ Սկսենք ամենահնից՝ Էրեբունի ամրոցից։ Աշխարհում քանի՞ նմանատիպ կառույց կա, որը, սակայն, թողել ենք բախտի քմահաճույքին,որի հազվագյուտ որմնանկարները ոչնչանում են մեր աչքի առաջ։ Մեր ավանդական պարերը և առաջին հերթին՝ ռազմապարերը։ Մեր գիտական մի՜տքը։ Եվ այլն…

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», ինչպես նաև՝ իր ողջ գրականությունը։ Նրա շնորհիվ ես սկսեցի այլ աչքով նայել իմ երկրին, ժողովրդին ու մշակույթին, աշխարհն ու իրերը կարծես տեսնել նրա պես՝ արարատյան բարձունքից։ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», որ կարդացել եմ երկու անգամ՝ բնագրով և Կարպիս Սուրենյանի հոյակերտ թարգմանությամբ։ Այդ հանճարի՝ աշխարհը կատարյալ տեսնելու փափագն ու մարդկության ցավերին անտարբեր չմնալը, կարծում եմ, գրականության միջոցով ինձ հասած ամենահզոր ուղերձներն են։ Իսկ երրորդ գիրքը… դեռ չեմ կարդացել։ Շարունակում եմ մնալ երդվյալ ընթերցասեր, ինչն էլ անընդհատ ազդում է իմ աշխարհընկալման վրա…

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Առանց նման մարդկանց անհնար կլիներ ապրել։ Կան մարդիկ, որոնք գույն, համուհոտ են տալիս Երևանին։ Իմ ազգականուհի Մարիամ Երիցյանը, որի հետ սիրում եմ հաճախել մշակութային միջոցառումների։ Իմ լավ բարեկամ Օշին Եղիազարյանցը՝ ճարտարապետ, արվեստի հավաքորդ, որի հետ ամեն հանդիպում տոն է։ Պարադոքսալ կթվա, բայց այդպիսին է նաև Մհեր Ենոքյանը, որը չնայած քսան տարուց ավելի է գտնվում է բանտում, սակայն ամեն անգամ ողջերի աշխարհում գտնվողների հետ շփվելիս միմիայն դրական լիցքեր է փոխանցում։

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Նոր շենքեր հաստատ չէի կառուցի, կստեղծեի զբոսայգիներ ու նորանոր կանաչ գոտիներ։ Քաղցկեղի տարածվածությամբ աշխարհում առաջին «պատվավոր» հորիզոնականում ենք, դրա պատճառներից մեկը մի՞թե անապատացող քաղաքում ապրելը չէ, որտեղ թթվածինը գնալով պակասում է՝ բառի ուղղակի և անուղղակի իմաստներով։

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Մեր անկախության վերաբերյալ ունեցած խիստ վերապահումներով հանդերձ կպատասխանեմ՝ Հայաստանի հանրապետության անձնագիրը…

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register