Առաջին գրավաճառները Թուրքիայում՝ հայեր են եղել

1

Թուրք սյունակագիր Ռեֆիք Դուրբաշն անդրադառնալով Օսմանյան կայսրությունում գործած առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլույանին, փաստել է, որ 1875թ.-ին վերջինիս հիմնած գրախանութը՝ առաջինն է եղել կայսրության տարածքում: Սյունակագիրն ընդգծել է, որ հայ գրավաճառները  զարգացնելով  իրենց գործունեությունը՝  գրավաճառությունը դարձրել են առևտրի առանձին ճյուղ: Առաքել Թոզլույանին մասին մեզ քիչ տեղեկություններ են հասել. հայտնի է, որ նա ծնունդով Կեսարիայից է եղել: Ունեցած պարտքերի պատճառով նա գրախանութը  թողել է Անդոն Նահիկյանին և մահացել չքավորության մեջ: 1914 թվականին Բաբըալի պողոտայի վրա գտնվող գրախանութը փակվել է:

Հայող ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի հանրահայտ «Ալեքս» կինոթատրոնում կայացած միջազգային կինոփառատոնին մոտ 90 ռեժիսոր է մասնակցել: Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Անապատի ագռավները»  ֆիլմը, որի հիմքում ընկած է ամերիկաբնակ Լևոն Փարյանի՝ մոտ 1.000 մարդու կյանք փրկած նախնիների կյանքի պատմությունը: Գլենդեյլի միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է աշխարհի տարբեր անկյուններից  ներկայացված ավելի քան 160 ֆիլմ:

 ԱՄՆ նախագահը հրապարակել է  Ջոն Քենեդու սպանության նոր մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է երկրի նախկին ղեկավար Ջոն Քենեդու սպանությանն առնչվող արխիվային գաղտնի փաստաթղթերի մի մասը: Փաստաթղթերից մեկի համաձայն՝ իրական մարդասպանը ոչ թե Լի Հարվի Օսվալդն է, այլ Դալլասի ոստիկանության աշխատակից Ջի Դի Թիփիտը: Պարեկային ոստիկանն ԱՄՆ նախագահին սպանելուց 45 րոպե անց ինքն է սպանվել: Ցուցմունքների համաձայն՝ նրան սպանողը Օսվալդն է եղել, որը Թիփիտի վրա կրակել է ատրճանակից՝ արձակելով 4 կրակոց: Այս տեղեկությունը վերցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվից: Նախագահ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով փաստաթղթերն ամբողջությամբ չի հրապարակել՝ պարզաբանելով, որ դա կարող էր վնասել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

 Էյնշտեյնի «երջանկության բաղադրատոմսերը» հանվել են աճուրդի

Ալբերտ Էյնշտեյնի գրած երկտողերը, որոնցով ֆիզիկոսը վարձահատույց է եղել Նոբելյան մրցանակի արժանացնելու տեղեկությունն իրեն հայտնած փոստատարին, հանվել են աճուրդի: 1922թ. Էյնշտեյնը դասախոսություններ է կարդացել Ճապոնիայում: Փոստատարից  իմանալով Նոբելյան մրցանակի արժանանալու վերաբերյալ տեղեկությունը, նա չի ցանկացել վերջինիս առանց թեյավճարի բաց թողնել: Ֆիզիկոսը որոշել է գումարի փոխարեն փոստատարի համար բացահայտել երջանկության գաղտնիքը: Առանձին թղթերի վրա գրված երկտողերում Էյնշտեյնը «խոստովանել» է, որ՝ «Հանգիստ ու համեստ կյանքն ավելի շատ երջանկություն է բերում, քան մշտական հուզմունքների հետ կապված ձգտումը դեպի հաջողություն»: Բացի այդ, Էյնշտեյնը մեկ այլ «գաղտնիք» էլ է փոխանցել իր ավետաբերին՝ «Որտեղ կա կամք, այնտեղ ճանապարհ էլ կա»: Երկտողերն աճուրդի հանած մարդը, որին պատկանում են «երջանկության պոստուլատները», ցանկացել է անհայտ մնալ:

Սաուդյան Արաբիան՝ ռոբոտին քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն է աշխարհում

Սաուդյան Արաբիան դարձել է ռոբոտին պաշտոնապես քաղաքացիություն շնորհած առաջին պետությունն աշխարհում: «Ապագայի ներդրումային նախաձեռնության» համաժողովին  մասնակցող Սոֆյա անունով «խելացի» ռոբոտը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադում: Ավելի վաղ Սոֆյան այցելել էր ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարան ու մասնակցել այնտեղ կազմակերպված տեխնոլոգիական քննարկմանը: Ռոբոտը  ստեղծվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի նախատիպով: Սոֆյան ունի հարթ մաշկ, փոքր քիթ, ընդգծված այտոսկրեր, գեղեցիկ ժպիտ, իսկ նրա աչքերի գույնը փոխվում է՝ լուսավորությունից կախված: Ռոբոտի ստեղծող Դևիդ Հանսոնի նպատակն է պատրաստել այնպիսի մեքենաներ, որոնք կլինեն մարդուց ավելի խելացի, միևնույն ժամանակ կունենան ստեղծագործ մտածողություն և կարեկցելու ունակություն:

Մոնա Լիզայի բեղ-մորուքով նկարը վաճառվել է աճուրդի ժամանակ

Ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանը հայտնի է արվեստի նկատմամբ դրսևորած խիստ ինքնատիպ ու հակասական մոտեցմամբ: Օրերս հեղինակավոր «Sotheby’s» աճուրդի տունը վաճառել է Դյուշանի ամենաինքնատիպ գործերից մեկը՝ հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի յուրահատուկ տարբերակը, որում հերոսուհին պատկերված է բեղ-մորուքով: Կտավն ստեղծվել է 1964թվականին: Անհայտ գնորդը դրա համար վճարել է 750.000 դոլար: Աճուրդից առաջ մասնագետները կանխատեսել էին, որ արվեստի գործը կվաճառի մի քանի միլիոն եվրոյով: 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register