«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ Է»…

9

Մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել «Ճամփորդին»՝ խոսելով աղբահանության ոլորտում կատարված աշխատանքներից, քաղաքացիներին հուզող խնդիրներից և  ընկերության ապագա ծրագրերից:

– «Սանիթեքը» Երևանում սկսել է գործել  2014 թվականի դեկտեմբերից: Կարո՞ղ եք գնահատել, թե ի՞նչ վիճակում էր մայրաքաղաքի աղբահանությունը մինչ ձեր գործունեությունը:

– Հարկ է նկատել, որ աղբահանության  առումով իրավիճակը Հայաստանում լավագույններից չէր: Երևանի քաղաքապետարանին  թերևս ստեղծված իրավիճակն էր հարկադրել նախաձեռնել միջազգային հայտամրցույթ, ինչի արդյունքում  էլ «Սանիթեքը» հայտնվեց Հայաստանում: Ընդհանրացնելով  կարող եմ ասել, որ մինչ մեր գործունեությունը ոլորտում  կային  լուրջ խնդիրներ: Դրանցից  առաջինը տեխնիկայի, երկրորդը՝ աղբահանության ոլորտի մասնագիտական մոտեցման բացակայությունն էր:

 – «Սանիթեքը» միջազգային ընկերություն է և աշխատում է տարբեր երկրներում: Ինչպե՞ս կբնորոշեք Երևանը, արդյոք փնթի՞ քաղաք է, թե՞ ոչ:

– Ըստ իս, չկա «կեղտոտ քաղաք» հասկացություն: Աղբահանությունը  նախ և առաջ մշակույթ է և ոչ ծառայություն: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ հարմարվեն  նոր ընթացակարգերին,առաջարկվող  մոտեցումներին: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, Երևանը գեղեցիկ ու լավ քաղաք է՝ իր բոլոր կողմերով:

9

 – «Սանիթեքը» աշխատում է Երևանի 12 վարչական շրջաններից՝ 11-ում: Ի՞նչն է պատճառը, որ մինչ այժմ չեք աշխատում Ավան վարչական շրջանում:

– Պարզաբանման համար նշեմ, որ ամեն վարչական շրջան մուտք գործելուց առաջ «Սանիթեքը» համապատասխան աշխատանքներ է իրականացնում: Օրինակ, քարտեզագրում է, թե ինչ ճանապարհներով են մեքենաներն անցնելու, ինչ ժամային գրաֆիկներում և ինչ հաճախականությամբ են աշխատանքներն իրականացվելու: Այսինքն՝ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Եթե հիշում եք, «Սանիթեքը» իր գործունեությունը  ոչ թե անմիջապես ու միանգամից, այլ՝  փուլ առ փուլ սկսեց: Գործունեությունը սկսելով  Կենտրոն  համայնքից, աստիճանաբար ընդլայնեց աշխատանքային շառավիղը: Բոլորովին վերջերս՝ մայիսին «Սանիթեքը» մուտք գործեց նաև Էրեբունի վարչական շրջան: Վստահեցնում եմ՝  «Սանիթեքը» կազմ ու պատրաստ է գործընթացների համար և ես համոզված եմ, որ մոտ ապագա «Սանիթեքը» մուտք կգործի նաև Ավան վարչական շրջան և այս քայլով կավարտվի Երևան քաղաքում աղբահանության արդիականացման և նոր համակարգի ներդրումը:

– «Սանիթեքին» ներկայացված գրավոր բողոքներից մեկում նշվում էր, որ բնակելի շենքի մոտ տեղակայված աղբամանները շատ մոտ գազատարի խողովակին,ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում: Ինչպե՞ս է որոշում նոր աղբամանների տեղադրման վայրը:

  – Նախ և առաջ նշեմ, որ «Սանիթեքը» հատուկ թիմ ունի, որի աշխատանքը Երևանի քաղաքացիների դիմում-բողոքներին և մեկնաբանություններին արձագանքելն է: Դա իրականացվում է «Սանիթեքի» թեժ գծի, ֆեյսբուքյան նամակների ու համապատասխան մեկնաբանությունների  միջոցով: Ցանկացած դիմում համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվում է, ինչից հետո նոր լուծումներ և առաջարկներ են ներկայացվում: Համոզված եմ, եթե ձեր հիշատակած դեպքը ներկայացվել է «Facebook» սոցիալական ցանցում, ապա ամենայն հավանականությամբ խնդիրն արդեն լուծված է: Իսկ ինչ վերաբերում է աղբամանների տեղադրման վայրին, ապա նշեմ, որ դա քաղաքային իշխանությունների հետ համատեղ է որոշվում , այսինքն համատեղ  է որոշվում աղբամանները որտեղ և ինչ հեռավորության վրա տեղադրել: Դա բացառապես «Սանիթեքի» որոշումը լինել չի կարող , քանի որ քաղաքային կառավարում է:

