«ARMPHONE». ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ

  • «ARMPHONE». ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
  • «ARMPHONE». ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
  • «ARMPHONE». ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
  • «ARMPHONE». ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիան երկու շաբաթ առաջ սկսեց «Արմֆոն» («Armphone») սմարթֆոնների արտադրությունը: Սմարթֆոնը, չնայած հեռախոսների շուկայի գերհագեցվածությանը, այդ կարճ ժամկետում հասցրեց բավական հայտնի դառնալ հայերի շրջանում և ոչ միայն: Իսկ հեռախոսի կորպուսի վրա գրված «Made in Armenia» արտահայտությունը ի լուր աշխարհի ազդարարում է, որ այն արտադրվելէ Հայաստանում, հայերի կողմից: «Արմֆոնի» ստեղծման, վաճառքի և նրա հետ կապված ապագա ծրագրերի մասին «Ճամփորդ»-ը զրուցել է «Թի-Էս-Դի» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանի հետ:

– Պարոն Գալստյան, ինչպե՞ս ծնվեց հայկական սմարթֆոն արտադրելու միտքը։

– Միտքը կար վաղուց և այդ անունը մենք շուտ էինք մտածել: Երբ «Armtab» առաջին հայկական պլանշետները մտան շուկա, մենք այդ ժամանակ արդեն գրանցեցինք «Armtab» և «Armphone» ապրանքանիշերը: Այն ժամանակ արդեն գաղափարը կար, որ կարելի է նաև նման ռիսկի գնալ։ Խնդիրը սա է. Պլանշետների շուկայում մենք գտանք մի տարածք, որտեղ փորձեցինք մեր առավելությունը տեղավորել: Օրինակ, եթե դուք կորպորատիվ պատվիրատու եք, բայց չեք ուզում գնել այն ապրանքը որը խանութում է և թանկ է, որովհետև նրա ֆունկցիաները և հատկանիշները միգուցե ավելին են, քան ձեզ պետք են, բայց որևէ մեծ արտադրող ձեր համար չի արտադրի այն,ինչը ձեզ պետք է, որովհետև այնտեղ խոսքը գնում է տասնյակ հազարների հասնող քանակի մասին, մենք փորձեցինք դա անել ավելի փոքր խմբաքանակների համար և հաջողվեց:Դրանք մատակարար ընկերություններ էին, հյուրանոցային համալիրներ, հիվանդանոցներ, կրթական հաստատություններ: Այդ մոդելը հեռախոսների համար, իհարկե, այդքան էլ կիրառելի չէ։ Երբ մենք սկսեցինք միջին չափի սարքեր նախագծել, միտք առաջացավ, որ նաև կարելի է գնալ հեռախոսի ոլորտ: Իրականում աշխարհում միտումն այնպիսին է, որ հեռախոսների չափերը սկսեցին մեծանալ, պլանշետներինը՝ փոքրանալ, և այդ միտումը մեզ թելադրեց, որ մենք պիտի փորձենք պատրաստվել նաև այդ խնդիրներին: Այսինքն նպատակը բուն հեռախոսը չէր, այլ տեխնոլոգիական փոփոխություններին արձագանքելը:

– Այս պահի դրությամբ ինչպիսի՞ն են վաճառքի ծավալները,գոհացնո՞ւմ են ձեզ։

– Իհարկե գոհացնում են: Մեր սցենարները մի փոքր ավելի թույլ էին, վատատեսական էին, քան իրականությունը: «Արմֆոնը» իրականում գերազանցեց մեր ակնկալքիները: Ինչ-որ գործոններ համընկան, որոշակի երևույթներ, բնականաբար, մենք հաշվարկել էինք, բայց բաներ կային, որ նպաստեցին այդ բումին: Իրականում մեր մասին շատ են խոսում։ Կա և՛ դրականը, և՛, բնականաբար, որոշակի բացասական կարծիքներ: Բայց իմ մոտեցումը այսպիսին է. եթե քո մասին ինչ-որ բան ասում են, ուրեմն դու ինչ-որ արժեք ներկայացնում ես:

