7 ՀԱՐՑ. ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայկական ռոք երաժշտության հնաբնակներից: 2008 թվականին կազմավորված և օրերս թվով երրորդ ալբոմը թողարկած «Dogma» հայկական էթնիկ-պրոգրեսիվ ռոք/մետալ խմբի բաս կիթառահարն ու հիմնասյունն է: Նախկինում հանդես է եկել «Lucky Star», «Forte», «Klep & Vahag», «Hamberd», «Soma» և MDP խմբերում: Դրանից բացի վերջին 10 տարիներին Հայաստանում բարձրակարգ համերգներ կազմակերպած «Վիբրոգրաֆուս» երաժշտական ընկերության և ստուդիայի հիմնադիրն է:
– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Երիտասարդ տարիքում սիրողական մակարդակով շատ եմ խաղացել ֆուտբոլ: Սիրում եմ դիտել «Բավարիայի» հանդիպումները:
– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, մեքենա վարո՞ւմ եք: – Այո, վարում եմ, բայց սիրելի ավտոմեքենա չունեմ: Մեքենան դիտում եմ սոսկ որպես փոխադրամիջոց:
– Ձեր նախընտրած բույրը: – Որակյալ ծխախոտի, սիգարի բույրը:
– Ձեր նախընտրած ձայնը: – Երբ երաժշտությամբ ես զբաղվում, ձայներն այլ կերպ ես ընկալում, դժվար է պատասխանել, հատկապես երբ չեմ մտածել այս հարցի շուրջ:
– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Մարդկանց բթությունից, տխմարությունից:
– Եթե հանկարծ հրդեհ պատահեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք: – Եթե տանը մարդ չկա, ապա արժեքավոր որևէ իր, ես այսպիսի հարցերում ռոմանտիկ չեմ:
– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները: – Բախտ է վիճակվել Հայաստանում հյուրընկալել ռոքի մեծագույն ներկայացուցիչներ երաժիշտներ՝ Յան Անդերսոնին («Jethro Tull»), Յան Գիլանին և «Deep Purple»-ի անձնակազմին, կիթառահար Ջոն Մաքլաֆինին: Նրանք ոչ միայն երաժշտության վարպետներ են, այլև բանիմաց ու հետաքրքիր զրուցակիցներ, այնպես որ չէի հրաժարվի նրանց հետ կրկին սեղան նստելուց: