ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ՝ ԱՌԱՆՑ ԷԼԵԿՏՐԻԿԻ

4

Երկնակամարում՝ ուղիղ մեր գլխավերևում դեգերող կլոր սկավառակը՝ լուսավորում է բոլորիս, ջերմացնում մեր սրտերը, տաքացնում մեզ ու մեր տան պատերը: Տասնյակ տարիներ շարունակ աշխարհում հաջողությամբ կիրառվում է արևային էներգիան էլեկտրական հոսանքի վերածելու փորձառությունը: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստացել արևային կայանների տեղադրումը: Յուրաքանչյուր տան, շենքի տանիքին, արևկող պատին հնարավոր է տեղադրել ֆոտովոլտային վահանակ և ստանալ հոսանք:

2016 թվականի մարտին ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատվեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված մի շատ կարևոր օրենսդրական փաթեթ: Այն ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ է տալիս մինչև 150 կՎտ հզորությամբ արևային կայաններ տեղադրել և առանց լիցենզիայի կամ լրացուցիչ հարկային պարտավորությունների էլեկտրաէներգիա մատակարարել էլ.ցանցին: Արևային կայանների տերերը էլ.ցանցին մատակարարած ավելցուկային էլեկտրաէներգիան տարվա կտրվածքով «հետ ստանալու» հնարավորություն են ստանում, իսկ տարվա կտրվածքով ավել մատակարարած էներգիան էլ.ցանցը պատրաստ է գնել ցերեկային մանրածախ սակագնի կես գնով:

Փաստորեն, այդ նորամուծությունը թույլ է տալիս մոռանալ թանկարժեք և 4-5 տարի մեկ փոխարինում պահանջող կուտակիչ մարտկոցների մասին: Տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը՝  տարվա կտրվածքով անվճար էլեկտրաէներգիա ունենալու հնարավորություն է ստեղծում: Կոպիտ ասած` ՀԷՑ-ն այս դեպքում դառնում է կուտակիչ մարտկոց:

Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կայացած «Արմենիա Էքսպո 2017» ցուցահանդեսին 6-7 ընկերություններ ցուցադրում ու վաճառում էին արևային ջրատաքացուցիչներ և հոսանքի պանելներ: «Ճամփորդը» ցուցահանդեսի ժամանակ զրուցել է շուկայի «հնաբնակներից» մեկի` «Շտիգեն» ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի գծով փորձագետ Հայկ Շեկյանի հետ:

 Արևային էներգիան` որպես «առաջամարտիկ»

Հայաստանը աղքատ է էներգետիկ այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են գազն ու նավթը: Ունենք ինդուստրիալ մշակման համար ոչ այնքան պիտանի քարածուխի որոշակի պաշար: Դրան հակառակ՝ բավական մեծ է Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսը: Այդ առումով առավել հայտնի է տարածում գտած հիդրոէներգետիկան, որը սկսել է զարգանալ 2000-ականների սկզբից` պետական քաղաքականության շնորհիվ: Եթե ճիշտ եմ հիշում, այս ընթացքում մոտ 200 փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ) են կառուցվել, որն այսօր մեր ընդհանուր էլեկտրաէներգիայի գեներացնող հզորությունների մոտ 30 տոկոսն է կազմում: Մյուսը՝ այսօր արդեն բնակչության բավական լայն շերտերում, բիզնեսում և պետական կառույցներում ճանաչում գտած արևային էներգետիկան է: Ըստ էության, այս պարագայում արևն է հանդես գալիս որպես ռեսուրս: Արևային էներգետիկայի պոտենցիալը շատ ավելի մեծ է, ավելին՝ քան նույնիսկ հիդրոէներգետիկայինը, պարզապես մինչև վերջերս այն չի եղել այդքան ընկալված ու ընդունված: Մյուս կողմից էլ` մինչև վերջերս, տեխնոլոգիաները համեմատաբար թանկ են եղել, շատերի համար ոչ այնքան հասանելի:

Վերջին 3-4 տարիների ընթացքում ռեսուրսը դարձել է առավել մատչելի` թե՛ «Շտիգենի» նման ընկերությունների, թե՛ տեխնոլոգիանների զարգացման և թե՛ ուղղորդված պետական քաղաքականության շնորհիվ: Երրորդը` հողմային էներգետիկան է: Հայաստանում այն նույնպես ունի պոտենցիալ, որը,սակայն, համադրելի չէ արևայինի հետ` թե՛ իր չափերով, թե՛ իր պրակտիկ կիրառելիության աստիճանով, թե՛ պահանջվող ներդրումների աստիճանով: Իհարկե, ես խոսում եմ ներկա տեխնոլոգիաները հաշվի առնելով»:

1

Մի բուռ հող, մեկ արև

Իհարկե, Հայաստանն այնքան էլ փոքր տարածք չէ և տարբեր անկյուններում եղանակային պայմանները տարբեր են: Հայաստանում եղանակային առումով մեծ բևեռացումներ կան, սակայն որպես ռեսուրս արևի առկայության իմաստով՝ բևեռային ցուցանիշները բավական մեղմ են: Օրինակ` Դիլիջանում, Նոյեմբերյանում արևն ավելի թույլ է, խոնավությունն ավելի բարձր է, սակայն նույնիսկ այդ պայմաններում` արևային էներգիան 30-40 տոկոսով բարձր է եվրոպական ցուցանիշից: Ամպամածության դեպքում էներգիայի քանակը պակասում է: Քիչ ստանում և բնականաբար քիչ էլ տալիս է:

Տարբեր չափումներ գոյություն ունեն. ընդհանուր առմամբ արևային միջին ռեսուրսը Հայաստանում, տարեկան՝ 1 քառակուսի մետր մակերեսով կայանի դեպքում տարվա կտրվածքով կազմում է 1700 կՎտ/ժամ արևային էներգիա: Լավագույնը Սևանի ավազանի տարածքում է, որտեղ այս ցուցանիշը հասնում է 2200 կՎտ/ժամ -ի: Որպեսզի մենք հստակ պատասխանենք կապանցուն, գյումրեցուն կամ մայրաքաղաքում ապրողներին, մենք մշակել ենք հատուկ ծրագիր մեր կայքում (shtigen.com): Ծրագիրը կոչվում է «արևային հաշվիչ»: Կարելի է տարբեր քաղաքների համար տեսնել, թե որքան է օրվա կտրվածքով մեկ 1 քառակուսի մետրի վրա արևային էներգիայի քանակը: Ներմուծել տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս ծախսվող գումարի չափը և հաշվարկել, թե որքան ժամանակից դուք հետ կբերեք ձեր գումարը, վարկի պայմանները և այլն»:

 

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register