– Արտահանման հետ կապված ծրագրեր ունե՞ք։

–  Իհարկե: Արդեն բանակցություններ ընթանում են, աշխարհագությունը շատ լայն է: Իհարկե առաջին արձագանքը եղավ Սփյուռքի գործարարներից: Ամեն օր ստանում ենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր առաջարկներ: Երկուշաբթի կլրանա հեռախոսի արտադրման 14-րդ օրը (հարցազրույցը արվել է հունիսի17-ին – Ս.Ս.), այսինքն երկու շաբաթ է, որ մենք մտել ենք շուկա, ու իմ նախնական հաշվարկներով երեքշաբթի մենք արդեն կսպառենք մեր ողջ խմբաքանակը, որը նախատեսում էինք մոտավորապես 2 ամսվա համար:

– ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում հեռախոս արտադրելու նման նախադեպ կա՞։

– Ռուսաստանը փորձ արել է, իհարկե նրանց հավաքման գործարանը եղել է Չինաստանում: Անդրկովկասում այս առումով միանշանակ առաջինն ենք:

– Հայտնի է, որ հեռախոսը հավաքվում է Հայաստանում, իսկ հեռախոսի պահեստամասերը ներկրվում են դրսից…

– Բնականաբար ոչ: – Հնարավո՞ր է, որ ապագայում պահեստամասերն էլ Հայաստանում արտադրվեն: – Դա տնտեսապես ճիշտ չէ: Դա թանկ հաճույք է: Մեծ պետությունները, նույնիսկ մեծ շուկաները, մեծ տնտեսությունները նման քայլի չեն գնում: Անգամ մեզ հայտնի բրենդները, նույն ԱՄՆ-ն, նույն Ռուսաստանը միևնույն է օգտագործում են Չինաստանը, Հոնկոնգը, Թայվանը:

– Մերն է՞լ է Չինաստանից գալիս։

– Ոչ միայն: Մեր աշխարհագրությունը նաև ներառում է Կորեան, Ճապոնիան, Հոնկոնգը և Չինաստանը: Սակայն պետք է նշել, որ մեր աշխատակիցները միայն հավաքող աշխատակիցներ չեն: Նրանք նաև մտածող են, ստեղծագործող են, այսինքն բազմաֆունկցիոնալ են և արդեն մեկ տարի է, ինչ անցնում են տարբեր ուսուցման դասընթացներ՝ ծրագրային ապահովման ուսուցում, Hardware-ի դասընթացներ, կապի տեխնոլոգիաների մասին դասընթացներ, անգամ անգլերենի դասընթացներ ենք կազմակերպում։ Այսինքն մեզ պետք չեն զուտ մեխանիկական գործ անողներ, մեզ պետք են մտածող մարդիկ, որոնք փոփոխություն կբերեն, որովհետև եթե այսօր այս սարքը իրենք հասկանում, պատկերացնում են մինչև ուղնուծուծը, վաղն արդեն իրենք կնախագծեն ավելի հետաքրքիր սարք: ժամանակի հետ քայլելու խնդիրն է այստեղ կարևոր, այլ ոչ թե նախագծելը, բերելը, հավաքելը և վաճառելը: Ամբողջ բիզնեսի 10-15 տոկոսն է բաժին ընկնում սարքերին: Մնացածը նոր գաղափարների, նոր startup-երի (գործընթացի սկիզբ – Ս.Ս.) ստեղծումն է: Օրինակ, այսօր Ճարտարագիտական համալսարանից մոտ 50-60 ուսանողներ էին եկել այստեղ: Մենք միջավայր ենք փորձում փոխել:

– Անվանման մասին. ինչո՞ւ հենց «Armphone» բառը ընտրվեց: Մի՞թե «Made in Armenia»-ն բավարար չէ, որպեսզի ցանկացած գնորդ անմիջապես հասկանա, որ հեռախոսը հայկական արտադրության է և կարիք չլինի անվան մեջ լրացուցիչ«Arm» բաղադրիչն օգտագործել:

– Անկեղծ ասած ես միացել եմ թիմին, երբ անունը արդեն ստեղծված էր։ Ուղղակի «Armtab»-ը արդեն ընդունվել էր և որպես անալոգ օգտագործվեց «Armphone»-ը: Բայց դա չի բացառում, որ տարբեր երկրներում, տարբեր շուկաներում այլ անվանումներով ներկայանալու հնարավորությունը:
– Ձեր դիտարկմամբ՝ արտաքին շուկայի համար «Armphone» բառը խոչընդոտ չէ՞, որը կարող է նեղացնել գնորդների սեգմենտը և հեռախոսը դարձնել, օրինակ, միայն սփյուռքահայերին հետաքրքրող զուտ հայկական երևույթ։

