ԱՐԵՎՈՐԴԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Գլխավոր

Փոքր գյուղ, մեծ ժայռեր, քարքարոտ ճամփա, բնությունը սիրող մարդիկ՝ արշավականի ոգով, ամուր կեդերով, արևապաշտպան քսուկով, կամքի ուժը փորձարկելու, նոր բան սովորելու պատրաստակամությամբ, բնության հետ առերեսվելու, սարերի հետ զրուցելու, այս պայմաններում ամենօրյա ռեժիմով կյանք կառուցող գյուղացիների հետ շփվելու և էլի, էլի, էլի լիքը հնարավորություններ էր ստեղծվել «Արևորդի» բնապահպանական միջազգային 8-րդ փառատոնի ընթացքում:

01

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի(FPWC) կողմից կազմակերպված փառատոնն տեղի էր ունենում Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում, որը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա: Փառատոնն առաջին անգամ էր անցկացվում Երևանից դուրս: Եռօրյա վրանային ճամբար էր բացվել գյուղի դպրոցի հարևանությամբ, պարբերաբար տեղի էին ունենում աշխատարաններ(workshop), օրինակ՝ նկարչության, փայտագործության, պլաստմասի վերամշակման, էկո գյուղի նախագծման, գյուղական տուրիզմի զարգմացման և այլն: Փառատոնի հիմնական մեխը, սակայն, ֆիլմերի ցուցադրությունն էր՝ օրական երկու անգամ: Օրակարգում էր՝ վայրի բնության ֆիլմերի միջազգային մրցույթ, բնապահպանական ֆիլմերի միջազգային մրցույթ, ինչպես նաև՝ երիտասարդական և մանկապատանեկան ֆիլմերի ծրագիր։

02

Օրն անցկացնելու համար ծրագիրը բավական հագեցած էր, հնարավոր էր գյուղացիների տանը մասնակցել մեղրաքամի, միասին պանիր պատրաստել կամ սովորել-օգնել խոտ հնձել: Ինֆո տնակների հարևանությամբ կարելի էր հեծանիվ վարձակալել, ձիավարման ձիերով փորձել ժայռամագլցել, առավոտյան մարզվել թայծի-ցիգունի(մարտարվեստի տեսակ) մարզչի օգնությամբ կամ յոգայով զբաղվել կամ պարզապես պառկել գամակին:

03

Այնուհանդերձ ուշագրավ էր, թե ինչպես էին փառատոնի կազմակերպիչները խրախուսում և ողջունում մասնակիցների  ինքնակազմակերպումը: Կար նախապես ներկայացված օրակարգ, բայց տեղում կարող էիր ծանոթ-անծանոթ մարդկանց հետ իրագործել հանպատրաստից եկած մտքերը: Հատկապես՝ արշավների դեպքում… ուզո՞ւմ ես գնալ Սև Ժայռ, խնդրեմ, նշիր անուն-ազգանուն, հեռախոսի համար և բարի ճանապարհ: Սմբատաբե՞րդ, Վարդասա՞ր, Սպիտակավո՞ր, թաքնված ջրվե՞ժ… բոլորովին պարտադիր չէր, որ արշավական մեծ խումբ ձևավորվեր, հնարավոր էր 2-3-4 հոգով գնալ: Հարց է առաջանում, թե ի՞նչն է ուշագրավ. հենց տարածքը և վայրի բնությունը: Վարդահովիտի շրջակայքի սարերում կան արջեր, գայլեր, թունավոր օձեր, աղվեսներ և այլ հաճելի կենդանիներ: Բարեբախտաբար որևէ մեկը չվնասվեց:

Ինչ վերաբերվում է թերություններին, ապա հենց Երևանից, հենց Հանրապետության հրապարակից շարժվելու պահից նկատեցինք խնդիրներ, որոնք, հույս ունենք, հաջորդ անգամ կլուծվեն:

1) Ծրագրով` Երևան-Վարդահովիտ անվճար տրանսպորտը շարժվելու էր 9.00-ին, բայց շաբաթ առավոտյան` հուլիսի 21-ին, շարժվեց միայն 9:50-ին: Ճանապարհին երկու մեծ դադար եղավ կարճ տարածության վրա… այս ամենի արդյունքում Վարդահովիտ հասանք 11:30-ի փոխարեն` 13:10: Օրը «ճաշ» էր դարձել, իսկ արշավախմբերը մեկնել էին արդեն:

2) Նախապես նշվել էր, որ Վարդահովիտի կենտրոնում գործելու է սննդի կետ, բայց շաբաթ երեկոյան և ողջ կիրակի օրվա ընթացքում հասկանալի չէր, թե բացի խորովածի վաճառքից(որը գյուղացիներից մեկն էր կազմակերպել) և տարածքում վաճառվող մրգից բացի ուրիշ ինչով կարելի է սնվել: Փառատոնի կամավորները նշում էին, որ մի քանի տան հետ պայմանավորվել են վճարովի նախաճաշի, լանչի համար, սակայն որոշ մասնակիցների համար հոգեբանորեն դժվար էր հայկական օջախում, տնական սեղանից օգտվելուց հետո գումար վճարել:

04

3) Գյուղի կենտրոնում պարահրապարակ կար, բարձր երաժշտությունը շարունակվեց մինչև գիշերը 1:30:

4) Նախապես նշված ծրագրերից, աշխատարաններից մի քանսը չեղարկվեցին վերջին պահին: Ամենամեծ տարակուսանքն առաջացրեց զիփլայնի բացակայությունը:

 

«Ճամփորդը» հուլիսի 21-22-ին եղել է Վարդահովիտում: Առաջարկում ենք ծանոթանալ մեր ֆոտոշարքին: Նախապես ասենք, որ ներկայացված է եռօրյա հետաքրքիր փառատոնի և կազմակերպված միջոցառումների միայն մի մասը:

 

Երևանից-Վարդահովիտ ճանապարհին: Անցնում ենք Զանգագատուն գյուղի(Պարույր Սևակի ծննդավայրը) կողքով:

1

Հենց նոր ժամանած խումբը փորձում է ինֆո տնակում ճշտել առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: Շատերը տարակուսանքով են իմանում, որ 30 րոպե առաջ արշավախումբ է մեկնել Վարդասար(որտեղից բարենպաստ եղանակի դեպքում երևում է նաև Սևանա լիճը):

2

Հարևան շրջանների գյուղացիները անչափ համեղ հյուրասիրություն էին կազմակերպել գյուղի կենտրոնում: Իսկ այս ձմերուկը ձևավորվել է աշխատարաններից մեկի ժամանակ:

345

Մասնակիցները կարող էին մնալ իրենց հետ բերած վրաններում կամ վրան վարձակալել վրան և քնապարկ փառատոնի կազմակերպիչներից:

6

Փառատոնի առաջին օրը լենդ-արտի աշխատարաններից մեկի ընթացքում կազմված «փազլը»:

7

Նկարում պատկերված է, թե կոնկրետ առարկաները որքան ժամանակում են վերջնականապես տարալուծվում բնության մեջ: (Օրինակ` տակդիրները կամ պլաստիկների համար նման ժամկետ է 400-450 տարին): Երեխաները գունազարդում են թուղթը:

8

Խոտհունձի մասնակցելու ցանկություն ունեցող և արշավից վերադարձող աղջիկները ողջունում են միմյանց:

9

Գյուղացիներից` Արմենը, սովորեցրեց ինչպես աշխատել գերանդիով:

10

Վարդահովիտում գործում էին նաև էկո-տոնավաճառներ: Վայոց ձորի արհեստավորները ցուցադրում էի փայտե, կավե, գոբելենից, բատիկից գործերը։ Հնարավորություն կար տեղում տեսնել նրանց աշխատելիս, մասնակցել ու ձեռք բերել հմտություններ։

1112

Արտաբույնք գյուղի կարատեի խմբակի երեխաները ցուցադրական պարապունք էին անում Վարդահովիտում:

13

Հեռախոսների և այլ սարքերի լիցքավորման համար նման տախտակ կար:

14

Պլաստիկ տոպրակներից պատրաստված արջը և պատրաստման փուլում գտնվող ընձուղտը(պլաստիկ շշերից):

15

Մեկնում ենք մեր առաջին արշավին` դեպի Սմբատաբերդ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի(FPWC) ռեյնջերներից` Վարդանը, «Վիլիսով» մեզ տանում է մինչև Եղեգիս համայնք, որտեղից մենք պետք է ոտքով բարձրանանք: Այս արշավի մասին առանձին կպատմենք առաջիկայում:

16

Առավոտը ճամբարում:

1718

Աղբյուրի ջուրը ընդհատումներով է գալիս: Լվացվելու համար ջուրը նախ լցնում են շշի մեջ:

19

Առավոտյան մարզանք` թայծի-ցիգունի(մարտարվեստ) վարժություններով:

20

Առավոտյան նախաճաշ (վճարովի) գյուղացիներից մեկի տանը:

21

Վարդահովիտում փառատոնի անցկացման օրերին տարբեր տեղերում 4 աղբաման իրար կողք էին դրված: Կար` պլաստիկի, թղթի, ապակու և սնունդի համար նախատեսված աղբամաններ:

22

Վրանային ճամբարի հարևանությամբ և գյուղի կենտրոնական մասում տեղադրվել էին բիոզուգարաններ:

23

Մեկնում ենք արշավ` դեպի թաքնված ջրվեժ: Գյուղի վերջնամասում տեսնում ենք նաև փառատոնի առաջին օրը արվեստագետ Լուսինե Ղուկասյանի գրաֆիտիները:

2425

Մեր արշավն անցնում է Արփա-Սևան թունելի մուտքի մոտով:

26

Արևի հյուծող ընկերակցությունից հետո սառը ջուրը, ջրվեժը իսկական փրկություն են դառնում:

27

Փառատոնի վերջին ժամերն են: Երևան վերադառնալուց առաջ տեղի է ունենում փառատոնի ամփոփումը և մրցանակաբաշխությունը:

28

Որոշ մասնակիցներ այնքան հագեցած օր են ունեցել, որ ժամը 20.00-ին արդեն հանգած են:

29

Օրն ավարտվում է «Տիեզերք» խմբի ընտիր համերգով:

30

 

Հ.գ. Մրցանակակիր ֆիլմերի մասին պատմող կարճ հոլովակները կարող եք դիտել ստորև`

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register