ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

1

«Այ եթե անմահ լինեի…»,- երբեմն պատկերացնում ենք մենք ու սկսում «հյուսել» մեր հավերժական կյանքի հնարավոր տարբերակները։ Մարդկությունն անընդհատ ձգտում է հավերժ ապրելուն՝ նկարագրելով այն տարատեսակ հեքիաթներում ու ֆիլմերում: Սակայն այն դեռևս՝ շատ հեռվում ապրող երազանք է մնում։ Բայց ի վերջո, հնարավո՞ր է, որ մարդկությունը մի օր կարողանա մահը դարձնել հիշողություն ու հավերժ ապրի։

Հնարավո՞ր է, որ մի օր էլ բժշկությունը մարդկանց բուժի ծերությունից ու, հետևաբար, մահվանից, չէ՞ որ մահը կենսաբանական բնական ընթացք է, որը բնորոշ է ոչ միայն մարդուն, այլև կենդանի օրգանիզմներից շատերին։ Ծերանալը բարդ ու  համալիր գործընթաց է, որը գիտնականներն ամբողջովին դեռ չեն կարողանում հասկանալ։ Նրանք միայն փաստում են, որ այն տեղի է ունենում օրգանների հյուծման պատճառով։

Շատերը նշում են, որ բացի կենսաբանական  գործընթացներից, որոնք  թույլ չեն տալիս այլևս  կիսվել մոլեկուլներին ու հետևաբար օրգանիզմը սկսում է ծերանալ ու մահանալ, մարդկանց վրա նաև շատ են ազդում սթրեսները, որոնք նույնպես մահվան պատճառ են դառնում։ Այս  եզրահանգմանը հասել են փորձարկումների միջոցով, ըստ որի պարզել են, որ երկարակյաց բույսերի, կենդանիների մեջ կան հատուկ հորմոններ, որոնք  կառավարում են նրանց «սթրեսի մակարդակը», ինչն էլ թույլ չի տալիս նրանց բջիջներին արագ քայքայվել ու պահպանում է նրանց  բազմանալու հնարավորությունը։ Ներկայումս  որոշ գիտնականներ տվյալհորմոնները փնտրելու ճանապարհին են և հուսով են, որ դրանք բացահայտելու և մարդկանց մարմնի մեջ ներարկելու դեպքում կկարողանան  եթե ոչ անմահ դարձնել, ապա գոնե հետաձգել մահը մի քանի դարով։

Մինչ գիտնականների մի մասն աշխատում է կենսաբանական տարրեր փնտրելու վրա, մյուս մասը արհեստական-արտաքին լուծում է առաջարկում։ Անմահ դառնալու մի տարբերակ կա՝ կրիոնիկան, որը մարդու՝ շատ խորը  սառեցում-քնեցումն է։ Կրիոնիկան դանդաղեցնում է բջիջների աշխատանքն ու այդպիսով մարդը սկսում է չծերանալ։ Պրոցեդուրայից առաջ դիմորդի հետ կնքվում է պայմանագիր, որի հիման վրա  սառեցումը կատարող անձինք պարտավորվում են արթնացնել նրան, օրինակ, երեսուն տարի անց։ Երբ նա արթնանա, իր մարմինը կլինի այն տեսքով, որով սառեցրել են՝ չնչին փոփոխությունների ենթարկված։  Բայց իհարկե, ռիսկը բավական բարձր է, հենց դրա համար այս պայմանագիրն ավելի շատ նման է սեփական մահախոսականի տակ ստորագրելուն։

Բայց չնայած նրան, որ այս  մեթոդին դիմողները չեն  կարող վստահ լինել, որ իրենց ինչ-որ մի օր իսկապես կվերակենդանացնեն ու նրանք կսկսեն ապրել մի քանի տասնյակ տարի հետո, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում  այս  տարբերակը սկսում է մոդայիկ դառնալ, որոշ մարդիկ դիմել են՝ իրենց սառեցնելու համար։ Թե ինչ արդյունք կլինի՝ հայտնի կդառնա տասնյակ տարիներ հետո։ Ստացվում է, որ դեռևս անմահության հարցը լուծված չէ, ու թե երբ կլուծվի՝ պարզ չէ։ Կարելի է սառել մի քանի տասնյակ տարով, բայց այն միլիոնավոր դոլարներ արժե, արդյունքն էլ խիստ կասկածելի է։ Մեզ մնում է ապրել ներկա ժամանակում, վայելել կյանքն ու դեռևս միայն երազել անմահության մասին՝ փորձելով այդ բոլոր պատկերացումները տեղավորել սահմանափակ  տարիներով կյանքի մեջ։ Գուցե այդ ժամանակ կյանքը  հավերժական թվա, եթե հետաքրքիր ու բազմազան ապրենք։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register