– Դե, երկար ժամկետի առումով հնարավոր է, այդ պատճառով էլ չի բացառվում, որ այլ շուկաներում սփյուռքի մեր գործընկերները կամ այլ գործընկերներ մեզ հուշեն, որ, օրինակ, այս տարածաշրջանում այս կամ այն անվանումն ավելի նախընտրելի է: Մենք խնդիր չենք տեսնում այլ անվանումներով հանդես գալու:
– Ընդլայնվելու ծրագրեր կա՞ն. պլանշետ արդեն եղել է, հեռախոս կա, մոտ ապագայում գուցե համակարգիչ կամ որևէ ա՞յլ սարք սկսեք արտադրել։
– Մոտ 20-25 տեսակի սարքեր կան, որոնք մենք այսօր կարող ենք հավաքել: Նման հնարավորությունը մենք չենք բացառում:Համակարգիչներ, հեռուստացույցներ,ամեն ինչ հնարավոր է, ուղղակի այստեղ առաջնայինը պատվերի խնդիրն է: Պետք է պատվերը տնտեսապես շահավետ լինի, որովհետև այն շուկայում, որտեղից մենք ձեռք ենք բերում պահեստամասեր կամ ենթամասեր, գործարքները սկսում են 3000- 5000 միավորից ավել պատվերից: Օրինակ, եթե մենք պետք է գնենք «Sony» տեսախցիկ, այն արտադրող ձեռնարկությունը պատվերը սկսում է 3000 հատից: Հիմա որքանո՞վ է տնտեսապես նպատակահարմար, որ մենք 3000 հատ տեսախցիկ առնենք, բերենք, հետո 100 հատ սարք արտադրենք ու վաճառենք: Չի աշխատի բիզնեսը այդպես:

– Այսինքն հեռախոսը արտադրելուց եղել է նաև որոշակի ռիսկ, քանի որ վաճառքի վատ ցուցանիշների դեպքում կլիներ ձախողում:
– Ռիսկ կար, իհարկե: Մեր մարքեթինգային թիմը որոշակի հաշվարկներ և վերլուծություններ արեց: Մի կողմից հեռախոսների շուկան շատ գերհագեցած է, մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում ներկրված հեռախոսների քանակը 6 տարվա ընթացքում շատ քիչ է փոխվել: Բացի այդ ենթադրություն կա, որ այդ պաշտոնական տվյալներին զուգահեռ բացի ներկրումից առանձին մարդիկ արտասահմանից գնում են հեռախոս,մեկը բերում է ընկերոջ համար, մեկը՝ հարազատի,մեկը 3 հատ է գնում, մեկը՝ 4 հատ: Այդ ամենը, բնականաբար, պաշտոնական վիճակագրությունում որևէ կերպ չի արտացոլվում: Այդ պատկերը վերլուծելով ու հասկանալով, թե մոտավորապես ինչքան հեռախոս է վաճառվում Հայաստանում տարեկան, ամսական և օրական կտրվածքներով, մենք հասկացանք, որ ունենք այդ շուկայի որոշակի հատվածում տեղավորվելու հնարավորություն, որպեսզի կարողանանք առաջին փուլում ռիսկերը հասցնել նվազագույնի:

– Ըստ ձեզ, «Արմֆոնը» գնում են ավելի շատ հայրենասիրական մղումներից ելնելո՞վ, թե՞ նրա տեխնոլոգիական հնարավորությունները հաշվի առնելով ու հասկանալով, որ այն չի զիջում իր մրցակիցներին:
– Երկու գործոնն էլ կա և մենք փորձել ենք մոդելները ընտրել այնպես,որ նախագծելիս հաշվի առնվեն բոլոր շերտերի շահերը։ Բայց պետք է նաև փաստեմ, որ եթե զուտ հայրենասիրական գործոնը լիներ, ապա առաջինը կսպառվեր ամենաէժան մոդելը, բայց իրականում եղավ հակառակը: Մենք 3 օրում սպառեցինք ամենաթանկ մոդելը, այսինքն աշխատեց «և՛…և՛ » տարբերակը, երբ «Պատրաստված է Հայաստանում» գործոնից բացի կարևորվեց նաև լավ հեռախոս ունենալու հանգամանքը: Եվ մենք փորձել ենք մեր առաջատար մոդելների դեպքում այդ երկուսը համադրել: Բնականաբար, չենք տառապում ինքնագոհությամբ։ Մեզ համար պարզ է, որ խնդիրներ լինելու են, որովհետև դա առաջին արտադրանքն է և մեզ համար կարևոր է հենց օգտագործողների արձագանքը, որը շատ դեպքերում կարող է լինել էմոցիոնալ, բայց, միևնույն է, կարևոր է, որովհետև ինչքան էլ դու վերլուծես, մինչև պրակտիկ շուկայում չգործես, չես կարող զգալ:

