ԱՊՐԵԼՈւ ԱՊՐԻԼ

2

 Այսօր պատերազմ էր. ուղիղ երկու  տարի առաջ  այս օրերին ամենաիսկական պատերազմ էր: Սկսվեց հերթական  լարվածության քողով, ու գուցե դա էր պատճառը, որ սկզբից այնքան էլ  չհասկացանք, կամ  չուզեցինք  հավատալ: Ապրիլը բոթով սկսվեց, դժոխալի օրեր ապրեցինք ու մի քանի օրվա մեջ կորցրինք հարյուրից ավելի երիտասարդների: Նրանց մենք թողեցինք 16-ի ծաղկուն ապրիլի մեջ, հավերժ նույն տարիքում, ծաղկունքի մեջ: Այն օրերին ու դրանից հետո հատիկ-հատիկ պատմություններ  լսեցինք, թե ոնց են հերոսացել  ու նահատակվել տղերքը, թե ոնց են անփորձ պատանիները հասուն որոշումներով անհավասար կռվի բռնվել ու սեփական կյանքով այլոց փրկել, հող պահել, մեզ պահել:

3

Այդ օրերին  անզորությունից  ու ցավից կծկվել, բայց և մի բռունցք էինք դարձել, փորձում էինք  նեցուկ լինել մեզ համար անտեսանելի, բայց կյանքեր խլող պատերազմը կասեցրած տղաներին  ու  նրանց ընտանիքներին:

Այդ պատերազմը  մեզ  համար հետո ավելի տեսանելի դարձավ, երբ հոսպիտալներում տեսանք կյանքի  համար  պայքարող տղաներին։ Նրանցից  շատերն  արդեն  ոտքի են կանգնել,   ընտանիք  կազմել, աշխատում են, սովորում։ Իսկ զոհվածների շիրիմները ոչ մի օր առանց ծաղկի չեն մնում։ Եվ սրանում է նաև ժամանակի ուժը, կյանքն առաջ է գնում, դրա  շնորհիվ տղաներն  արդեն ոտքի են կանգնել, բայց  կորստի ցավը չի թուլանում, և սա բնական է կյանքի համար, որովհետև նույն այդ վերքերը բուժելու համար չի կարելի մոռանալ՝ որտեղից են նրանք, և  ում ենք կորցրել՝ վերքերը ստանալու կամ բուժելու ճանապարհին։

4

Անցել է երկու տարի, ընդամենը երկու  տարի, և հիմա  սառը դատողություններ անելու  ժամանակն է արդեն։ «Տեխնիկականները» արել ու անում են Զինված  ուժերը, մերը  «ոչ  տեխնիկականն է»։ Եզրակացությունները բերում են նրան, որ ինչքան էլ սիրում ենք ամեն  մի փոքր առիթ մեծ պատմություն  դարձնել, այնուամենայնիվ, ամենապատասխանատու   պահերին  կարողանում ենք  հավաքվել  ու միասին պայքարել վտանգի դեմ։Երկու   տարի   առաջվա   դասերից  շատերը   հիմա  ավելի  տեսանելի են։ Օրինակ, այն դասը, որ հային հայից տարանջատել չի կարելի, որ մենք ավելի լավ ենք պատրաստված՝ քան կարծում էինք, որ կռվի մեջ վախը տեղ չունի։

5

Արդեն 2018 թվականի ապրիլն է՝ ծաղկած ծառերով, արևոտ ու ջերմ։ Այս անգամ սահմանները խաղաղ են, մենք՝ հանգիստ, առանց լարվածության։ Եվ սա, հավանաբար, լավագույն գարնանային  նվերն է՝ խաղաղությունը։ Մեր   ներքին  հանգստությունը, որ նույնը չի կրկնվի։ Հուսանք՝ այլևս երբեք։   Լավագույն   գարունը  խաղաղ  գարունն է, մեր այսօրվա գարունը։

Սյունե Սևադա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register