ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՄԵՐԳ  ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

1

2008 թ.-ին Լոնդոնում հիմնադրված «Music of Armenia» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ հայկական  երաժշտական ժառանգությունը աշխարհում տարածելու նպատակ է հետապնդում: Գործունեության 8-րդ տարում ՀԿ-ի նախագահ Հասմիկ Մովսիսյանը որոշել է տեղափոխվել Երևան և ավելի ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում:

«Իմ նպատակն էր երաժշտության ոլորտում ամուր կապեր հաստատել ամբողջ աշխարհում, ստեղծել հարաբերություններ, որոնց միջոցով կկարողանայի օգտակար լինել Հայաստանին: Այդ ամենին հասնելուց հետո տեղափոխվեցի Երևան: Հիմա մեր ցանկությունը մեկն է՝ ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում, ունենալ մեր տունը, որտեղ կկարողանանք հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել, ունենալ փառատոներ ու համերգներ»,- ասում է« Music of Armenia»-ի հիմնադիր տնօրենը: Սեփական սրահ չունենալու բացը լրացնում են գործընկեր-կազմակերպությունները՝ «AGBU»-ն, «Մեգերյան կարպետ»-ը, «Մետքասի ճանապարհ» հյուրանոցը և ուրիշներ: «Music of Armenia»-ին աջակցում են նաև ամերիկաբնակ Հակոբ Յահինյանը և «IDeA» հիմնադրամը…

«IDeA»-ի օգնությամբ իրականացնում ենք «Շարական» փառատոնը Տաթևի վանքում: Այս տարի միասին աշխատում ենք նաև «Սայաթ-Նովա» փառատոնի ուղղությամբ, որը կայանալու է և՛ Թբիլիսիում, և՛ Հայաստանում, – նշում է Հասմիկ Մովսիսյանը:

Թուրքիայում և Վրաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև «Ծովից ծով Հայաստան» փառատոնը: Հասմիկ Մովսիսյանի տեղեկացմամբ այն նախատեսվում է անցկացնել Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ ընկած տարածքում՝ ընդգրկելով նաև Ջավախքը:

«Աշխարհն առաջ է քայլում, և այդ քայլքից հետ չմնալու համար պետք է մենք էլ առաջ գնանք՝ աշուղական, ազգային երաժշտությունը ներկայացնելով նոր մոտեցումներով՝ առաջարկելով նոր, հետաքրիր լուծումներ: «Music of Armenia»-ի որդեգրած քաղաքականությունը նաև այս նպատակն ունի, ուստի մի զարմացեք, եթե փառատոներից մեկի ժամանակ աշուղական երգարվեստը ձեզ ներկայացվի ջազային ոճում»,- հավելում  է նա:

Արդեն իրականացված միջոցառումներից Հասմիկ Մովսիսյանն առանձնացնում է այս տարի ապրիլի 23-ին Ստամբուլում կայացած «102 քայլ» անունը կրող համերգը, որին մասնակցել են հայ, թուրք, քուրդ, ալեվի երաժիշտներ: Հայաստանն այնտեղ  ներկայացրել է Հասմիկ Հարությունյանը: «Ես շահել էի «Հրանտ Դինք» հիմնադրամի ճանապարհորդական դրամաշնորհը և մեկնել Ստամբուլ՝ «Ծովից ծով Հայաստան» փառատոնի մանրամասները քննարկելու համար: Երբ իմացա, որ նույն դրամաշնորհը նաև Հասմիկ Հարությունյանն է ստացել, առաջարկեցի համերգ կազմակերպել: Քանի որ մոտենում էր ապրիլը, որոշեցինք, որ համերգը նվիրված կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- համերգի նախապատմությունն է ներկայացնում« Music of Armenia»-ի հիմնադիրը:

Հայոց Եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միակ միջոցառումն ու հիշատակումը Թուրքիայում, համախմբելէ  տարբեր ազգերի երաժիշտների: Համերգին ներկա է եղել նաև թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փալյանը: Խոսելով այդ օրն ունեցած ապրումների ու զգացողությունների մասին՝ Հասմիկ  Մովսիսյանը նշում է. «Այնքան հուզված էի, մտածում էի՝ ես նույն քաղաքում եմ գտնվում, որտեղ ապրել է Հրանտ Դինքը, իսկ նա չկա… Ի վերջո չդիմացա ու Կարո Փալյանին հարցրի՝ «Չե՞ք վախենում», ու նա ասաց՝  «Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ նա, ով լռում է, ավելի ապահով է …»:

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register