7 ՀԱՐՑ. ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

7

 Խորագրի հյուրն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը:

Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Դեպի Հաղպատի եկեղեցի տանող, անտառը կտրող ֆանտաստիկ ճանապարհը: Իմ սիրած վայրերից  է: Հատկապես գարնանը կամ աշնանը, երբ մարդիկ գրեթե չկան: Որպես ռեժիսոր էլ ինձ շատ ոգևորում է այդ ճանապարհը, զարմանում եմ, թե ինչպես մինչ այժմ այնտեղ ֆիլմ չեն նկարահանել:

 – Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Նյարդայնացնում են խցանումները, աղտոտվածությունը, էսթետիկ տեսքը, որ սարսափելի է: Երևանը շատ եմ սիրում, բայց երբ փորձառու ճանապարհորդի աչքով ես նայում, ավելի քաոսային, ավելի աղճատված քաղաք դժվար է գտնելը: Մարդկանց մոտ ագրեսիա է նկատվում, մարդիկ դարձել են մռայլ: Շատ են խնդիրները:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Առաջին հերթին մեր մշակույթը, ոչ այն, որ պատկերացնում են` տարազներով պարող աղջիկներն ու տղաները կամ դուդուկը, այլ, օրինակ, թատրոնը, ժամանակակից արվեստը: Շատ հետաքրքիր ու ինքնատիպ ներկայացումներ կան, որոնք կարող են և մրցում են աշխարհի լավագույն հարթակներում, բայց դրանք միշտ լինում են օտարի կողմից նկատված: Նրանք են հրավիրում՝ ներկայացնելու Հայաստանը: Մեր պետությունը, կարծես, դեռ  ռիսկ չի անում արժեք տալու և դրանով ներկայանալու աշխարհին: Արտերկրում տեսել եմ, թե ինչպես են դեսպանատները ներկայացնում Հայաստանը… Միայն հայկական հյուրասիրությունը, տարազներով պարն ու  Կոմիտասից ինչ-որ բան նվագելն, այն ամբողջ հարստությունը չէ, որ մենք ունենք:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», որ առաջին անգամ կարդացել եմ պատանեկության տարիներին, իսկ հետագայում բեմադրել: Խորխե Լուիս Բորխեսի բոլոր գրքերը: Ժամանակակից գրողներից էլ կառանձնացնեմ Էրիկ-Էմանուել Շմիդտին:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Տվյալ շրջանում մեր թատրոնի դերասանական կազմն է ինձ դրական լիցքեր փոխանցում: Նաև թատրոնում սովորող երեխաները, նրանք են էներգիայի ամենամեծ աղբյուրը: Եղել է ժամանակ, երբ ես եմ նրանց այդ էներգիան տվել, այժմ հետ եմ ստանում(ծիծաղում է,-խմբ.):

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Իմ երազած թատրոնը: Անկախության տարիներին որևէ հետաքրքիր մշակույթի օջախ (բացառությամբ Կոմիտասի թանգարանից)` թատրոն,  համերգասրահ, պատկերասրահ չի կառուցվել քաղաքում: Շատ կուզենայի, որ կառուցվող բազմահազար շենքերի, ռեստորանների, մոլերի հարևանությամբ ունենայինք նոր թատրոնի օրիգինալ շենք:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Եթե պատասխանեմ անձնական տեսանկյունից, ապա` ինքնաբավ լինելը: Նույնն էլ պետության համար կարելի է ասել, եթե հասկանում ես, թե ուր է գնում երկիրը, ինչ է ուզում, ապագայի հետ  կապված ինչ տեսլական ունի: Այդ ժամանակ պետությունն ավելի ինքնաբավ, վստահ ու անկախ կլինի:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register