ԱՐՔԱՅԱՆԱՐԻՆՋԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ

berq

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում «Խաղաղության այգի» է հիմնվելու: Հայկական Բերքաբեր և ադրբեջանական Մըզըմ գյուղերն իրարից բաժանող Ջողազի ջրամբարի հայկական կողմում  արքայանարնջի 300 ծառ է տնկվելու, որից ստացված բերքն էլ հանձնվելու է գյուղում կառուցվող չրի գործարանին:

Այգու աշխատանքներում Բերքաբերից 2 ընտանիք է մասնակցում: Հիմա այգին մոտ 0.5 հա տարածք է ընդգրկում: Ժամանակի ընթացքում, երբ տարածքն ընդլայնվի, դրանում աշխատող մարդկանց թիվը նույնպես կավելանա»,- ասում է Ջորջ Տաբակյանը, ում և պատկանում է «Խաղաղության այգու» հիմնման գաղափարը:

Ջորջը նշում է՝ Հայաստանում որպես արքայանարնջի «հայրենիք» հայտնի են միայն Մեղրին ու Բագրատաշենը, մինչդեռ Բերքաբերում ևս բնակլիմայական պայմանները նպաստավոր են այդ մրգի աճեցման համար: Խորհրդային միության տարիներին այստեղ արքայանարնջի այգիներ են եղել: Նախկինում եղած բարի ավանդույթների վերականգնման համար է նաև Ջորջի ընտրությունը կանգ առել Բերքաբերի վրա:  Թե տարիներ անց որքան բերք կստացվի, Ջորջը հիմա դժվարանում է ասել, բայց համոզված է՝ դրանից պատրաստված չրի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

«Խաղաղության այգում» յուրաքանչյուր ծառ անվանակոչվելու է Հայաստանի անվտանգության պահպանման հարցում կարևոր դերակատարություն ունեցած հասարակական-քաղաքական գործիչների անուններով: Առաջին ծառը կրելու է «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից Շահան Նաթալիի անունը:

Սահմանամերձ Բերքաբերում հաճախադեպ հնչող կրակոցները խաղաղությունն ամեն օր վերագնահատելու պատճառ են դառնում: Այստեղ խաղաղությունը վերացական հասկացություն չէ, այլ ապրելու, արարելու, ծառ տնկելու, որդիներ ունենալու ձգտում-երազանք:

«Շատերն այսօր խաղաղությունը կապում են տարածքային զիջումների հետ, մինչդեռ դա ոչ թե խաղաղություն կհաստատի, այլ նոր պատերազմի սկիզբ կդառնա,- ասում է Ջորջն ու հավելում,- խաղաղության հաստատման համար 2 տարբերակ կա՝ կամ կողմերը պետք է բանակցեն ու հասկանան, որ այս պատերազմից օգուտ չկա ու ժամանակն է խաղաղություն հաստատել,կամ պետք է խաղաղությունը պարտադրվի, ինչն այսօր ունենք»:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով: Ջորջը հույս ունի, որ «Խաղաղության այգու» հիմնումը կաթիլ-կաթիլ մոտեցնելու է բաղձալի խաղաղության հաստատմանը, իսկ նախկինում հնչած կրակոցները մոռացվելու են՝ ինչպես երբևէ տեսած վատ երազը:

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register