7 ՀԱՐՑ. ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ruben

Խորագրի հյուրն է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կարծում եմ, որ առանձին արժեք կամ կառույց «հայաֆիկացնելու» կարիք չունենք: Այն ինչ օգտակար է, հայկական է, այն ինչ մեզ հետ է գցում, պետք է վանել:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ  ձեր առաջին հանձնարարականը:– Երբեք նման հավակնություն չեմ ունեցել: Մայրաքաղաքում պետք է գիտության, մշակույթի կենտրոնացում լինի: Երևանն այնպիսին պետք է լինի, որ այցելողի մոտ ողջ Հայաստանին ծանոթանալու ցանկություն առաջանա: Երևանը միշտ եղել է հյուրընկալ, հանդուրժող քաղաք: Աշխարհում  գեղեցիկ քաղաքներ շատ կան, բայց Երևանն առանձնանում է իր ջերմությամբ: Իսկ ջերմությունը գալիս է ոչ թե շենքերից, այլ՝ մարդկանցից, ուրեմն պետք է անել հնարավորը, որ Երևանի բնակիչները երջանիկ լինեն, նրանց դեմքին միշտ ժպիտ լինի:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:

– Կարծում եմ, որ հայրենադարձությանը վերաբերող բոլոր քարոզները և կոչերը անարդյունավետ են: Հայրենադարձությունից առաջ անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը: Անհրաժեշտ է, որ Հայաստանում հայերն իրենց զգան երկրի տերը, ամենուրեք տիրի արդարություն, երեխաները պաշտպանված լինեն, պատանիները գիտակցեն, որ իրենց կրթությամբ կարող են աշխատանք գտնել, հավատ լինի վաղվա օրվա հանդեպ: Առաջնահերթ են՝ ազատ տնտեսական մրցակցության ապահովումը, արդար ընտրությունների անցկացումը և մշակութային հասանելիությունը: Հայաստանը պետք է հրապուրիչ լինի այստեղ ապրել ցանկացողների համար:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք լուսավոր կերպարներ: Սակայն երբ չեն հարգում նրանց աշխատանքը, այն ջնջվում է: Օրինակ՝ Կոմիտասը մաքրեց մեր երաժշտությունը, ահռելի աշխատանք կատարեց, որ ծանոթանանք մեր երաժշտությանը, իսկ այսօր ինչպիսի երաժշտություն ենք լսում: Եթե մենք չենք զարգացնում մեր գիտությունը, ջնջում ենք այն, ինչ արել է Վիկտոր Համբարձումյանը: Կարելի է երկար թվարկել: Մենք բոլոր ասպարեզներում ունենք օրինակներ, որ երկիրը ամբողջական ֆորմատով զարգացնենք, այլ ոչ թե՝ որոշակի գծերով: Մյուս կողմից չի կտրվում ազգի արմատը: Չնայած պատմությունն է տալիս վերջնական գնահատականը, բայց մենք այսօր էլ ունենք բազմաթիվ լուսավոր կերպարներ: Անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել, բայց ապրել պետք է այսօրվա օրով:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:-Հայտնի է, որ պատմությունը տանել չի կարողանում «եթե»-ները: Պատմությունը սրբագրելու համար չէ, այլ ուսումնասիրելու, դասեր քաղելու:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Կյանքը շատ եմ սիրում: Այն որ ապրում ես, շփվում հրաշալի մարդկանց հետ, զարմանալու բազմաթիվ առիթներ է տալիս: Կարող եմ ասել, որ ամեն օր զարմանում եմ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Երբեք չհիասթափվել, հավատալ սեփական ուժերին և մեղավորներ չփնտրել: Երբ մարդը զգում է սեփական ուժը, հասարակությունն ավելի հզոր է դառնում: Հենց անհատներով է ուժեղ հասարակությունը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register