ԱՌԱՔԻՉԻ ՕՐԱԳՐԻՑ. «ԴՈՒԽՈՎ» ԱՂՋԿԱՆԻՑ  ՄԻՆՉԵՎ ԱՌԱՔՅԱԼ

kin-araqich-Anahit-Begaryan

Առաքիչի գործում հաջողելու համար պետք է ամուր կամք ունենաս և դրանցից ոչ պակաս ամուր կոշիկներ, պետք է չվախենաս ցրտից, քամուց, անձրևից: Պետք է նաև մարդկանց հետ շփվելու  երկնառաք շնորհ ունենաս, ասել է թե՝ կիսով  չափ հոգեբան լինես: Առաքիչ լինելու համար պետք է չվախենաս ամենօրյա փորձություններից, վերելակներում «պատանդառվելուց», իմանաս, թե երբ կարելի է և երբ չի կարելի հրաժարվել հաճախորդի պատրաստած սուրճից,  և ինչ է հարկավոր անել, եթե պարզվի, որ պատվիրատուն, ասենք, հանցագործ է…

Անահիտ Բեգարյանը վաստակաշատ առաքիչ է, 15 տարի է՝ ոլորտում է: Նախ զբաղվել է ամսագրերի առաքմամբ, ապա աշխատանքի անցել «Bilecca» ընկերության երևանյան մասնաճյուղում: Նոր աշխատանքին զուգահեռ ավելացել է նաև առաքվող ապրանքների տեսականին՝ ժամացույցներից մինչև բուժական թեյեր ու նիհարեցնող միջոցներ:

«Երբ 16 տարեկանում սկսեցի առաքիչ աշխատել, ոչ մի աղջիկ առաքիչ չկար: Մարդիկ շատ տարօրինակ էին նայում: Ծանոթանալուց հետո հենց իմանում էին առաքիչ եմ, ասում էին՝ «Վա՛յ, առաքի՞չ, գործդ փոխիր, մի լավ գործ գտիր»,- պատմում է Անահիտն ու հավելում,- մարդկանց մեծ մասի մոտ ձևավորված թյուր կարծիք կա, թե առաքիչի գործը տղամարդու գործ է, որ կինը դրանով զբաղվել չի կարող անել: Աշխատանքներ են եղել, որ ինձ չեն ընդունել միայն այն պատճառով, որ աղջիկ եմ…»:

Տարիների ընթացքում, սակայն, պատկերը փոխվել է: Ավելացել է ոչ միայն աղջիկ առաքիչների թիվը, այլև ընկերությունների ցանկը, որոնք այս աշխատանքի համար հենց աղջիկ  առաքիչների են ցանկացել տեսնել:

Սիրելի գործով զբաղվելու ընթացքում Անահիտը կարծրատիպերի բախվել է ամեն օր ու ամեն քայլափոխի: Առաքիչի աշխատանքին դեմ են եղել նաև տան անդամները: Նրանց սիրտը շահելու համար Անահիտն անգամ այլ մասնագիտություններով է փորձել զբաղվել: Բայց՝ ապարդյուն:

«Սկզբում մայրս դեմ էր, ամեն ինչ անում էր, որ թողնեմ էս գործը, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ առանց դրա չեմ կարող: Ես շփվող, ակտիվ մարդ եմ, չեմ կարող ամբողջ օրը գրասենյակում նստել ու նույն գործն անել: Մտածեցի՝ լավ, կոսմետոլոգի գործը փորձեմ: Չստացվեց, որովհետև միայն առաքիչի գործն է համապատասխանում իմ բնույթին,- ասում է նա ու հավելում,- հիմա ամուսինս է դեմ, ասում է՝ առողջությունդ փչանում է, ամեն եղանակին դուրսն ես… Ցանկացած աշխատանք անելիս էլ առողջությունը կարող է փչանալ: Ասենք, եթե ամբողջ օրը համակարգչի առաջ նստեմ՝ աչքերս կցավան, ողնաշարի հետ կապված խնդիրներ կառաջանան, չէ՞: Իսկ այսպես ես միշտ մարզավիճակում եմ» (հեղ.՝ ժպտում է):

