ԱՆԳԻՆ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՆԸ
-Վայ չէ, այս տարի հաստատ շատ թեթև ենք անցկացնելու, միսն ու կարագը թանկ, մրգերն ու ընդեղենը՝ ավելի,- շնչակտուր հասցնում է վրա բերել մի կին՝ կտրատված սնկի հինգերորդ տուփի մարաթոնյան վազքին մասնակցելու ընթացքում՝ ձախից թևի տակ բռնած ծանր պայուսակը, աջից՝ թևի տակ խցկած ոչ պակաս ծանր երեխային։ Հավանաբար կկարծեք, թե ձեր տեսած այ այն կնոջ մասին եմ գրել։ Չէ,ուղղակի նմանօրինակ կանայք մեր ամանորյա եռուզեռի հավաքական կերպարն են, նրանցից ամեն վարչական տարածքում տասնյակներով կգտնեք, դրա համար էլ նկարագրությունն այդքան «սրտամոտ» թվաց։
Ամանոր է, անպատասխանատու հայտարարություններ ու խոստումներ տալու հրաշալի ժամանակը՝ և խոսքն այս դեպքում ամենևին էլ քաղաքական գործիչների մասին չէ։ Ծանոթ-հարևան տեսնելիս մեր սուրբ պարտքն ենք համարում երդվել աշխարհի բոլոր խոզի բդերի անունով, որ ամսվա միջինացված ծախսի չափով ենք գնումներ կատարում։ Բայց հետո, ինչպես կասեին ոստիկանական հաղորդման ռեպորտաժներում, մի սայլակը դառնում է երկուս, երկուսը՝ երեք, հիշում ենք հին ոխը՝ կիսասոված իննսունականների մասին, երբ ուզում էինք կարգին կշտանալ, դանակը վերցնում ենք ձեռքներս ու … «Էդ երշիկից մի հատ էլ կտա՞ք, գիտեմ որ չորս հատ վերցրել եմ, մեկն էլ տվեք, բա որ քիչ լինի», «Երեխան փախլավա է սիրում դրա համար էկլեր էլ կթխենք», «Վարդանի կնոջ քրոջ եղբոր ընկերուհու հարևանի տղան ամուսնացել է, բա որ հանկարծ մեր տո՞ւն գան խնամիները, ամոթ չի՞ , հավուր պատշաճի ներկայանանք» ։
Մնացած դիալոգներն ավելացրեք ըստ ձեր ճաշակի և աղ ու պղպեղ արած փորձի։ Չես էլ հասկանում՝ ինչ ենք անում։ Մի կողմից ցուցամոլություն է , մյուս կողմից՝ համեղ ուտելու հակվածություն: Մի կողմից հասկանում ես, որ տոնական սեղանը պետք է տարբերվի առօրեականից, մյուսից՝ տեսնում, որ արդեն չափը կորցնում ես։ Բայց թե որտեղ է պետք կանգ առնել ու խորը շունչ քաշել՝ չգիտենք։ Դերենիկ Դեմիրճյանն իր էսսեներից մեկում տող ունի․«Հայի չափն անչափն է» ։ Սա հավանաբար գրել է հենց Ամանորի ընթացքում՝ ծանր գնումներով վերադառնալիս ու ճանապարհին վերոնշյալ՝ դեպի տարաները սուրող կնոջը տեսնելիս։ Դեպի արևածաղկի ձեթն են սլանում ամբոխները խելագարված․․․Իսկ այդ ամենի միջակայքում կան մարդիկ, որոնց համար Ամանորը միակ առիթն է, երբ կարելի է երշիկ կամ կոնֆետ ուտել։ Եվ սա տոնի ամենադառը կողմն է։ Բայց համատարած որկրամոլության հետ մեկտեղ կան կազմակերպություններ, որոնք փորձում են տոնի զգացողությունը ոչ միայն ամփոփել իրենց տան ու սրտի մեջ, այլ նաև դրանից դուրս տարածել՝ օգնելով կարիքավոր մարդկանց։ Շոկոլադներից խոսեցինք, նման գործունեություն ծավալող ամենաքաղցր օրինակը հիշվեց։ «Հայ Օգնության ֆոնդն» արդեն ամենամյա դարձած «Շոկոլադե բանկն» է հայտարարել, որի ընթացքում մինչև դեկտեմբերի 25-ը՝ սահմանամերձ գյուղերում ապրող շուրջ 355 երեխայի համար կոնֆետներ են հավաքվում։ Ի դեպ, եթե ցանկանաք դուք էլ օգնել,ապա կարող եք ձեր՝ կոնֆետներով տոպրակները տանել Խորենացի 22 հասցե ու քաղցրացնել երեխաների կյանքը: Հրաշալի նախաձեռնություն է, որի կողքով չարժե անտարբեր անցնել։
Սա՝ լուսավոր կողմը։ Վերադառնալով այսքան շատ քննարկված թեմային, պարզ է դառնում, որ մեկս մյուսին անընդհատ հորդորում ենք քիչ ծախսել, բայց ամեն տարի կրկնում ենք նախկինի օրինակը։ Սա շատ նման է թատրոնների ու ուշացող հանդիսատեսի հարաբերություններին։ Աշխատակիցները միշտ ասում են՝ ախր մեծ մասը ուշանում է դռները հո չե՞նք փակի, իրենց առաջ եթե փակենք՝ էլ չեն գա։ Իրականում երբեմն «դուռ փակելը» հարցի լուծում է։ Հանդիսատեսը մի փոքր կխոժոռվի, կզրկվի տվյալ օրվա ներկայացումից ու տոմսի գումարից, մի քանի շաբաթ քեն կքշի, բայց հետո արդեն չի ուշանա՝ թատրոնի դասը սովորելով։ Նույնն էլ Ամանորի հարցում է։ Պետք է մեկ անգամ «բիրտ» ուժի դիմել։ Սա չի նշանակում Ամանորը հասարակ սեղանով նշել։ Չի նշանակում զրկել տունը գեղեցիկ զարդարելուց ու տոնածառերից։ Նշանակում է չպատառաոտել մեր բյուջեն, չտրվել ձևականություններին, գնել ու պատրաստել իրապես ամենահամեղ ու սիրելի ուտեստները։ Ու տոնի մեջ սիրել հենց տոնը։ Սա հավանաբար ամենակարևորն է։ Մեզ խելամիտ գնումներ։ Գոնե այս տարի։ Ու եթե սայլակով սլացող այն կնոջը հասցնեք արագության մեջ բռնել, խնդրեք թող շունչ քաշի ու գոնե մի քանի րոպեով գետնին դնի թևի տակ խեղդած երեխային։
Սյունե Սևադա