ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ «ԼՈւՅՍՆ» Ու  ՍՏՎԵՐԸ

2

Այն, ինչ ձեռք է բերվում տասնամյակներով, մի ակնթարթում կարող է անդառնալիորեն հողին հավասարվել, եթե խոսքը վերաբերում է մարդու անվանն ու համբավին: Հարվի Վայնշտեյնի օրինակը  հենց այս շարքից է. հոլիվուդյան հայտնի ու ազդեցիկ պրոդյուսերի անվան  հետ են կապված տասնյակ  հրաշալի, հաջողված ֆիլմեր, որոնք  նրան մեծ անուն, փառք ու համարում և փող են բերել: Նաև՝ շատ հեղինակավոր մրցանակներ, ներառյալ ՝ «Օսկարներ»՝ «Սիրահարված  Շեքսպիրը», «Մատանիների տիրակալը» և այլ ֆիլմերի համար:

Սակայն այս տարվա  հոկտեմբերը փառքի գագաթին գտնվող պրոդյուսերի համար ճակատագրական դարձավ: Ամերիկյան  հեղինակավոր պարբերականներից մեկը դերսանուհի Էշլի Ջադի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ վերջինս պատմել է Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին. քսան տարի առաջ պրոդյուսերը նրան հյուրանոց է հրավիրել՝ իբրև քննարկման, սակայն «հընթացս»՝ մերսում ու ցնցուղ խնդրել: Դերասանուհին այդ հանդիպումից հետո կարիերիայի սրընթաց աճ է ունեցել: Այս հրապարակմանը շատ արագ հետևել են այլ  դերասանուհիների նմանօրինակ ցուցմունքները, «հանկարծակիի եկած» երևելիների ցանկը համալրել են  Գվինեթ Փելթրոուն և Անջելինա  Ջոլին: Իսկ սկսնակների համար, փաստորեն, փառքի ճանապարհը սկսվել է «ձգվել» պրոդյուսերի անկողնուց:

Առաջին հրապարակումից մի քանի օր անց կինը լքել է պրոդյուսերին, միմյանց են  հետևել մրցանակների, պարգևների, պատվավոր կոչումների  ետ կանչումը, սակայն ամենածանրը  թերևս նրա համար անվանարկման միջոցով՝ աշխատանքից ու սիրելի միջավայրից զրկումն է եղել: Հոլիվուդի խոհանոցը, փաստորեն, վաղեմության ժամկետ չունի և սրընթաց կերտված փայլուն անունը անդունդ է գահավիժում:

Այս պատմությունն առիթ է՝ խոսելու սեռական ոտնձգությունների մասին ընդհանրապես. ասում են, որ այն արվեստի բնագավառում ամենատարածվածներից է: Ըստ իս, եթե տաղանդավոր մարդիկ չվախենան աշխատանքից, վաղ թե ուշ, սեփական ջանքերով կհասնեն ճանաչման ու փառքի: Իմ համոզմամբ, նման անկողնային ծառայություններից օգտվում են միջակություններն ու անճարակները, որոնք հետամուտ են շինծու և արագ հաղթանակների: Եվ ընդհանրապես, երևույթը եթե կա,  կա բոլոր բնագավառներում, ուղղակի արվեստի աշխարհն ավելի հանրայնացված է:

Վերադառնանք Հայաստան ու փորձենք  հասկանալ՝ ունե՞նք նման երևույթի տարածվածություն, թե՞ չէ: Այն, որ «Հոլիվուդ» և անգամ «Հայֆիլմ» չունենք, կարծես թե մեզ արտաքուստ փրկում է արատավոր այդ մեղքից: Կատակը մի կողմ, սակայն Հայաստանում հանրային հնչեղության սկանդալը տարիներ առաջ մի դերասանուհու հետ էր կապված, սակայն ոչ ոտնձգություն կար, ոչ էլ՝ պրոդյուսեր… ուղղակի համացանցում ինտիմ մանրամասներ հրապարակվեցին: Սակայն եթե չունենք աղմկոտ պատմություններ, ամենևին էլ չի նշանակում, թե սեռական ոտնձգությունը մեր իրականությունից բացակայում է: Օրինակ, աշխատանքի հայտարարություններում հաճախ ենք մատուցողուհու, վաճառողուհու կամ  գործավարուհու  համար պահանջվող որակների ցանկում  կարդում՝ լինի բարետես,  բարձրահասակ, շփվող, բարյացակամ, ժպտադեմ և այլն:  Այս հայտարարությունների ետևում թաքնվածը ոտնձգություն չէ՞ արդյոք կամ  բազմաթիվ մերսման սրահներն արդյո՞ք այլ ծառայություններ չեն առաջարկում: Նման  կասկածների տեղիք  են տալիս, օրինակ, այդ սրահների ֆեյսբուքյան  երկիմաստ  հրավերներն ու գովազդները:

Կրկին ու կրկին գալիս ենք եզրահանգման, որ հատկապես կանայք պետք է կարողանան  իրենց պաշտպանել, լինեն կայացած ու ինքնավստահ, և ոտնձգության տեղ ու հնարավորություն չթողնեն կանացի թուլության հաշվին ուժ հավաքողներին ու որոշում կայացնողներին:

Սյունե Սևադան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register