ԱՄՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ

ariiii

Սկզբում, երբ դեռ Լևոնին անգամ չէի ճանաչում, ինձ համար արդեն կար Հայաստանը: Ճիշտ է, այս լեռնային երկրի մասին գիտելիքներս սահմանափակվում էին շախմատի հայազգի ուսուցչիս տված պատմական գրականությամբ, և գուցե հենց այդ պատճառով էլ՝ Հայաստանը շատ էր կենդանի, հաստափոր գրքերում ապրող հին աշխարհի պատմության մի կենդանի, հեքիաթային երկիր էր, որի սահմաններն ու պատկերը նկարված էին հին աշխարհի ձեռագիր, ճամփորդություններին հավասար՝ երևակայությամբ լրացված քարտեզներում:

Հայաստանի պատմության հետ առաջին իսկ ծանոթությունից ինձ զարմացրել է այս երկրի ու այս ժողովրդի ամրության աստիճանը: Եվ հիմա, երբ ես իմ ընտրությամբ պայմանավորված՝ այլևս այս երկրի և այս ժողովրդի անբաժան մասն եմ, զարմանքին գալիս են փոխարինելու հասկանալն ու զգալը: Եվ ես անասելի հպարտություն եմ զգում մարդկային հատկապես այս հանրությանը պատկանելու իմ գիտակցական ընտրության համար. դուք հայեր եք ճակատագրով, ես հայաստանցի եմ, հայ եմ՝ ընտրությամբ:

Սահմանային այս վերջին՝ քառօրյա սրացումը նորից փաստեց հայերի ամրության աներևակայելի աստիճանը: Նորից ոգին հաղթեց զենքին, բնատուր տաղանդը՝ խորամանկ հաշվարկին: Նորից համախմբվեցինք այնտեղ, ուր բոլորը, անգամ մեզանից շատերը՝ ցաքուցրիվ լինելուց էին վախենում: Նորից մոռացվեցին ծանր կյանքն ու անարդարությունը, մի կողմ դրվեցին իրավացի դժգոհությունն ու մաշող չարացածությունը: Նորից հայերը գրկեցին իրար ու պարեցին՝ ընդառաջ գնալիս մահվանը:

Հիմա կյանքը կարծես վերադառնում է «հարաբերական անդորրի» սովորական հունը: Միայն թե կարծես ինչ-որ մեկը անտեսանելի ձեռքով փոքրիկ սրբագրումներ է արել օրերի պատկերների մեջ: Երևանի, Էջմիածնի, ուրիշ քաղաքների որոշ թաղամասերում, որոշ առանձնատներ ասես հայտնվել են ընդհանուր քարտեզից դուրս: Որոշ մեքենաներ քաղաքների փողոցներում ասես կան ու չկան: Թվում է՝ նույնիսկ տեսախցիկները չեն նկատում դրանց: Երևի թե խախտումներ կան, որոնք արձանագրվելուց հետո կասկածի տակ են դնում հենց ինքը՝ գոյությունը. գոյությունը՝ որպես հայ, որպես հին աշխարհի պատմության մաս, ձեռագիր հին քարտեզի վրա նկարված մի կետ, որպես քո ժողովրդի ամրության աստիճանը ապահովող մի ներվ:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register