7 ՀԱՐՑ.ՌԱՖԱՅԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

1-(3)

Խորագրի հյուրն է «ArmFootball.com» կայքի գլխավոր խմբագիր, մարզական մեկնաբան Ռաֆայել Խալաթյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:-Չէի ասի՝ ծածուկ, առավել ևս ես չեմ բացահայտել, բայց կա մի տեղ Հայաստանում, որը շատ եմ սիրում և որի հետ հրաշալի հուշեր են կապված: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտակայքում գտնվող Գյառգառ (Գարգառ) գյուղն է: Շատ վաղուց եմ այնտեղ եղել՝ մոտ 12 տարի առաջ, բայց շատ եմ ուզում վերադառնալ, թեկուզ մեկ օրով: Հրաշալի բնություն է:

-Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:-Տրանսպորտը: Երբեմն երթուղային տաքսով երթևեկելը մարդկային նվաստացում է հիշեցնում: Մարմնի բացառիկ ճկունություն է պետք…

-Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։-Կարծում եմ՝ շախմատը վաղուց այդ այցեքարտներից մեկն է դարձել: Իսկ ընդհանրապես, մենք տաղանդավոր ազգ ենք՝ տարբեր բնագավառներում: Լավ պայմանների, ճիշտ աշխատանքի դեպքում Հենրիխ Մխիթարյանի նման այցեքարտեր շատ կունենանք: Համոզված եմ՝ Հայաստանը արտերկրում ճանաչում են նաև Տիգրան Համասյանի, Սերգեյ Խաչատրյանի պես երաժիշտների շնորհիվ: ՏՏ ոլորտում էլ կարող ենք նվաճումներ ունենալ:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:-Միակ գիրքը, որ նշանակալի ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ Աստվածաշունչն է: Միակ գիրքն է, որը կարող է փոխել իմ կյանքը, որտեղից ես կարող եմ խորհուրդներ վերցնել, որը կարող է խրատել ու միևնույն ժամանակ ոգևորել ու բարձրացնել:

-Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։-Իհարկե, ճանաչում եմ, շատ են, անուններ չեմ տա: Առհասարակ, իմ բոլոր ընկերներից էլ դրական լիցքեր ստանում եմ: Կարծում եմ՝ ցանկացած մարդուց էլ կարելի է դրական լիցքեր ստանալ, կարևորը քո վերաբերմունքն է, քո մոտեցումը: Բայց, իհարկե, կան սուպերպոզիտիվ դեմքեր, որոնց հետ ցանկացած վայրկյան ուրախ է: Լավատես մարդկանցից դրական լիցքեր ստանալը հեշտ է:

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։-Երազում եմ Բարեկամությունից Նոր Նորքի զանգված մետրոյի գծի մասին: Նաև այլ ուղղություններով՝ ՀԱԹ, Դավթաշեն, Աջափնյակ… Կուզենայի, որ քաղաքում տրամվայներ լինեին, ոչ այն հին տրամվայներից, որոնք դանդաղ էին, մեծ ու խանգարում էին երթևեկությանը, այլ նոր, ժամանակակից տրամվայներ:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:-Անկեղծ՝ չգիտեմ: Անկնախությունն ինձ համար շատ հարաբերական եզրույթ է: Կարծում եմ՝ չկա բացարձակ անկախություն: Ինչ-որ մեկի համար անկախություն է ամբոխից առանձնանալը, ինչ-որ մեկի համար՝ ուրիշներին չմնանվելը, մյուսի համար՝ անել այն ինչ ուզում ես: Հնարավոր է՝ մարդ մտածում է անկախ է, բայց իրականում այդպես չլինի: Եթե խորհրդանիշ, երևի՝ արծիվը: Ինքը, կարծես, հենց ազատության, անկախության մարմնավորում է: Բայց չեմ հավատում, որ մարդ կարող է բացարձակ անկախ լինել: Միտքը թույլ չի տալիս: Թեև ձգտել պետք է: Անկախության համար նախ (մտքի) հեղափոխություն է անհրաժեշտ, իսկ հետո անընդհատ նորոգում, կատարելագործում…

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register