«ԱՆՊԵՏՔ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՊԵՏՔ

axchik

Մեծերը սիրում են կրկնել.«Վաղվանից նոր կյանք եմ սկսում»: Այս մեծական նախադասությունն առաջին անգամ սովորաբար օգտագործում ենք դպրոցն ավարտելիս, որոշ ժամանակ անց՝ համալասարանում՝ դիպլոմ ստանալու օրը: Իսկ, այ, դրանից հետո տվյալ նախադասությունը դառնում է մեր կյանքի մշտական ուղեկիցը, որովհետև ամեն պատեհ-անպատեհ առիթ սկսում ենք դիտարկել որպես հաշիվը սկզբից սկսելու հրաշալի տարբերակ: Բայց արի ու տես, որ ինչքան էլ կյանքը սկսենք նոր տողից, մի մատ խորքից ու մեծատառով, այդ «նոր» պատմության գրողը կրկին մենք ենք լինում: Այսինքն, նոր կյանքը սկսվում է հին «ես»-ով, դրա համար էլ հաճախ չի հաջողվում խուսափել դասական դարձած սխալներից: Կյանքի առաջին փուլն ավարտելիս վերոնշյալ դասական սխալներից ենք վախենում: Բայց դրանք լինում են ոչ թե ավելի պաթետիկ ու ճակատագրական, այլ՝ հասարակ ու «շոշափելի» սխալներ՝ ընդամենն ուղղագրական կամ հաշվարկային: Կյանքի ամենավատ մղձավանջն է քննություններից առաջ, թվում է, թե ավելի վատ բան լինել չի կարող: Օրեր առաջ ավարտեցի համալսարանը: Ավարտեցի ու…գնացի ամառանոց՝ այգու խոտը խուզելու: Կարծում եմ՝ հրաշալի տարբերակ է՝ ժուռնալիստական կրթության դիպլոմը նշելու համար: Ու արդեն, երբ տվել եմ բոլոր «տեխնիկական» քննություններս ու իմ առջև միայն կյանքի քննություններն ու միջանկյալ հաջողություններն են, կարծում եմ օգտակար կլինեմ դպրոցում ավարտական, համալսարանում էլ՝ ընդունելության քննություններ հանձնողներին. ուզում եմ փորձովս կիսվել: Եկեք սկսենք սկզբից. ի սկզբանե հիշենք, որ քննություններով կյանքը չի սկսվում ու չի ավարտվում: Սա, իհարկե, ամենևին էլ չի նշանակում, որ պետք է մատների արանքով նայել դրանց: Պարզապես պետք է պարապել, գիտելիքի գոնե միջին պաշար կուտակել, սակայն ոչ թե տանջամահ լինելով, այլ հանգիստ, համակարգված, տրամաբանված կարգով, որ ինքներդ ձեզ համար կսահմանեք: Այսինքն, պարտադիր չէ օրական ութ թեյի բաժակով թունդ սուրճ խմելն ու գիշերը գրասեղանը կրծելով լուսացնելը, ուղղակի հանգիստ պարապել է պետք ՝ դա զուգորդելով ակտիվ հանգստի հետ, թեկուզ ինձ նման խոտհնձի գնալով: Եվ, իհարկե, պետք է խուսափվել սենյակում պարփակվելուց ու աշխարհիկ վայելքներից կամավոր հրաժարվելուց:

Պարապեցինք-պրծանք. հարցաշարերին, ռոբոտի գործ հիշեցնող թեստերին լավ ծանոթ վիճակում գնում ենք նախ դպրոցի ավարտական քննության: Այս և ընդհանրապես բոլոր քննությունների, այդ թվում՝ կյանքի, կարևոր նախապայմանը՝ կենտրոնացումն ու սեփական հույզերի կառավարումն է: Խորը շունչ, որից հետո մտովի ձեր շուրջը շրջան կամ դրան նման մի փակ բան եք գծում, ներսից կողպում ու սկսում ժամանակը ձեր օգտին աշխատեցնել: Ինչպե՞ս, ամենաուղիղ ձևով. համակ ուշադրությամբ կետ առ կետ անցնում եք առաջադրանքներով և մտքում ինքզինքը քննելով, կատարում դրանք: Աշխատեք առաջնորդվել ոչ թե գուշակություններով, այլ տրամաբանությամբ՝ եթե հստակ պատասխանը չգիտեք: Եթե այս ամբողջ ընթացքում ձեզ իշխեն միայն վախերն ու լարվածությունը, ուրեմն ձեզ պարտության եք պատրաստում, այնպես որ համարձակ մի կողմ քշեք սպիտակ դրոշն ու հիշեք, որ ինչքան ձեզ է պետք լավ գնահատական, նույնքան էլ դպրոցին է պետք լավ շրջանավարտ: Դպրոցն ավարտեցինք, հաջորդ կանգառը՝ համալսարան:

Միանգամից ասեմ՝ բուհի հետ մեծ պլաններ մի կապեք, որովհետև այսպես թե այնպես հիասթափվելու եք: Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, ինչքան դուք եք պատկերացնում: Գիտեմ, որ տեքստի տվյալ հատվածին ուշադրություն չեք դարձնելու, համոզված եք, որ չէ, ձեր դեպքում նման բան չի պատահի… Կպատահի: Պահեք «Ճամփորդ»-ի այս հատվածը ու կկարդաք համալսարան գնալուց երկու շաբաթ անց: Սա, իհարկե, չի նշանակում, թե դուք խոր հիասթափություն ապրելով կամ պիտի միանգամից գնաք ու քարանձավում փակվեք, կամ էլ ամեն գնով եվրոպաների ձգտեք: Իրականում համալսարանական կրթությունը դառնում է ինքնակրթության հիմքը: Միակ բանը, որ ռեալ պետք է ակնկալել՝ սովորել մտածել ու սովորել՝ ինչպես քաղել օգտակար գիտելիք: Բայց մինչ այդ դուք ընդունելության քննություն պիտի հանձնեք. կրկնուսույցների երեսը պիտի պարզ անեք, ծնողների հույսերն արդարացնեք և ինքներդ էլ հասնեք բաղձալի ուսանողական նստարանին: Ձեզ հետ քննության տարեք միայն նույն՝ վերոհիշյալ շրջանակում ամրագրված ձեր կիրառական գիտելիքը: Նստեք ու կենտրոնացեք, մտածեք ու գրեք, գրեք ու մտածեք: Ու կրկին հիշեք, որ ձեր ընտրած բուհական տաբերակներից գոնե մեկը ձեզ գրկաբաց սպասում է: Միջին վիճակագրությունն էլ է այդ կարծիքին, իսկ այս դեպքում դուք հանգիստ ձեզ տեղադրեք միջին կարգում, դափնիները՝ հետո: Դուք արդեն ընդունվել եք, շնորհավորանքս: Կիսամյակից կիսամյակ՝ միջանկյալներով հանդերձ, կհամոզվեք, եթե բավարար տրամաբանություն ունեք, ապա արագորեն կհասկանաք, որ ձեր առաջադրանքը ոչ թե «օրագրում» զուտ բարձր նիշեր կուտակելն է, այլ՝ գլխում օգտակար գիտելիք ամբարելը, քանի որ հաճախ այդ երկուսը չեն նույնանում: Համալսարանական կրթությունը ինքնակրթության է պատրաստում մարդուն՝ ամբողջ կյանքի համար. 21-րդ դարը այլընտրանք չի թողնում: Լսարանային գիտելիքն իր թեկուզ փայլուն տեսությամբ մասնագետ քեզ չի դարձնի. սա մեր իրականությունն է, որին պիտի բաց աչքով նայեք: Դրա համար, հնարավորինս արագ ներխուժեք այն ոլորտ, որտեղ տեսնում եք ձեր ապագայի աշխատանքն ու կարիերան: Ներխուժեք զինված, գիտելիքով ու համառությամբ, աշխատասիրությամբ ու պատրաստակամությամբ: Եվ, իհարկե, անընդհատ սովորելու կամքով: Լիարժեք ապրելով սովորելով: Ես արդեն տեսնում եմ ձեր ձեռքբերումները, իսկ դու՞ք:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register