– Հայտնի է, որ «Սանիթեքը» Երևանում միայն աղբահանությամբ է զբաղվում, իսկ աղբի հետագա վերամշակումն արդեն իր պարտավորություններից դուրս է: Այնուամենայիվ, «Սանիթեքն» ունի՞ նաև աղբի վերամշակում իրականցնելու հավակնություն:

– Աղբահանության ոլորտում Հայաստանում  առաջընթաց արձանագրելու պարտադիր բաղադրիչը աղբի վերամշակումն է: Ինչպես արդեն ասացի, աղբահանությունը ոչ միայն ծառայություն, այլև մշակույթ է: Որպեսզի կարողանանք հասնել ցանկալի  արդյունքի, հարկ է բարձրացնել  հանրային գիտակցությունը, պետք է  աստիճանական գործընթացներ տեղի ունենան: Վերամշակման փուլին հասնելու համար, նախ և առաջ պետք է հիմնական խնդիրները լուծված լինեն: Օրինակ պետք է բացառվի  աղտոտումը՝ աղբը չնախատեսված վայրերում թափելը, աղբամանների այրումը: Բայց ես կարող եմ վստահեցնել, որ վերամշակման գործընթացը թե՛ Երևանի քաղաքապետարանի,թե՛  «Սանիթեքի» տեսադաշտում են: Աղբահանության քաղաքակիրթ մակարդակին հասնելու համար պետք է քայլ առ քայլ ճանապարհ անցնել: Առաջին քայլն աղբահանությունն էր և սանիտարական մաքրումը, երկրորդ քայլը համապատասխան աղբավայրի կառուցումն է, ինչին էլ պետք է հաջորդեն  սորտավորումն ու վերամշակումը:

10

– Աղբամանները մշակվո՞ւմ են հակառնետային կամ հակամիջատային միջոցներով:  Շենքերի աղբատար խողովակները նույնպե՞ս մաքրվում են: Ի՞նչ պարբերականությամբ են իրականացվում այդ աշխատանքները:

– Աղբամանները որոշակի պարբերականությամբ մաքրվում են՝ երբեմն ջրով, երբեմն՝ հատուկ նյութերով: Աղբատար խողովակներ  ունեցող բարձրահարկ շենքերում  մենք  մաքրելուց զատ  հակաառնետային միջոցներ ենք տեղադրում: Երևանում կա 4100 աղբատար, սա նշանակում է, որ գործընթացը  պետք է իրականացվի քայլ առ քայլ,այսինքն ամեն նոր շենք ընդգրկելու  համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Գործընթացի մասին նորություններին ցանկացողները կարող են հետևել «Facebook»-ում:

 – Իսկ հակաառնետային միջոցներն արդարացնո՞ւմ են իրենց :

– Ակնհայտ է, որ որպես երկարաժամկետ լուծում՝ շենքերի աղբատարները պետք է փակվեն: Աղբատարների դեպքում հարցը ոչ միայն առնետներն են, այլև մաքրությունը, առողջությունը, ընդհանուր սանիտարական վիճակը: Այդ ամենի ապահովման համար անհրաժեշտ  է աղբատար խողովակները փակել, ինչի ուղղությամբ՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ մենք ներկա պահին աշխատանքներ ենք տանում: Անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը, մարդիկ պետք է գիտակցեն, որ դա վնաս է իրենց առողջությանը և պետք է պատրաստ լինեն գործընթացներին:

– Խոշոր սուպերմարկետներում  վերջին շրջանում պլաստիկ տոպրակները վճարովի են դարձել: Ինչպիսին է  այս խնդրի հանդեպ «Սանիթեքի» վերաբերմունքը:  

– Աղբի վերացման հարցում  պլաստիկների թվի պակասումը շատ կարևոր է: Այժմ «Սանիթեքը» լուծում է չնախատեսված վայրերում աղբ  թափելու  բացառման խնդիրը: Մենք դեռևս այն փուլում ենք, երբ պետք է մարդկանց սովորեցնենք, թե որտեղ  է անհրաժեշտ նետել աղբը:

11

 – Հարցը վերաձեւակերպեմ: Հաշվի առնելով այլ երկրներում աշխատելու փորձը՝ ինչպիսի՞ «կանաչ» առաջարկներ կան, որպեսզի միջավայրն ավելի մաքուր լինի: «Սանիթեքն» առաջարկություններ անո՞ւմ է քաղաքապետարանին կամ կառավարությանը: Այդ առումով համագործակցություն կա՞, թե՞ ոչ:

– Երևանի քաղաքապետարանի հետ մենք ունենում ենք եթե ոչ ամենօրյա, ապա գոնե ամեն շաբաթյա խորհրդակցություններ, որտեղ տարբեր հարցեր ենք քննարկում: Խոսում ենք  նաև կանաչ միջավայր ունենալու անհրաժեշտության և հեռանկարների մասին: «Սանիթեքն» ու Երևանի քաղաքապետարանն այս պահին լուծում են աղբահանության ոլորտի կարգավորման  հիմնական և առաջնային խնդիրները՝ աղբահանության  իրականացում, սանիտարական մաքրում և ձմռան մաքրման աշխատանքների իրականացում: Պետք է նշեմ, որ Ավան մուտք գործելով՝ «Սանիթեքի» աշխատանքներն ու ոլորտի արդիականացումը չի ավարտվում: Իրականացվելու են նոր բարեփոխումներ, առաջարկվելու են նոր, բազմազան   օպտիմալ լուծումներ: Պետք է նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի համար մաքուր քաղաք ունենալու խնդիրն առաջնային է:

– 2016 թվականի առաջին օրերին Երևանում խայտառակ վիճակ էր: Առատ ձյան պատճառով ավտոմեքենաները դժվարությամբ էին երթևեկում, անընդհատ կարելի էր տեսնել փողոցում մնացած մեքենաների: Ի՞նչ հետևություններ եք արել, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել նմանատիպ  իրավիճակներից խուսափելու համար:

– «Սանիթեքը» հետևություններ է անում իր ամենօրյա աշխատանքից: Ինչպես գիտեք, «Սանիթեքն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով, հետևաբար ամենօրյա գործընթացը մեզ սովորեցնում է  եզրակացություններ անել, մտածել աշխատանքի բարելավման մասին: 2016 թվականի ձմռանից խոսելիս  պետք է երկու կարևոր հանգամանք հաշվի առնել. առաջինը՝ մայր բնությունն էր ու նրա կողմից ստեղծված խոչընդոտները, երկրորդն ու ամենակարևորը՝ աշխատանքի կազմակերպման ներքին գործընթացների փորձառության պակասը:  2016-ի խնդիրները՝  2017-ին չեն լինելու, որովհետև դրանից անհրաժեշտ  հետևություններ արդեն արվել են և «Սանիթեքը» կազմ ու պատրաստ սպասում է 2017 թվականին:

13

– «Սանիթեքի» աղբամանները նախորդ աղբամաններից տարբերվում են իրենց որակով և շարժունակությամբ: Արդյոք շա՞տ են դեպքերը, երբ բնակիչներն իրենց նախաձեռնությամբ այլ վայր են տեղափոխում աղբամաններն: Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում: Եղե՞լ են աղբամանները գողանալու դեպքեր:

– Շատ լուրջ  խնդիր է: Աղբամանների վնասումն ու վառումը, աղբամանների տեղափոխումն ու գողանալը, իսկապես մեծ խնդիր է: Աղբամանների տեղակայման մասով. կարող եմ ասել, որ աղբամանների տեղափոխումն առաջին հերթին  ազդում է բնակիչների ապրելակերպի վրա: Օրինակ՝ մարդիկ սովոր են աղբամանը տեսնել մի վայրում, իսկ առավոտյան տեսնում են, որ այնտեղ չէ: Մտահոգիչ է աղբամանների այրման խնդիրը: Դրա պատճառով մենք, բառի բուն իմաստով,  հարյուրավոր աղբամաններ ենք կորցրել: Ամսական մենք միջինն ունենում ենք հարյուրից ավել վնասված և այրված աղբամաններ: Նշեմ, որ ձմռան ամիսներից մեկի ընթացքում 130 աղբաման էր այրվել: Մեր ընդհանուր կորուստները  200 հազար եվրո են կազմում: Ինչ վերաբերում է աղբամաններ գողանալուն, պետք է նշեմ, որ այո, նման դեպքեր եղել են, բայց դա աղբամանների այրման  չափ տարածված չէ: Մենք հասկանում ենք, որ նման ռիսկեր ունենալն ու վնասներ կրելն  անխուսափելի են: Մենք դա ի գիտություն ընդունելով  ամբողջապես վերցնում ենք  մեզ վրա: Այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ քայլ առ քայլ Երևանի բնակիչներն ավելի հոգատար կդառնան այն նյութի և տեխնիկայի հանդեպ, որն ապահովում է քաղաքի, շրջակա միջավայրի մաքրությունը:

