7 ՀԱՐՑ. ԱՆԻ ԱՍԼԱՆՅԱՆ

dddd

 Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ ջութակների կոնցերտմայստեր Անի Ասլանյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

-Ամռանը «Մշակութային կանգառ» ծրագրով այցելեցինք Հայաստանի մարզեր: Նման մի կանգառ կատարեցինք Ալավերդիում: Այցելեցինք նաև Հաղպատ գյուղ, վանական համալիր: Սակայն մեզ համար իսկական բացահայտում դարձավ գյուղից քիչ հեռու, բարձունքի վրա գտնվող, այսպես կոչված` Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցով, որի մոտակայքում երեք շատ գեղեցիկ խաչքար կային: Գյուղացիները նշում էին, որ եթե ձեռքդ դնես խաչքարին և երազանք պահես, անպայման կիրականանա(ժպտում է,-խմբ.):

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Առաջին հերթին` երթևեկությունը: Որպես վարորդ կարող եմ ասել, որ երթևեկությունը պարզապես անտանելի է. անօրեն վարելը, միմյանց չզիջելը, անհանդուրժողականությունը, տեղի կամ անտեղի ազդանշան տալը: Նյարդայնացնում են նաև Հյուսիսային պողոտայի անկյանք շենքերը, որ այդքան հեռացնում են  անցյալից: Ցածրահասակ տուֆակերտ շենքերը շատ ավելի գեղեցիկ էին:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Շատ կուզեի, որ Հայաստանի այցեքարտը աշխարհում լիներ մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Իհարկե, որոշակի ձեռքբերումներ կան, բայց ամենաբարձր մակարդակին հասնելու համար շատ անելիքներ ունենք:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Միջին տարիքում ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Նույնը կարող եմ ասել Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի և Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի մասին:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Առաջին հերթին` հարազատներս: Օրինակ` աղջիկս, որ շատ լավատես է իր բնույթով: Ընդհանրապես, դրական լիցքեր են փոխանցում տարբեր ոլորտների որակյալ մասնագետները:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մեր քաղաքում զգում եմ այգիների պակասը: Մանկության տարիներին շատ էինք խաղում օղակաձև զբոսայգում, այժմ, ցավոք, այգում գերակշռում են բետոնե շինությունները: Կարծես` ամեն մարդ մտածում է միայն իր բիզնեսի մասին` չմտածելով, որ էկոլոգիան է տուժում:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Անկախություն ասելով հասկանում եմ իսկապես ազատ, անկախ Հայաստան` ապահով սահմաններով, անվտանգ, առանց զոհերի:

Գարեգին Ալեքսանյան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register