7 ՀԱՐՑ. ՇԱՔԵ ՀԱՎԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2

Խորագրի հյուրն է «Art Bridge» գրախանութ-սրճարանի հիմնադիր Շաքե Հավան Կարապետյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Շատ եմ սիրում Սյունիքի մարզը: Երբ մեկ օր ազատ ժամանակ եմ ունենում, մեկնում եմ Գորիս: Քաղաքից ոչ շատ հեռու մի հրաշալի գյուղ կա: Ճանապարհն այնպիսին է,  ասես աշխարհը, երկրագունդը վերջանում է: Գյուղի գրեթե բոլոր բնակիչներն իրենց տնամերձ հողակտորներից բազալտե արձանիկներ են գտել, հիմնականում կնոջ արձանիկներ: Սյունիքում շատ է տպավորել նաև Խնձորեսկի հին հատվածը` ինչպես է մարդը քարանձավից դուրս եկել և կողքը տուն կառուցել:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում  է Ձեզ:

– Ինձ նյարդայնացնում է մեր ավելորդ ինքնասիրությունը՝ մեքենա վարելիս, կայանելիս: Շատերը չեն մտածում, որ նման կերպ վարելիս խանգարում են մյուսներին:

 – Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Ապրելակերպի բարձր որակը: Օրինակ, եթե ցանկացած օր` ժամը 19.00-ին, 2 ժամ ազատ ժամանակ ունենաք, որն ուզենաք հատկացնել մշակութային ծրագրի, անկասկած երկընտրանքի առջև կկանգնեք: Այցեքարտ կարող է լինել նաև ապահովությունը: Իհարկե, այն հարյուր տոկոսանոց չէ, բայց արևմտյան երկրների համեմատ` մեզ մոտ շատ ապահով է: Օրինակ`գիշերը 12-ին կարող եմ քայլելով գնալ տուն:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Շատ դժվար հարց է: Մտքիս առաջինը գալիս է «Շունն ու կատուն»-ն, կարծում եմ` հանճարեղ գործ է: Նույնիսկ հասուն տարիքում կարող ես նրանում յուրահատուկ փիլիսոփայություն առանձնացնել: «Փոքրիկ իշխանը» տարբեր տարիքում կարդացել եմ և տարբեր ազդեցություն է թողել: Ինձ համար կարդացածս բոլոր գրքերն էլ կարևոր են, բոլորն էլ ինչ-որ ազդեցություն ունեցել են:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Այդ կնոջ անունը չգիտեմ: Նա 16 տարի գալիս է «Art Bridge», իրեն տեսնում եմ բոլոր մշակութային միջոցառումների ժամանակ` լինի երաժշտական միջոցառում, ցուցահանդես կամ գրքի շնորհանդես: Մոտ 80 տարեկան է, միշտ կոկիկ, շատ սիրուն հագնված և ունի ասելիք: Երբ այդ կինը ոտք է դնում մեզ մոտ, ես անասելի լավ եմ զգում ինձ: Նման մարդիկ ասես մեր հասարակության «աղը» լինեն:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Չէի կառուցի, կվերափոխեի: Վերջերս աշխատանքային այցով ուղևորվեցինք Խոր Վիրապ: Ճանապարհին սխալվեցինք և հայտնվեցինք «Նաիրիտ» գործարանի մոտ: Այսօրվա իրավիճակում այդ շենքերը, տարածքները պարզապես գոյություն ունեն: Ես դրանք կձևափոխեի և արվեստանոցներ կսարքեի. մենք տաղանդավոր արվեստագետներ ունենք, որոնք տարածքի կարիք ունեն:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Չէի ասի հարյուր տոկոսով, բայց մեր անկախության խորհրդանիշը մեր լրատվական կառույցներն են: Այսօրվա իրավիճակում շատ է խոսվում գրաքննության առկայության մասին, ես այդպես չեմ կարծում: Նաև կուզեի ավելացնել, որ անկախության խորհրդանիշ է մեր վերաբերմունքը մեր մշակույթի նկատմամբ, եթե մենք անկախ չլինենք, չենք կարող մեր մշակույթը, ավանդույթները պահպանել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register