– Գնորդների մեջ արտասահմանցիներ լինո՞ւմ են։
– Արտասահմանցիներ միանշանակ եղել են ։ Իհարկե, էլի հայկական գործոնն իր դերը խաղացել է, այսինքն նրանց հայ ընկերը կամ կոլեգան են ուղեկցել արտասահմանյան գնորդին, որովհետև նա չգիտեր, թե ինչպես և որտեղից գտներ «Արմֆոնը»: Եղել է տուրիստ, որը իմացել է հեռախոսի մասին, ցանկացել է գնել, և նրան իր հայ ընկերը կամ թարգմանիչը օգնել է,որպեսզի գտնի: Նույնիսկ մարդիկ են եղել,որոնք գնելու համար հասել են «Թի-Էս-Դի»-ի գրասենյակ:

– Ո՞րն է եղել ամենալուրջ քննադատությունը, որի շտկման ուղղությամբ այժմ աշխատում եք։

– Ամենալուրջ քննադատությունը կապված էր նրա հետ, թե ինչու են ենթամասերը արտերկրից։ Իհարկե հնչում է Չինաստան բառը, բայց միայն Չինաստանի հետ չէ, որ աշխատում ենք, նշեցի, որ մեր աշխարհագրությունն ավելի լայն է, բայց բոլորն էլ գիտեն, որ ողջ աշխարհի արտադրական կարողությունների մեծ տոկոսը կենտրոնացված է այդ տարածաշրջանում։ Դա տնտեսապես նպատակահարմար է։ Այդ տեխնոլոգիաները մեզ մոտ ներդնելու համար պետք են միլիոնավոր դոլարներ։ Արդյո՞ք դա նպատակահարմար է։

– Այսինքն, այդ քննադատությունը անտեղյակությունի՞ց է։
– Այո, անտեղյակությունից է, քանի որ արտադրական սխեման պարզ չէ նրանց համար։ Ես երբեմն հայտնի բրենդների հեռախոսներ օգտագործողներին նման արձագանքի ժամանակ ասում եմ՝ «Պտտեք և կտեսնեք, որ ձեր հեռախոսի հետևի մասում, իհարկե, մանրատառերով գրված է՝ «Made in China», այնինչ դրա վրա որևէ մեկը ուշադրություն չի դարձնում։ Իրականում «Made in China»-ի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետև նույնիսկ ԱՄՆ-ի բուտիկներում բոլոր բրենդների վրա գրված է «Made in China»,«Made in Guatemala», «Made in Indonezi»:

-Ի դեպ, յուրաքանչյուր ապրանքանիշի վաճառքը մեծապես կախված է գովազդից, բայց «Armphone»-ի դեպքում մենք կարծես գովազդ չենք տեսել։
– Մեր շեշտադրումը հիմնականում եղավ սոցիալական մեդիայի վրա։ Շատ փոքր բյուջետային մարքեթինգ արեցինք։ Մենք փորձեցինք մեր ցանցն օգտագործել, մեր ընկերներին, մեր գործընկերներին, մեր անձնական կապերը, որի միջոցով ինֆորմացիան բավականին լայն տարածում ստացավ։

– Գիտենք, որ ձեր ընկերությունը 120-ից ավել աշխատակից ունի։Կոնկրետ «Armphone»-ի վրա նրանցից քանի՞սն են աշխատում։
– Բոլորը ինչ-որ մաս ունեցել են։ Մուլտիմեդիայի թիմը աշխատել է «Պարունակ» և «Սայաթ -Նովա» հավելվածների վրա, դիզայներական խումբն աշխատել է, երաժիշտները աշխատել են, ինժեներական խումբը, ծրագրավորման ապահովման և Hardware-ի խումբը մասնակցել են նախագծումներին, գիտահետազոտական խումբը արել է իր հետազոտական աշխատանքը, նշելով, թե որ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել:Հավաքման արտադրամասում աշխատում են հավաքող ինժեներները, թեստավորողները թեստավորել են մինչև ապրանքը շուկա բաց թողնելը, փաթեթավորող խումբը և այլն, մի խոսքով, բոլորը։

Սարգիս Սուքիասյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register