 – Շատ են «Սանիթեքի» գիշերային աշխատանքների հետ կապված բնակիչների բողոքները: Կպարզաբանե՞ք, թե ի՞նչ սկզբունքով է «Սանիթեքն» ընտրում հասցեները, որտեղ գիշերային ժամերին աղբահանություն է իրականացվում:

–  Ձեզ տեղեկացնեմ, որ Երևանի ամբողջ աղբը հեռացվում է գիշերային ժամերին: Ցերեկային ժամերին աղբահանություն է իրականացվում աղբատար խողովակներ ունեցող, որոշակի ժամանակ  պահանջո շենքերում միայնլ: Թեև ես չեմ սիրում խոսել անցյալից բաժին մնացած «ժառանգության» մասին, բայց պետք է նշեմ, որ նախկինում աղբը տարվում էր ոչ թե ամենօրյա ժամանակացույցով, այլ շաբաթը մեկ: Աղբատար խողովակներ ունեցող շենքերի 80%-ում աղբահանությունը կատարվում է ամեն օր, մնացյալ 20%-ում, ամեն երկրորդ օրը: Գիշերային ժամերի աղբահանությունը միջազգային ստանդարտ է, այսինքն բոլոր երկրներում, որտեղ կա օպտիմիզացված աղբահանության համակարգ, աղբահանությունն իրականացվում է հենց գիշերային ժամերին, որովհետև մեծ հաշվով աղետ է, երբ մարդիկ քնից արթնանում և տեսնում են, որ աղբը լցված է: Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա նշեմ, որ միջազգային չափանիշներով «Սանիթեքի» մեքենաները համարվում են ավելի քիչ աղմկող, իսկ բնակիչների բողոքներին, թե մեքենաներից բացի նաև աղմկում են «Սանիթեքի» աշխատողները, մենք հետևում և լուծում ենք տալիս: Երևանի բնակչության մեծ մասը գոհ է աղբահանման աշխատանքից, փոփոխություններից և առավոտյան արթնանալով՝ սեփական բակում աղբ չտեսնելուց:

12

– Հայաստանի մյուս քաղաքներում «Սանիթեքը» գործունեություն ծավալելու նպատակ ունի՞:

– Իհարկե, «Սանիթեքը» հետաքրքրված է նաև այլ քաղաքներով: Երևանում գործողություններն ավարտելուց հետո մենք ուսումնասիրություններ կանենք պարզելու համար, թե որքանով է դա արդյունավետ և որքանով կաշխատի նաև մյուս բնակավայրերում: Գաղտնիք չէ, որ ավելի հեռավոր տարածքներում բնակավայրերն իրարից ավելի հեռու են տեղակայված, ինչը նշանակում է, որ մի տարածքից մյուսը հասնելու համար ծախսն ավելի շատ է լինելու: Պետք է չափենք այս որոշման օպտիմալությունն ու հասկանանք՝ հնարավո՞ր է դա իրականացնել, թե՞ ոչ: Իսկ եթե հետաքրքրության մակարդակով ենք միայն խոսում,  ապա անխոս՝  «Սանիթեքը» հետաքրքրված է:

– Եվ վերջում, մեր շաբաթաթերթի միջոցով ի՞նչ կցանկանայիք փոխանցել հանրությանը:

– Երևանի բարեկեցության համար անհրաժեշտ է, որ մայրաքաղաքի բնակիչները նախ և առաջ գործընթացի մասնակիցը դառնան: Վերստին կրկնեմ՝ աղբահանությունը ոչ թե ծառայություն, այլ՝ մշակույթ է: Ենթադրաբար, յուրաքանչյուրս պետք է սկսենք մեր տնից, մասնակցենք գործընթացին: Փորձենք մաքուր պահել քաղաքը, իսկ դրան մենք կհասնենք համագործակցության, ավելի աչալուրջ և հետևողական լինելու շնորհիվ:

 

Գարեգին Ալեքսանյան

Գոյ Գեղամյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register