7 ՀԱՐՑ. ՌՈւԲԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

7

Խորագրի հյուրն է  լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– «Հայաֆիկացնել» երևի թե չարժե, ուղղակի կուզենայի Հայաստանում նույնպես զարգանան մտքերի շտեմարանները («Think tank»):

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Կհանձնարարեի կազմել քաղաքի զարգացման 50-ամյա ծրագիր ու այդ ծրագիրը կներկայացնեի խորհրդարան, որպեսզի քաղաքին վերաբերվող ցանկացած որոշում համապատասխանեցվեր զարգացման ծրագրին։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Հայրենադարձությանը ոչ մի բան չի կարող նպաստել, ավելին` մենք նման բանի կարիք էլ չունենք: Եթե Հայը որոշում է կայացնում, որ պետք է հայրենիքին, ոչինչ  էլ չի կարող նրան խանգարել։

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան ), Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Կսրբագրեի 300-ական թվականները, այսպես կոչված՝ քրիստոնեության ընդունումը, ճարտարապետական բացառիկ կառույցների ավերումը հանուն քրիստոնեության, մեհենական մատյանների այրումն ու ոչնչացումը: Հաստատ կսրբագրեի Թոնդրակյանների շարժման ժամանակահատվածը, քանի որ նրանք ժամանակից հարյուրամյակներ առաջ էին անցել։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Երբ 12 տարեկան էի իմ մաթեմատիկայի ուսուցչի խորհրդով կարդում էի խրատներ Ալբերտ Էյնշտեյնից, դրանց մեջ ամենատպավորիչ ասույթը այն էր որ «զարմանում են հիմարները»: Լիովին հավատացած՝ փորձում եմ երբեք չզարմանալ։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Չշտապել, իրողություններից առաջ չընկնել ու անդադար փորձել։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register