Օրն արևայի՞ն կլինի, թե՞ անձրևոտ, օդի ջերմաստիճանը շա՞տ կբարձրանա, թե՞ քիչ, հաճախորդն այդ օրն աջ ոտքի վրա՞ կարթնանա, թե՞ ձախ… Այս ամենից է կախված, թե որքան հաջող կանցնի առաքիչի օրը: Ամենօրյա փորձությունների հաղթահարման փորձարկված միջոցը մեկն է՝ հումորը:

«Հաճախորդների մեծ մասը տրամադրություն չի ունենում, ժամերով կարող է սպասեցնել, կարող է պատվերը տանես, ու առանց ինչ-որ պատճառի մուննաթ գան քեզ վրա… Պետք է համբերատար լինես, կատակի տաս, թե չէ ամեն ինչ կվերածվի վեճի»,- ասում է նա:

Աշխատանքային 15 տարիներն Անահիտին սովորեցրել են ձայնով որոշել մարդու բնույթը: Ասված մի բառը շատ բան կարող պատմել մարդու մասին: Բնակության վայրը ևս փորձառու առաքիչին շատ բան է հուշում:

«Ամենաշատ պատվերները Կենտրոնից են լինում, ամենաքիչը՝ Չարբախից: Համեմատաբար բարդ են Կենտրոնի հաճախորդները. կամ հարուստներ են՝ իրենց պահանջներով, կամ ինտելիգենցիան է, որ ամեն ինչ գիտի, ամեն տառին ուշադրություն է դարձնում»,- ասում է նա:

Գործը՝ գործ, բայց հետաքրքիր դեպքերն էլ առաքիչի կյանքում քիչ չեն լինում: Անահիտին, օրինակ, բախտ է վիճակվել մի քանի անգամ մթան մեջ վերելակում մնալ:

«Մեր շենքերի հիմնական խնդիրը վերելակներն են, որ նստում ես, չգիտես՝ տեղ կհասնես, թե չէ… Իհարկե, կարող ես խառնվել իրար, վախենալ, լացել, բայց առաքիչի գործում պետք է մոռանաս աղջիկ լինելուդ մասին և մտածես, թե ինչպես պետք է դուրս գաս ստեղծված իրավիճակից»,- շարունակում է Անահիտը:

Հաճախորդների կյանքը փրկելու առիթներ էլ են եղել:

«Պատվիրատուներից մեկը սրտի խնդիր ուներ: Պատվերը տարա, սպասում էի գումարին, վատացավ:Դեղերը մի կերպ գտա, տվեցի, շտապօգնություն կանչեցի… Մի խոսքով, այդ մարդն էլ փրկվեց»,- ժպտում է առաքիչը:

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում հարս ու կեսուր հարաբերությունները:

«Շատ է լինում, որ հարսը պատվիրում է, ասում է՝ «Կլինի՞ գումարի մի երկու 0-ն ջնջեք, նոր բերեք ապրանքը. Կեսուրս կջղայնանա, որ տեսնի թանկ ապրանք եմ պատվիրել»: Կեսուրներն էլ ասում են՝ «Դու ներքևի հարկում սպասիր, ես թելը պատուհանով կիջեցնեմ, կկապես ապրանքը, ես կքաշեմ, կվերցնեմ»,- պատմում է նա:

Սուրճի, սեղան նստելու ու մի կտոր հաց կիսելու, ժամադրությունների առաջարկներ  ևս քիչ չեն լինում: Անահիտը սովորել է քաղաքավարի հրաժարվել դրանցից: Իսկ հետաքրքիր արտահայտություններից հրաժարվել այդպես էլ չի հաջողվել:

«Մի անգամ պատվիրատուն դուռը բացեց, ասաց՝ «Բարև Ձեզ, առաքյալը Դո՞ւք եք…»: Մի քիչ կասկածեցի, ճիշտն ասած, առաքիչ եմ թե առաքյալ, բայց ասացի՝ այո՛, ես եմ,- պատմում է նա:

 

Տաթևիկ  Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register