ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾԸ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բլից պատերազմի ընթացքում եթե ֆեյսբուքյան թեժ էջերի տասնյակ կազմվեր, ապա այն կգլխավորեր Արծրուն Հովհաննիսյանի էջը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այս օրերի ընթացքում ֆեյսբուքից միանգամից հայտնվում էր հայկական և ոչ միայն հայկական լրատվական գրեթե բոլոր միջոցներում. հեռուստատեսությունից մինչև կայքեր և ռադիո:
Ողջ լրատվական դաշտը հետևում էր նրա ֆեյսբուքյան էջին. օրը մի քանի տասնյակ գրառում, ամենաթարմ լուսանկարներ, նոր տեղեկություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ մասնագիտացած լինելով Արծրուն Հովհաննիսյանը հմտորեն կիրառում էր սոցիալական մեդիան, որպես տեղեկատվությունը տարածելու լավագույն միջոց: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրառում է արել, որը չորս ժամվա ընթացքում 5 400-ից ավելի հավանություն է ստացել:
Արծրուն Հովհաննիսյանի գրառումները՝ ի պաշտոնե, երբեմն նաև հուզական մի քանի ժամում հազարավոր հավանություններ էին հավաքում և կիսվում հարյուրավոր մարդկանց կողմից: Նման մեծ ժողովրդականություն վայելող ֆեյսբուքյան էջը չէր կարող թշնամու կողմից ուշադրության չարժանանալ: Տեղեկություններ են պտտվում, որ նախարարի մամուլի խոսնակի լուսանկարով կեղծ էջեր կան, որոնց միջոցով ապատեղեկատվություն է տարածվում: Մենք փորձեցինք գտնել, սակայն չհաջողվեց: Երևի մեր հզոր կիբերբանակը կեղծարարներին արդեն ոչնչացրել է: Այնպես որ՝ իրական խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցում միակն է: