ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ԲԼՅՈՒԶ ԲԵՆԴԸ

12

«Ճամփորդի» թիմին Արցախում հաճելի անակնկալ էր սպասվում: Ծանր աշխատանքային օրվա ավարտին վայելեցինք «Շուշվա Բենդ» խմբի համերգը: Խումբը հիմնականում հանրահայտ բլյուզներ, ինչպես նաև հատուկ մշակված հայկական ժողովրդական երգեր է կատարում: Համերգի ընդմիջմանն էլ տղաներին խնդրեցինք պատմել խմբի մասին: Պարզվեց, որ «Շուշվա Բենդը» ընդամենը մի քանի ամսվա կենսագրություն ունի: Խմբի առաջին համերգը կայացել է այս տարվա հունվարի 28-ին, որին էլ արդեն հաջորդել են համերգները՝ Ստեփանակերտում և Երևանում:

Վոկալիստ Արմեն Բաբ Կասպեյանը խմբում միակն է, որ ողջ կյանքի ընթացքում երաժշտությամբ է զբաղվել: Գրել է երգեր, մասնակցել տարբեր երաժշտական նախագծերի:

7 տարի Բիրմինգհեմում(Անգլիա) ապրելուց հետո, որոշ ժամանակ էլ ապրեցի Երևանում և որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք` Շուշի: Մտադիր ենք խմբով հանրամատչելի դարձնել բլյուզն Արցախում: Առաջիկայում կաշխատենք մեր երգացանկի վրա, կթարմացնենք և հեղինակային երգեր կպատրաստենք:Հունվարին, երբ առաջին համերգը տվեցինք, դեռ մենեջեր չունեինք, և շատ հոգնեցուցիչ էր և՛ նվագելը, և՛ կազմակերպչական աշխատանքներով զբաղվելը: Լավ է, որ այժմ ունենք մենեջեր` Դավիթ Սայադյանը, ով իրար գլխի է հավաքում խմբի անդամներին»:

Արմենը պատմում է, թե ինչ յուրօրինակ եղանակով են գտել խմբի թմբկահար Սուրիկ Սարգսյանին և նրան համոզել դառնալ թիմի անդամ. «Բացառությամբ Սուրիկի, բոլորս իրար դեռ դպրոցական տարիներից գիտենք: Իսկ Սուրիկին «հայթհայթել» ենք պատահաբար (ժպտում է,-խմբ.): Նա որոշել էր վաճառել հարվածային գործիքները, որոնցով նվագել էր 20 տարի առաջ` հարսանիքների ժամանակ: Կյանքում բլյուզ չէր լսել: Թեպետ մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ մեզ հաջողվեց նրան համոզել միանալ մեր թիմին»:

Սուրիկ Սարգսյանը Ստեփանակերտում հայտնի «կաֆելշչիկ» է: Նա այժմ էլ է զբաղվում իր սիրած գործով: Յուրաքանչյուր օր՝աշխատանքից հետո փորձի համար տղաները խմբով հավաքվում են:  «Հարվածային գործիքները դրված էին նկուղում: Մտածեցի վաճառեմ, գուցե ինչ-որ մեկին պետք է, բայց փաստորեն ինձ պետք եկավ(ծիծաղում է,-խմբ.): Իսկապես, ես բլյուզ չէի լսել, բայց հիմա ջնջել եմ ունեցածս նախկին երգացանկը(հիմնականում ռաբիս երգեր) և հիմա առանց բլյուզ կյանքս չեմ պատկերացնում: «Կաֆելշչիկ» եմ: Սալիկապատման աշխատանքներ եմ անում: Հիմա 40 տարեկան եմ, մինչև 26 տարեկանը նվագել եմ հիմնականում հարսանիքների ժամանակ, հետո արտագնա աշխատանքի մեկնեցի  Ռուսաստան: Համերգներից մեկի ժամանակ էլ ինձ տեսան նախկին պատվիրատուներս:Շատ էին զարմացել, աչքերին չէին հավատում(ժպտում է, –խմբ.)»:

Կիթառահար Արսեն Աթաջանյանը ռիելթոր է, իսկ բաս կիթառահար Սևակ Հայրապետյանը` դիզայներ: Խմբի մենեջեր Դավիթ Սայադյանն էլ գրաֆիկ դիզայներ է:  Հենց նրան էլ խնդրեցինք պատմել Արցախում բլյուզ համերգներ կազմակերպելու առանձնահատկությունների մասին:

«Փոքր տարածք է, հեշտ է կազմակերպելը: «Facebook»-ում իվենթ ես ստեղծում, և արդեն մեծ մասը գիտի: Առայժմ խումբը նվագում է Ստեփանակերտի մի քանի մասնավոր փաբային տարածքներում, բայց բացօթյա համերգի մասին էլ ենք մտածում: Շուշիում դեռ համերգ չենք ունեցել, բայց նախատեսում ենք: Երևանում մեկ անգամ ենք նվագել: Անպայման կրկին այցելելու ենք Երևան: Այժմ շատ առաջարկներ ունեք, որոնցից մեկն ուզում ենք անպայման իրագործել` համերգների շարք սկսել Արցախի շրջաններում և զորամասերում»:

Գարեգին Ալեքսանյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register