ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ ԿԱՌՈւՅՑՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾ ՈւՆԵՆՔ՝ ԼՈւՅՍ ՉԿԱ

5

Հասարակությունը հաճախ է բողոքում ջրին, գազին, էլեկտրականությանը կից կառույցներին, և այդ  բողոքն անհիմն չէ։ Իսկապես, թվում է, այսքան տարվա մեջ պիտի կարողանայինք արդեն այս կապը անխախտ կազմակերպել, բայց արի ու տես, որ դեռ չի ստացվում։

Հենց երեկ մեր խմբագրությունում էլ նման դեպք պատահեց․հերթական անգամ զրկվել էինք էլեկտրականությունից՝ առանց զգուշացման, և սա առաջին դեպքը չէ, ու ցավոք, մենք միակը չենք, որ տուժում ենք անպատասխանատու կազմակերպությունների պատճառով։

Որքան էլ ասենք՝ իրավիճակ է փոխվել, մեկ է, այն իսկապես ու արմատապես չի փոխվի, քանի դեռ ջուր, գազ, էլեկտրականություն, ինտերնետ, ու այլ «հանրային օգտագործման» կազմակերպությունները չհասկանան մի պարզ, տեղ-տեղ՝ պարզունակ  ճշմարտություն․ ցանկացած «անջատողական» իրավիճակում, մեկ-երկու օր առաջ պետք է զգուշացնել մարդկանց, ու համապատասխան «անջատողականությունը»՝ գազի, լույսի, կամ ջրի, անել իրենց իսկ նշած ժամին։

Ավելի պարզ  ասենք․ եթե կիրակի օրը զգուշացնում եք, որ երեքշաբի օրը, ցերեկը ժամը տասներեքից տասնչորսը անջատումներ են լինում, դրանք ցանկալի է հենց տվյալ օրն ու ժամին լինեն, ոչ թե հինգշաբթի օրը՝ երեկոյան յոթին։

Հայկական տարբերակում հենց այսպես էլ լինում է, և մեզ հետ ևս այսպես եղավ։ Երեք օր առաջ զգուշացրին․«Հեսա լույսերը տանում ենք, մեկ ժամով», բայց լույս չունեինք երկու օր անց՝ ավելի երկար ժամանակով։

Իրականում, փոփոխությունները սկսում են հենց այսպիսի փոքր քայլերից, որովհետև հենց փոքր, բայց կարևոր քայլերով  է հնարավոր հիմնային փոփոխությունների հասնել։

Կարելի է անվերջ խոսել մեծ փոփոխությունների մասին՝ դրանք գեղեցիկ ու ոգեշնչող են, բայց այդպես էլ և ոչ մի արդյունք չունենալ, որովհետև բուն փոփոխությունն «ամենաներքևներից» պետք է սկսի, ու եթե այն չկա,  գլոբալ փոփոխություններն այդպես էլ մնալու են թղթերի կամ  լեզվի վրա՝ բառից ու տեքստից այդպես էլ գործողություն չդառնալով։

Թե չէ՝ լավ են խոսում։ Բոլորն էլ լավ են խոսում, հատկապես վերջին փոփոխություններից հետո, ոգևորված են, ուզում են փոփոխություններ, բայց արի ու տես, որ չեն փոխվում։ Մինչդեռ մի՞թե դժվար է ուղղակի տեղեկացնել մարդկանց սպասվող անջատումների մասին ճիշտ ժամանակին, որպեսզի նրանց աշխատանքը, կամ տնային գործը չտուժի, բարդ բան չկա, չէ՞, հատկապես այս դարում, երբ մարդկանց հետ կապ հաստատելն ամենապարզն է։

Թե չէ, այո, իրավիճակ է փոխվել, գործ ունենք, բայց՝ լույս չկա։ Որովհետև մեր  որոշ կառույցներ բառերով գրավում են տիեզերքը, բայց գործի մեջ չեն կարողանում ուղղակի զանգահարել բաժանորդներին։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register