ԱՌԱՆՑ  ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ

3

Քաղաքն ընտրեց իր քաղաքապետին: Միանալով Տարոն Մարգարյանին հասցեագրված շնորհավորանքներին՝ հուսով եմ, որ քաղաքամայր Երևանը մոտակա տարիներին կձերբազատվի հիմնական խնդիրներից ու կշողա իր մաքրությամբ ու հարմարավետությամբ: Քաղաքապետարանը մեզ՝ տրանսպորտային հարթակն օգտագործելու իրավունք է վերապահել՝ ողջունելով  մեր համաքաղաքացիների կյանքն ավելի լուսավոր ու  տեղեկացված դարձնելու մեր ցանկությունն ու որոշումը: Մենք էլ, քաղաքապետարանն էլ, ցանկություն ունենք լավագույնը տալ Երևանին, մնում է այդ ցանկությունն իրականություն դարձնել: Հուսանք՝ ստացվում է:

Իսկ այս ընթացքում, երբ քաղաքը եռում էր նախընտրական հանդիպումներից ու խոստումներից, ժամանակ առ ժամանակ շատերս տրվում էինք մեզ քաղաքապետ զգալու գայթակղությանը: Շատ եմ ճանապարհորդում, մտովի հաճախ համեմատում եմ այլ մայրաքաղաքները մեր Երևանի հետ՝ փորձելով պատկերացնել, թե ինչպես այս ու այն երկրի փորձը կիրառելի կլիներ Հայաստանում: Ի վերջո դրանցից առանձնացրի հինգ կետ,  հենց որոնք  էլ կիրագործեի՝ եթե քաղաքապետ լինեի: Ի՞նչ լրացումներ կանեք դուք:

Ռազմավարություն

 Քաղաքը պետք է ունենա հստակ մշակված ու որոշված ռազմավարություն: Հասկանալու համար, թե որտեղ ենք ցանկանում տեսնել Երևանը 2022 թվականին և դրանից հետո: Օրինակ, երբ Ռուդոլֆ Ջուլիանին դարձավ Նյու Յորքի քաղաքապետ, նա հստակ գիտեր , որ պայքարելու է հանցագործության բարձր մակարդակի դեմ և քաղաքի զարգացման ռազմավարությունն այդ ուղղությամբ տարավ: Իսկ Լոնդոնի՝ ազգությանբ հնդիկ քաղաքապետը որպես ռազմավարության գերնպատակ հռչակեց բնակարանային ֆոնդի ռեգեներացիան: Երբեմն թվում է, թե քաղաքի դիմագիծը փոքր-ինչ  խամրել է, գուցե այդ դեպքում քաղաքի ռազմավարությո՞ւնը պետք է վերանայել: Չէ՞ որ հենց հիմնական գաղափարից էլ սնվում են մնացած բոլոր լուծումները՝ սկսած քաղաքային շինարարությունից  մինչև տրանսպորտ, ջրամատակարարում ու կանաչապատում:

Կանոնակարգում

Ռազմավարության պահանջներին համապատասխան կանոնակարգում:Հնարավոր չէ քաղաքը կամ, առհասարակ, ինչ-որ բան կառավարել, երբ բոլորն անում են այն, ինչ ցանկանում են: Պետք է սահմանվեն արդեն իսկ որոշված ռազմավարությունից բխող հստակ կանոններ: Նորմերն արդեն իսկ կան, օրենքներն էլ, բայց հաճախ դրանք կցկտուր են ու «լղոզված»: Ավելի պարզ ու հստակ  բացատրված օրենքները կբերեն կանոնակարգման, կանոնակարգումը՝ հաջողության:

Շինարարական նոր նախագծերը կիրականացվեն կանոնակարգված ձևով՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր էական մանրուքի վրա՝ սկսած քաղաքի գոտիավորման առանձնահատկություններից ( բացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ շինարարական ընկերությունների լիցենզավորման փուլում):

