ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՎԱՅՈՑ ՁՈՐՈւՄ. ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանի ամենաբարձրադիր (ծովի մակերևույթից 2470 մետր բարձրությամբ) բնակավայրի` Վայոց ձորի մարզում գտնվող Գետիկվանքի վերին հատվածում կա ադրբեջանական փոքր գերեզմանոց: Գետիկվանքում տասնամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիներ, իսկ 88-ի շարժումից հետո հեռացել են գյուղից: Ասում են` Նախիջևանի ուղղությամբ: Գետիկվանքը լքված գյուղ է մնացել, այստեղ վերաբնակեցում տեղի չի ունեցել:
Գետիկվանքին ամենամոտ(4 կմ) գյուղը Վարդահովիտն է: Երբ գյուղացիները պատմում էին ադրբեջանական գերեզմանոցի մասին, նշում էին, թե ի տարբերություն ադրբեջանցիների, մերոնք չեն քանդում գերեզմանաքարերը:
Բլրակի վրա գտնվող գերեզմանոց այցելելուց ամբողջովին այլ պատկեր տեսանք: Շատ էին երկու կես եղած գերեզմանաքարերը, այդուհանդերձ նրանցից մեկը կանգուն էր:
Երբ վերադարձանք Վարդահովիտ, տեղի պատանիներից մեկին պատմեցի գերեզմանոցի մասին: Վերջինս տարակուսանք հայտնեց, թե ինչու ամբողջովին չէին ավերել գերեզմանոցը, չէ որ նրանք էլ նույնը մեր խաչքարերի և գերեզմանոցների հետ են անում: Գուցե շատերն են նման կերպ մտածում, բայց ես վստահ եմ, որ մշակութային հետքերը(էական չէ` ադրբեջանցիների, թե մեր) չվերացնելն շատ ավելի ուժեղ և կայացած ժողովրդի մասին է վկայում:
Նյութը պատրաստեց Գարեգին Ալեքսանյանը