ԱՆՄԽԻԹԱՐ  ՎԻՃԱԿ

heno

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ակումբային կարիերայի ամենադժվարին փուլն է անցկացնում: Անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում փայլած (51 խաղ, 23 գոլ, 20 գոլային փոխանցում) և ամռան վերջին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Մխիթարյանը հայտնվել է… հայտացուցակից դուրս: Այսպիսին է մեր ընտրանու առաջատարի կարգավիճակը  մառախլապատ Ալբիոնում՝ վերջին 2 ամսվա ընթացքում: Հայ ֆուտբոլիստին պատուհասած ձախորդ օրերը սկիզբ առան Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղի ժամանակ ստացած վնասվածքից: Մարեկ Սուշիի «նվերի» պատճառով  Մխիթարյանը բաց թողեց Հայաստանի հավաքականի առաջին պաշտոնական խաղը աշխարհի առաջնության ընտրական փուլում: Դրանից հետո  հայ ֆուտբոլիստը վերադարձավ Մանչեսթեր: Ապաքինվելուց հետո նա նույնիսկ սեփական հարկի տակ  «Մանչեսթեր Սիթիի» հետ անցկացված  սկզբունքային խաղում հայտնվեց մեկնարկային կազմում (առայժմ առաջին և վերջին անգամ):

Հավաքականում ստացած վնասվածքի ազդեցության, թե «Օլդ Թրաֆորդ» ստադիոնի մթնոլորտի պատճառով Մխիթարյանը աղետալի խաղ ցուցադրեց առաջին խաղակեսում   և փոխարինվեց ընդմիջմանը: Այդ խաղում «Յունայթեդը» պարտվեց սեփական հարկի տակ, իսկ Մխիթարյանը, ըստ պաշտոնական վարկածի, կրկին վնասվածքի պատճառով բաց թողեց 5 խաղ: Սեպտեմբերի 28-ին «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հաղորդեց, որ Մխիթարյանը ապաքինվել է և սկսել է մարզվել: Ահա, թե ինչ հանդիպումներ է անցկացրել «Յունայթեդը» առողջացած Մխիթարյանի բացակայությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի»՝ 1:1, «Լիվերպուլ» – ՄՅՈՒ՝ 0:0, ՄՅՈՒ – «Ֆեներբախչե»՝ 4:1, «Չելսի» – ՄՅՈՒ՝ 4:0, ՄՅՈՒ – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0, ՄՅՈՒ -«Բարնլի»՝ 0:0: Մխիթարյանի թիմը ներկա պահին վաստակած 15 միավորով Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝  8 միավորով զիջելով առաջատարներին՝ «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին»  և «Լիվերպուլին»:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ Մխիթարյանը նույնիսկ չի հայտնվում հայտացուցակում: Այս հարցի իրական պատասխանը հավանաբար գիտի միայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս համարվում է ակումբային ֆուտբոլում ամենանշանավոր տիտղոսները նվաճած աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Պորտուգալացին հայտնի է իր սկզբունքայնությամբ: Նա բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկի համար մեկնարկային կազմում տեղը երաշխավորված չէ: Նա գործով է ապացուցել, որ իրապես հեղինակություններ չի ճանաչում:

Օրինակ՝ «Ռեալում» աշխատելու ընթացքում, պահեստայինների նստարանին հայտվեց իսպանական ֆուտբոլի լեգենդ Իկեր Կասիլյասը: «Չելսիում»՝  երկրպագուների սիրելի Խուան Մատան, ով 2014-ին «ազնվականների» պահեստայինների նստարանից «փախավ» «Մանչեսթեր Յունայթեդ»: Այժմ էլ իսպանացի ֆուտբոլիստը կրկին ելույթ է ունենում Մոուրինյոյի գլխավորությամբ, սակայն շատ ավելի մեծ հաջողությամբ: Անվստահ ելույթներին զուգահեռ «Յունայթեդի» երկրպագուները պահանջում են խաղադաշտ վերադարձնել Մխիթարյանին: «Twitter» սոցիալական ցանցում նույնիսկ՝   #FreeMkhitaryan (թարգմանաբար՝ ազատ Մխիթարյան) անվամբ հեշթեգ է ստեղծվել: Հետխաղյա ասուլիսների ժամանակ  Ժոզե Մոուրինյոյին նշել է, որ որոշ ֆուտբոլիստների ժամանակ է հարկավոր լիովին պատրաստ լինելու համար: Երկրպագուները համացանցով ակտիվ քննարկում են՝ արդյո՞ք Միկին կդիմանա, թե՞ կհեռանա հունվարին: Ինքը՝ Մխիթարյանը, կիրակի լավատեսական գրառում է կատարել սոցիալական ցանցերում.«Լավագույն օրերն առջևում են: Առաջ: Մեկս բոլորի  և բոլորս մեկի համար»: Արդեն հայտնի է, թե արտերկրում հանդես եկող որ ֆուտբոլիստներին է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել մասնակցելու նոյեմբերի 11-ին, Չեռնոգորիայի հետ խաղին: Բնականաբար վնասվածք չունեցող Մխիթարյանը հրավիրվածների շարքում է և, եթե այսպես շարունակվի,  ապա հայ ֆուտբոլասերները նրան գոնե կտեսնեն ազգային հավաքականի կազմում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register