ԱՐՑԱԽԻՑ  ՍԿՍՎՈՂ  ՀԱՅՐԵՆԻՔ

arixarabax

Արցախը Հայաստանի մի մասն է, անբաժանելի մասը. սա սովորաբար շեշտում ենք այսպես ասած՝ դրսի և հատկապես հակամարտող կողմի համար: Հայաստանում որևէ մեկին սա ասելու, առավել ևս ապացուցելու կարիք  չկա: Սակայն Արցախն ունի մի կարևոր առանձնահատկություն. ամեն հայ անպայման պետք է շնչի Արցախի օդը, այնտեղի երկնքի խորքերը նայի, անտառներով ու լեռներով,  գյուղ ու քաղաքներով շրջի, որ լիաթոք հասկանա՝ ինչ է Արցախը Հայաստանի համար: Արցախի ամենահեռավոր գյուղերում բնակվող գյուղացու ու մանկան հետ պետք է անպայման զրուցել ու ապշել, թե հայրենիք սիրելը որքան հստակ են բանաձևում այդ հողում ապրող մարդիկ: Ոնց են հող պահում առանց բարձրագոչ հայտարարությունների ու կուրծք  ծեծելու:

Մենք աշխատում ենք երևանյան մեր գրասենյակներում` առանց տեսնելու առաջնագծերը, առանց հանդիպելու մեր երկիրը պաշտպանող պարզ ու շիտակ մարդկանց, առանց տեսնելու շլացնող կանաչը և շնչելու լեռնային օդը, որ ներթափանցում է մարմնիդ ամեն մի բջիջ: Արցախ մտնելիս սրան  զուգահեռ քեզ պաշարում են նաև  զայրույթն ու դավաճանության զգացումը՝ պայմանավորված ուրիշների կողմից այդ հողը մերը չհամարելու հանգամանքով: Զգում ես նաև որոշակի նախանձ: Հասկանում, թե զարգացմանը միտված  ինչ քայլեր կձեռնարկեինք, եթե մեր գոյության ամեն մի հյուլեն նվիրված չլիներ ապրելու մեր իրավունքի պաշտպանությանը:

Ապրելով  Երևանում, մեզ թվում է, թե ապրում ենք: Արցախ ուղևորվելիս  ես միայն հասկանում, որ  «ձմեռային քնի» մեջ ես: Սրա գիտակցմանն ուղեկցող առաջին ախտանշանն անհանգստությունն է: Երկրորդը` աշխարհիկ հարմարավետությունից ստացվող հաճույքի զգացման կորուստը: Ահա և ամբողջը: Կարծես անվնաս հիվանդություն լինի,այնպես չէ… Միապաղաղություն, ձանձրույթ, մահ: Մեզանից շատերն ապրում են այսպես (կամ մահանում են այսպես) առանց գիտակցելու դա: Մենք մեր երևանյան գրասենյակներում աշխատելով, մեր մեքենաները վարելով, մեր երթուղայիններով երթևեկելիս, Սևանում ընտանիքներով պիկնիկներ կազմակերպելիս, մեր երեխաներին պաշտպանված կաղապարներում մեծացնելիս ենք պատմում պատմություններ արցախյան պատերազմի մասին, նրանց համար բանաստեղծություններ ենք կարդում Սևակից և Չարենցից, մեր առօրյա կյանքով ենք ապրում` խոսելով, բայց  այդպես էլ երբեք չդիմելով մեծ ռիսկի… Իսկ իրական շոկը քեզ պաշարում է հետո: Արցախում քեզ հանդիպած զինվորն  է քեզ վերադարձնում իրականություն, «հարձակվում » քեզ վրա, արթնացնում քեզ  մահաբեր թմբիրից ու այդ կերպ  քեզ փրկում մահից: Շատերին, ավաղ, կյանքի իրական կողմը այդպես էլ հասու չի դառնում:

Ասես սիրահարված լինեմ Արցախի գեղեցկությանը, նրա բնակիչների բնատուր ուժին: Միևնույն ժամանակ,սակայն,  սիրտս մրմռում է արցախյան ողբերգությունից: Ունեցածս զգացողությունն այնպիսին է, ասես բացված սրտից կենսաբեր արյունը հոսի: Մի խոսքով, անպայման պետք է այցելել Արցախ, գոնե երեք օրով, բայց տարին մեկ:

Գիտեք, այս հողը մարդուն լիցքավորելու մի զարմանալի հատկություն ունի, կարող ես բազմազբաղ ու հոգնած լինել, թեկուզ գործնական այցով ոտքդ դնել այդ կախարդական հողին ու ինքդ էլ չզգալ, թե ինչպես ես հանդարտվում, հանգստանում, ինչպես են հստակվում մտքերդ: Սրա գաղտնիքն էլ եմ հասկացել. պատճառը միայն գեղեցիկ բնությունը չի, մարդիկ այստեղ երկիր ու սահման են պահում ամենօրյա գործունեությամբ ու գոյությամբ և այդ բարձրությունից մանր ու չնչին են թվում կենցաղային ու մնացած վազքն ու մրցակցությունը, առավել ևս նյութապաշտությունը:

Ես սիրում եմ Հայաստանը, այս երկրի հանդեպ իմ սերը սկսվում է Արցախից, գնում ու լիցքավորվում եմ, դրա համար թախանձագին խնդրում եմ, գնացեք ու տեսեք, զգացեք Արցախը, ու Հայաստանը Ձեզ համար նոր լույսով բացահայտեք: Առաջին անգամ Արցախ ոտք դնողը հաճելի ցնցում է ապրում, դեմ-հանդիման  հանդիպելով սեփական արմատներին ու անցնելիք ճանապարհին: Կարելի է շարունակել ու շարունակել զգացողությունների նկարագրությունը, բայց ես ցանկանում եմ հորդորել բոլորին գնալ ու համոզվել դրանում անձամբ:

Ամռանը հաշված օրեր են մնացել. եկեք ամառային հանգստի համար հեռու տեղեր չփնտրենք, գնանք ու վայելենք արցախյան գեղատեսիլ բնությունը, շփվենք զարմանալիորեն ամուր ու բարի, սրտաբաց ու հյուրասեր մարդկանց հետ:

Եկեք ֆլեշմոբ անենք,  իմաց տանք մեր ընկերներին,  բարեկամներին,  ընտանիքներին,  խումբ-խումբ վեր կենանք ու գնանք Արցախ: Հավատացնում եմ հատկապես առաջին անգամ գնացողներին. ետ եք գալու կրկին այնտեղ վերադառնալու ցանկությամբ: Ամեն անգամ յուրովի եք բացահայտելու Արցախ աշխարհը, եկեք այս ֆլեշմոբը ինքնաճանաչում համարենք ու քայլ անենք միասին:

Գուցե հետո միասին սոցցանցում էլ մի անկյուն ստեղծենք , որտեղ Արցախ աշխարհն իրենց համար բացահայտողները կկիսվեն ստացած տպավորություններով, զգացողություններով, միմյանց խորհուրդներ կտանք, թե հատկապես որ վայրերն արժե այցելել: Ի՞նչ կասեք:

Գիտեք, Արցախում առանձին թեմա են մարդիկ: Այնպիսի տպավորություն ունեմ, որ այնտեղ բոլորն անհատականություն են: Ամենահասարակ գյուղացու հետ զրուցելիս անգամ  կենսական կարևորության իմաստություններ կլսեք: Գրենք այդ մարդկանց մասին: Գրենք, ճանաչենք,  հարստանանք միմյանցով: Մի խոսքով՝ եկ քյինանք Արցախ…

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register