ԱՄԵՆՕՐՅԱ  ՀԵՐՈՍՆԵՐԸ

111

1925 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում կազմավորվեց առաջին պրոֆեսիոնալ հրշեջ խումբը: Հրշեջների, բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների նման մարդիկ՝  հասարակությունը ամբողջական պահող կարևորագույն թելերն են: Սրանք մասնագիտություններ են, որոնք միավորելով  հասարակությանը, միաժամանակ  օգնում են կրթվել ու վստահ լինել, որ դժվար պահերին օգնությունը երբեք չի ուշանա։ Ցավալի է, բայց այսպիսի մարդիկ հաճախ ամենաանտեսվածն են, մասնագիտությունները՝ ամենաքիչ  վարձատրվողները: Սակայն նրանք մեր ամենօրյա հերոսներն են, որ իրենց կյանքն են նվիրում և իրենց վտանգում՝ հասարակության բարեկեցության համար:

Հասարակության հերոսներն ամենուր են: Նրանք առանց դափնիների ու շնորհակալագրերի քայլում են փողոցներում: Վերջերս Մասիսում  շախմատի համաժամանակյա խաղի սեանս անցկացրի՝ դպրոցական և ավելի փոքր տարիքի երեխաների հետ: Երեխաների և քաղաքապետի ջերմ ընդունելությունից բացի, ինձ բախտ վիճակվեց հանդիպել Մասիսի մարզադպրոցի շախմատի ուսուցչուհի Անահիտին: Այս փոքրիկ մրցույթի անցկացումը հիանալի գաղափար էր, որն իր երկարաժամկետ արդյունքը կբերի, համոզված եմ: Որ պատասխանատու պաշտոն զբաղեցնող Անահիտը մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց ամենօրյա կյանքի վրա, կասկածից վեր է: Նա երեխաներին սովորեցնում է ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հմտություններ:

Հասարակության անդամներից յուրաքանչյուրն էլ ունի Անահիտի նման դառնալու ներուժ : Յուրաքանչյուր ոք պետք է ձգտի դառնալ հասարակության հերոս՝ անկախ իր սեռից և տարիքից: Անահիտի մեջ ես տեսա մանկավարժի այն տեսակը, որը հաճախ փնտրում ենք շատերի մեջ։ Տեսակ, որը անհատներ կրթելով՝ կրթում է նաև ամբողջ հասարակությանը։ Շատ կարևոր է ճանաչել մեր ամենօրյա հերոսներին, մեր փողոցում և թաղամասում ապրող, մեր կամ այլոց կյանքը փոխած մարդկանց: Կարևոր է նրանց օրինակով հասկանալ, թե ինչ պետք է անեն իրական հերոսները: Նրանք հեռուստատեսային կամ ֆիլմերից հայտնի դեմքեր չեն: Նրանք իրական, շնչող մարդիկ են, որ օգնում են ուրիշներին: Իրական հերոսներն  ամենևին էլ Բեթմենի կամ հայկական միջավայրից հայտնի որոշ մարդկանց նման չեն: Նրանք իրականում գոյություն ունեցող, սովորական մարդիկ են, որոնք օգնում են այլ մարդկանց: Մարդիկ, որոնք իրենց օրը սկսում են առանց մտածելու որ առանձնահատուկ են, սակայն մինչև օրվա ավարտը նրանք ապացուցում են, որ իրենք հերոսներ են, որ լուռ օգնում են իրենց հասարակությանը:

Դու հերոս ես, եթե օգնում ես մյուսներին և աչքերդ ու ականջներդ բաց են՝ ուրիշների կարիքի և ցավի առաջ: Մեր համար կարևոր է մեր  երեխաներին սովորեցնել տեսնել հասարակության ցավը և քաջալերել նրանց, որ դառնան մարդիկ՝ ովքեր  կլուսավորեն հասարակությանը և կօգնեն բուժելու նրա վերքերը: Իսկ վերքերն ամենուր են, կյանքի հրդեհները կարող են բռնկվել ամենուր: Այսպիսով մենք պետք է ստեղծենք, ճանաչենք և քաջալերենք այն մարդկանց, որոնք օգնում են մարել դրանք՝ մեզ ուղղորդելով, թիկունք լինելով և անգամ իրենց փոքրիկ խորհրդով։

Ամեն մեկս էլ ունի իր հերոսը՝ ծնողներից մինչև հանրային դեմքեր։ Կարևոր է նրանց տեսակը արմատավորել մեր մեջ ու փորձել նրանց նմանվել։ Ու, ով իմանա, գուցե մի օր մեկն էլ ասի, թե հենց դու ես իր հերոսը…

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register