7 ՀԱՐՑ. ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն: Նախկինում նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցումներից հետո ժամանակ է անցկացնում որդու՝ 2.5-ամյա Վաչեի հետ: Առաջիկայում ստիպված է կրկին որոշ ժամանակով հեռանալ ընտանիքից՝ պատրաստվելու Օլիմպիական 31-րդ խաղերին, որոնքն այս անգամ անցկացվելու են Բրազիլիայի Ռիո քաղաքում: Նախապատրաստական փուլն անցնելու է Ծաղկաձորում, Վրաստանում և Բրազիլիայում:
– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Ծանրամարտը չեմ նշի (ծիծաղում է): Մանկությանս տարիներին զբաղվել եմ գեղասահքով: Հավանում եմ, սիրում եմ դիտել:
– Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ: – Սիրելի օծանելիք չունեմ: Օծանելիքի սիրելի հոտ ունեմ, որը ծանր, խիստ բույր է տարածում: Իհարկե նաև կախված է եղանակից, օրինակ՝ ամռանը նախընտրելի է ավելի թեթև հոտ ունեցող օծանելիք:
– Ձեր նախընտրած բույրը: – Երևանի մեր տան հոտը: Երբ երկար ժամանակով մայրաքաղաքից բացակայելուց հետո վերադառնում եմ, միշտ զգում եմ այդ հոտը դուռը բացելուն պես:
– Ձեր նախընտրած ձայնը: – Գարնան գալուստն ավետող առաջին ճանճի տզզոցը (ծիծաղում է):
– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Հիասփաթվելուց:
– Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: – Ափսոս հնարավոր չէ, բայց շատ կուզեի ծանոթանալ Մոնթե Մելքոնյանի հետ, իմ հյուրերը կլինեին նաև Սալվադոր Դալին և Միխայիլ Բուլգակովը:
– Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: – Փոքրիկիս առաջին լուսանկարը: