ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՄԵՐԳ ՀՈւՆԻՍԻ 1-ԻՆ. ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈւԹՅՈՒՆ

7

Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ժամը 18։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Հեքիաթային ճամփորդություն» խորագրով բեմականացված, իր ձևաչափով յուրահատուկ համերգ: Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությունը: Լրագրողների հետ հանդիպմանը համերգի մանրամասներով կիսվել են համերգի դիրիժորները՝ Ներսես Մկրտչյանը և Դավիթ Մարուխյանը, ռեժիսոր Արփի Մաղաքյանը, ՀԱՖՆ փոխտընօրեն Արման Պադարյանը և Վորլդ Վիժն Հայաստան  կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար  Աիդա Մուրադյանը:

4

Ընդհանուր առմամբ 10 դերասաններ կդիմավորեն երեխաներին հեքիաթային հերոսների կերպարներով: Համերգի ժամանակ հաղորդավարը և հերոսները զվարճալի խաղերի միջոցով կծանոթացնեն երեխաներին իրենց իրավունքների հետ։ Միջոցառման մեջ մեկտեղված են կրթականն ու հաճելի ժամանցը. ստացվում է ինտերակտիվ դասընթաց և համերգ: Դահլիճի ճեմասրահում էլ երեխաները կդիտեն իրենց տարեկիցների՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների նկարչական աշխատանքները։ Միջոցառման մասնակից երեխաներին անվճար բաժանվելու է համերգի պաստառի տեսքով շոկոլադներ:

5

Համերգի ռեժիսորական մտահղացման մեջ է մտնում մեծ էկրան, որը հնարավորություն կտա փոքրիկ հանդիսատեսին ՀարրիՓոթերի, Ասղտային պատերազմների, Կարիբյան ծովահենների ֆիլմերի երաժշտական հատվածների ժամանակ ընկղմվել ֆիլմերի տրամադրության մեջ։ Նույն էկրանը կդառնա նաև բեմում գտնվող դերասանների խաղի շարունակությունը՝ վերածելով օրը կախարդական հեքիաթի։  Համերգի ռեժիսորը նշեց, որ շատ է կարևորում իրենց իրավունքների մասով երեխաների իրազեկվածությունը:

Արփի Մաղաքյան. «Երեխաներին խոստանում եմ ուրախ, պայծառ, գունեղ, դասական բարձրարժեք երաժշտությամբ համերգ: Այս համերգն էլ լավ հնարավորություն է, որ ևս մեկ անգամ երեխաները տեղեկացվեն իրենց իրավունքներից:

6

Համերգի կրթական մասով Վորլդ Վիժնի հետ աշխատել ենք, որ երեխաներին շատ թեթև, առանց ծանրաբեռնվածության կամ դաստիրակչական տոնի, այլ՝ ընդհնակառակը, խաղի միջոցով բացատրվեն իրենց իրավունքները:»

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար  Աիդա Մուրադյանը կարևորեց միջոցառման այլընտրանքային բնույթը: Նաև պատմեց, թե ուր է ուղղվելու համերգից ստացված հասույթի մի մասը:

Աիդա Մուրադյան. «Վորլդ Վիժնի անունից կարող եմ ասել, որ մեզ համար շատ հաճելի էր այս համագործակցության առաջարկը: Իսկապես, աննախադեպ է այս ֆորմատով հունիսի 1-ը նշելու հնարավորությունը: Ցավոք, հաճախ հունիսի 1-ին երեխաները ընտրության բազմազանություն չեն ունենում, կազմակերպվող միջոցառումները սովորաբար միանման և ոչ բազմաբովանդակ են լինում. այս առումով առաջիկա համերգը շատ տարբերվող և բարձրաճաշակ միջոցառում է լինելու: Վորլդ Վիժնը հիմնականում աշխատում է  Հայաստանի մարզերում, հատկապես՝ խոցելի համայնքներում, մենք համերգին մասնակից ենք դարձնելու մի շարժ համայնքների երեխաներին: Միջոցառումը բարեգործական բնույթ ունի, ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ամառային ճամբարներին՝ առավել խոցելի ընտանիքների երեխաների մասնակցությունն ապահովելու համար»:

8

Դավիթ Մարուխյանը խոստացավ, որ շատ ուրախ, գունեղ միջոցառում է սպասվում: Նրա խոսքով՝ ներգրաված է մեծ և երիտասարդ թիմ՝ թարմ և ստեղծագործ գաղափարներով: Երաժշտական ծրագիրը նույնպես հագեցած է լինելու: Հնչելու են նաև հատվածներ Չայկովսկու «Շելկունչիկ» բալետից, Շտրաուսի վալսերը, Վերդի, Բրամսի հունգարական պարերը: Բացի նշված ստեղծագործություններից կհնչեն  և այլ հայտնի դասական ստեղծագործություններ։

Թեև տարիքային սահմանափակում չկա, սակայն ցանկալի է, որ համերգին ներկա երեխաները լինեն 5 տարեկանից բարձր: Համերգի տևողությունն է 1 ժամ, 20 րոպե:

Տոմսերի համար կարող եք զանգահարել՝ 011 545742, 011 540704:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register