Կարևոր է պահպանել հին Երևանի պատմական դեմքը, սա համաքաղաքացիների հիմնական բողոք-պահանջն է, ես ականջալուր կլինեի այդ պահանջին: Լոնդոնը, Փարիզը, անգամ Թբիլիսին, Բաքուն, և Դոհան բազմաթիվ զբոսաշրջիկների են գրավում իրենց հին, կոլորիտ ունցող փողոցներով և հրապարակներով: Դոհան, Բաքուն չունենալով Երևանի տարիքն ու պատմությունը, այնուամենայնիվ մշակված ռազմավարության համաձայն հատուկ փողոցներ և հատվածներ են կառուցում, որոնք հնության կոլորիտ են ստեղծում և գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

Մենք էլ պետք է պահպանենք և հստակ օգտագործման կանոններ սահմանենք պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի համար:Դրանք են քաղաքի հոգին և դեմքը պահպանողները:

Խթաններ

 Մենք խթանների կարիք ունենք: Հարկային արտոնություններ, և այլն: Ճիշտ է, սա արվում է գլխավորապես նախարարությունների մակարդակով, սակայն քաղաքային մակարդակում նույնպես որոշակի խթանների առկայությունը պարարտ հող կստեղծի զարգացման համար:

Մատչելի բնակարաններ

 Փախստականների, հատկապես սիրիահայ փախստականների համար մատչելի բնակարանների ձեռքբերման հնարավորության ստեղծումը կնպաստի քաղաքի բարգավաճմանը: Տնտեսագիտորեն՝ բնակիչների թվի աճը կմեծացնի ներքին շուկան: Մեծ շուկան արդեն ավելի գրավիչ է ներդրողների և ձեռներեցների համար: Նոր գաղափարներ առաջ կգան, նոր գործեր կսկսվեն, նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Հանրային այգիների բարեկարգումն ու  թվի ավելացումը

 ՆյուՅորքի հայտնի այգին դրախտավայր է թվում: Երկիր-դրախտավայրում նմանօրինակ այգիները պետք է շատ լինեն: Երևանում քիչ չեն հանրային այգիները, դրանցից շատերը, սակայն, անբարեկարգ լինելու պատճառով կարծես լքված լինեն: Հանրային այգիների, խաղահրապարակների, հեծանվային ուղիների առկայությունը բխում է հասարակության, քաղաքի, ինչպես նաև պետության շահերից: Երբ հասարակությունը առողջ միջավայում է ապրում, ընտանիքներն իրար հետ ավելի հաճախ են զբոսնում ու շփվում, երեխաները առողջ մթնոլորտում են մեծանում՝ չտարվելով կասկածելի գործունեությամբ: Մի խոսքով, լինում է առողջ զբաղմունք մարդկանց համար: Սա կարևորվում է այնքանով, որ խնդիրների մեծամասնությունը գլխավորապես պայմանավորված է մարդկանց մոտ օգտակար զբաղմունքի բացակայությամբ: Առողջ շրջակայքը առողջ հարաբերությունների երաշխավորն է:

Երևանը չի կարող զարգանալ՝ եթե չունենա զարգացման տեսլական: Քաղաքը, մարդը դառնում է այն, ինչ մենք երազում ենք: Մնում է ճիշտ երազանքներ ընտրել: Պարոն Մարգարյանն ունի 5 տարի՝ քաղաքը զարգացնելու և հստակ ռազմավարություն ներդնելու համար, որը չի լինի ինչ-որ այլ քաղաքի փորձի ուղղակի կրկնօրինակումը: Այն պիտի լինի ծրագիր, որը մշակած է հենց Երևանի համար, որտեղ հաշվի են առնված քաղաքացիների գաղափարները, առաջարկությունները, փորձագետների գնահատականները:

Որպես տնտեսագետ և քաղաքային զարգացման ոլորտում գործող խորհրդատվական ընկերության հիմնադիր, անձամբ պատրաստ եմ օգնել և հպարտ կլինեմ դառնալու նման ծրագրի մի մասը:

Դե ինչ, հուսամ առաջարկված կետերի հետ դուք նույնպես համաձայն եք: Ես էլ ուշադիր լինեմ, գուցե քաղաքապետարանից  զանգահարեն ու համագործակցելու առաջարկ անեն, ո՞վ իմանա:

 

Սիրով՝ ձեր  Արիաննե

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register