«ARATTA BUSINESS PRODUCTION»-Ը՝ ԴՐԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ

G2

Երկար ժամանակ ապրելով Ռուսաստանում, անընդհատ միտք կար Հայաստան վերադառնալու ու ինչ-որ բան փոխելու, դրական ազդեցություն ունենալու տնտեսության և առհասարակ կյանքի վրա։ Գաղափարները տարբեր էին՝ ամենահեղափոխականներից մինչև նորարարական, որոշեցի ստեղծել դրական մեդիա հասկացությունը՝ Հայաստանյան բացասական մեդիայի ֆոնին: Երբ մարդը կարող է ամեն օր կարդալ Հայաստանում կատարվող դրական երևույթների, մարդկանց ու բիզնեսների մասին»,- պատմում է Դավիթ Շախլամանյանը՝ «Aratta Business Production»-ի հիմնադիրը: Գաղափարի իրագործման կանգառում ծնվեց սոցցանցերում տարածված #լավբանՀայաստանում հեշթեգը, որը կազմակերպության հիմնադիրի վստահեցմամբ՝ դրական տրամադրվածություն ստեղծելու համար էր:

«Հեշթեգից հետո եկավ բիզնես գաղափար՝ ստեղծել մի կազմակերպություն,որը կռեալիզացնի այդ գաղափարները,կզարգացնի Հայաստանում գործող բիզնեսները, կօգնի նորաստեղծներին ու այսպիսով կնպաստի տնտեսության զարգացմանը։ Հայտնվեցին մարդիկ, ովքեր միացան այս գաղափարին և ստեղծվեց մեր ընկերությունը»:

Գաղափարին միացավ Քրիստինա Սուքիասյանը, ով կազմակերպության հանրային կապերի մասնագետն է: Ասում է՝ չնայած նրան, որ «ժամանակները փոխվել են» արտահայտությունը ծեծված է, այս դեպքում տեղին ու դիպուկ է: Բիզնեսը երիտասարդանում է, սա խոսում է սերնդի բաց ու անկախ լինելու մասին. «Անկախության սերունդը բացել է միտքը ու սիրտը նորությունների,ինֆորմացիայի ու գաղափարների առաջ,ինչն էլ ստեղծել է պարարտ հող՝ բիզնեսի երիտասարդացման համար։Այն գաղափարները,որոնցով առաջնորդվում է ավագ սերունդը, խորթ են դարձել թե՛ սերունդներին, թե՛ տնտեսությանն ընդհանրապես»։

G3

Սկսնակ բիզնեսով զբաղվողներից հաճախ կարելի է լսել բողոքներ հայաստանյան հարկային դաշտի մասին. չեն օգնում, անգամ՝ խանգարում են: Քրիստինան տարածված կարծիքի հետ համամիտ չէ. «Հայաստանը փոքր երկիր է, այստեղ բոլորս իրար ճանաչում ենք, ունենք իրար օգնելու,ձեռք մեկնելու ազգային շատ լավ առանձնահատկություն։ Հարկային համակարգի հետ կապված խոսակցություններն, ըստ իս, ուռճացված են, քանի որ համեմատության մեջ Հայաստանում այդ համակարգը լավ է դասավորված, այլ հարց է դրանց օպտիմալ օգտագործումը։ Իհարկե կան որոշակի լուրջ դժվարություններ հարկային համակարգի և ֆինանսավորման հետ կապված,քանի որ Հայաստանը երիտասարդ պետություն է,զարգանալու տեղ շատ կա՝ հատկապես տնտեսության ոլորտում,սակայն ճիշտ ստրատեգիայի և օպտիմալ աշխատանքի շնորհիվ դրանք լուծելի են։ Հասարակ օրինակ. Հայաստանում ՍՊԸ-ն  արագ ու հեշտ է գրանցել, մինչդեռ հարևան Ռուսաստանում  դրա համար ամիսներ են պետք:

Գործադիր տնօրեն Նանա Լանդաուն մանրամասնում է կազմակերպության աշխատանքը. «Արատտան» տրամադրում է ծառայությունների փաթեթ,որը կօգնի բիզնեսի առաջխաղացմանը և դրա եկամտաբերության բարձրացմանը։Այդ փաթեթը ներառում է մշակված և փորձված գործիքներ՝ բիզնեսը զարգացնելու երկու ուղղությամբ՝արտաքին՝ բրենդինգ և  «ՓիԱր» և ներքին՝սկսած շուկայի հետազոտությունից մինչև պրոդուկտի ստեղծում, ադապտացում և վաճառք»։ Հայաստանում խորհրդատվական, բիզնես առաջխաղացմանը վերաբերող և փաթեթներ մշակող կազմակերպությունները դեռևս հանրային վստահություն ստանալու խնդիր ունեն: Գործադիր տնօրենը թիրախային երկու պատճառ է առանձնացնում.«Առաջինը ոչ կոմպետենտ խորհրդատվությունն է,որը նաև երաշխավորված չէ: Մյուսը մարդկային գործոնն է. մարդիկ առաջին հերթին ուզում են շահույթ ստանալ,տեսնել արած գործի արդյունքները։ Մարդիկ պատրաստ են ծախսել այն ամենի վրա, ինչը շոշափելի է, այսինքն համարում են, որ «օդում» խորհրդատվությունը ոչնչով օգնել չի կարող: Մինչդեռ ամեն ինչի հիմքը գաղափարն է, և եթե այն առողջ է, առողջ կլինի նաև բիզնեսը:Միջազգային և տեղական փորձը ցույց է տալիս հակառակը. երաշխավորված և կոմպետենտ խորհրդատվությունը եկամտաբեր բիզնեսի գրավականն է։

G1

Դավիթն էլ եզրափակում է գործընկերների միտքը. «Ընկերության թիրախն այն բիզնեսն է, որն ունի զարգանալու պոտենցիալ։ Պլանների մասին խոսել չենք սիրում, սիրում ենք գործել ու ցույց տալ: Ցույց տալ, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեծագույն ներուժ է կուտակված և, մենք պատրաստվում ենք բացահայտել ու ցույց  տալ դա՝ աշխատելով բիզնեսների հետ, որոնք ցանկանում են միանալ Հայաստանի զարգացման այս մեծ գաղափարին»։

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register