7 ՀԱՐՑ. ՎԱՆՈւՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

5

 Խորագրի հյուրն է ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ, թարգմանիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայոց լեզվի և գերմաներենի դասընթացավար Վանուհի Բաղմանյանը:

Ձեր կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Կարծում եմ՝ ամեն մարդու համար ամենածածուկ ու  շատերին անծանոթ անկյունն այնտեղ է, որտեղ իր հուշերն են՝ բոլորին անհայտ, բոլորից հեռու: Հուրախություն ինձ, ծնված լինելով Հայաստանի ամենագողտրիկ ու առինքնող անկյուններից մեկում՝ Դիլիջանում, պետք է խոստովանեմ, որ ինձ համար ամենածածուկ ու շատերին անծանոթ անկյունն այնտեղ է: Դիլիջանում՝ քաղաքից կտրված անտառներից մեկի  խորքերում, ունեինք մի հսկայական հողատարածք, որտեղ լեռներից բխող մի աղբյուր կար: Հատկապես վերջերս մտովի հաճախ եմ վերադառնում այնտեղ՝ մանկությանս բեկորները հավաքելու, որովհետև տարիքի հետ ակամա հասունանում է անցյալին կառչելու ցանկությունդ:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

-Երևանում դժվար չէ նյարդայնացնող բաներ գտնելը: Առաջին հերթին հասարակական տրանսպորտն է՝ հնամենի, նեխած նստարաններով, տանիքից գլխիդ կաթկթող անձրևով: Մյուսը՝ զգացողությունը, թե անընդհատ մոդելային ճեմահարթակի վրա ես՝ չորս կողմից սևեռուն, զննող-ուսումնասիրող հայացքներ՝ ոտքից մինչև մազերիդ ծայրը: Մյուս կողմից էլ, ոչ այնքան շաբաթ-կիրակի պատուհանիդ տակ «Կանանչի՜» բղավոցը, որքան երկրորդ «ն»-ի՝ ուղեղիդ սղոցումը:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

-Հարցի համար շատ ուրախ եմ, քանի որ, այո՛, մենք խիստ ներկայանալի ազգ ենք՝ առանց չափազանցության նշույլի: Բայց ես որպես ազգային այցեքարտ՝ առաջնահերթ շեշտում եմ մեր մատենագրությունը՝ դեռևս ոսկեդարից ժառանգված, թե՛ ինքնուրույն, թե՛ թարգմանական հզոր, հարուստ, համապարփակ գրականությունը և դրա՝ ինձ համար անգերազանցելի լեզուն: Մտեք եվրոպական համալսարաններ, տեսեք օտարազգի հայագետների  խանդավառությունը, թե ինչպիսի հիացմունքով են խոսում մեր ոսկեղենիկ լեզվի եզակի գանձերի մասին ու երանի տալիս մեզ, որ այդ լեզվի կրողն ենք: Այս պահին, օրինակ, աշխատում եմ մի ծրագրի վրա, մտադիր եմ քննել հայերենի ու գերմաներենի դարձվածքները համեմատական մեկնակետով, ու անշուշտ խանդավառող է, որ գերմանացի անծանոթ պրոֆեսոր, որին առաջարկել էի այս ծրագիրը, խնդրում է ոչ միայն ժամանակակից հայերենի, այլև, իր իսկ խոսքով, գրաբարի փառահեղ դարձվածքները ներկայացնել:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Աշխարհընկալման վրա ամեն գիրք չի կարող ազդել, հատկապես եթե հմուտ ընթեցող ես: Ըստ իս՝ գիրքն ազդում է մարդու աշխարհընկալման վրա, երբ նա դա չի նկատում: Եթե ասեմ, որ այսինչ գիրքն ազդել է իմ աշխարհընկալման վրա, գուցե սխալվեմ, այլ բան, եթե նշեմ, որ այս կամ այն գիրքը շատ է տպավորվել, ու նրա գաղափարներին կարելի է հետևել:Ինձ համար նման գրքերը շատ-շատ են, բայց քանի որ պիտի սահմանափակվեմ երեքի մատնանշումով, ուրեմն՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլ»-ը, Ուիլյամ Ֆոլքների «Շառաչ և ցասում»-ը  և Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը, որը նոր եմ թարգմանել գերմաներեն բնագրից:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

-Ինքս դրական մարդ լինելով, ինձ միշտ շրջապատում եմ միայն դրական մարդկանցով: Շատ արագ եմ նկատում մարդու բացասական լիցքերն ու առանց սարուձոր ընկնելու՝ տեղեկացնում եմ նրան այդ մասին՝ շփման եզրերն ըստ կարելվույն սահմանափակելով:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Առաջին պահին մտքովս միանգամից հսկայական գրադարանն անցավ, բայց քանի որ Երևանը կառույցների պակաս չունի, խիստ լայնարձակ, անտառապատ զբոսայգի-ընթերցարան կկառուցեի: Արդեն աչքիս առաջ է:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը

– Անկախության խորհրդանիշն ինձ համար հայրենի երկրում ապրող երջանիկ ժողովուրդն է:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register