7 ՀԱՐՑ. ՆԱՐԻՆԵ ԳԻԺԼԱՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն է լրագրող, թարգմանիչ, Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սոցիալական մեդիայի համակարգող Նարինե Գիժլարյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը Հայաստանում:

– Ես շատ չեմ ճամփորդել անգամ Հայաստանում, ուստի ինձ համար բացահայտելու բազում անկյուններ դեռ շատ կան ։ Բայց իմ հայրենի Շամշադինի ցանկացած անկյուն անկրկնելի է ու շատերին անծանոթ։ Շատ անսպասելի վայրեր եմ հայտնաբերում Րոֆֆիի հետ, եթե հաջողվում է դիտել Հ1-ի «Ճանապարհ» հաղորդաշարը։

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում  է Ձեզ:

– Փոշին ու աղբը, մեքենաների առատությունը․․․Մի խոսքով, ամենը, ինչ տասնամյակներ շարունակ զայրացնում է երևանցուն ու զարմացնում մայրաքաղաքի հյուրերին։ Իսկ վերջերս վրդովեցնում է Երևանի հրապարակներին հարող խաչմերուկներից լուսացույցների հանկարծակի վերացումը։ Եթե ինչ-որ մեկն այս նորամուծությունը կիրառելով ենթադրել է, թե թրթռացող դեղին լույսը մեր կյանքն ավելի դինամիկ կդարձնի և վարորդներին ու հետիոտնին կստիպի իրար հանդեպ առավել բարյացակամ ու զիջող լինել, մեղմ ասած՝ սխալվել է։

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ի՞նչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Բայց վատ միտք չի, գիտե՞ք։ Մի պահ ձևացնենք, թե «այցեքարտ» հասկացությունը խիստ բառացի ենք ընկալել, և ձեր սահմանած «Հենրիխ Մխիթարյան, դուդուկ- ծիրան-խորովածի» շրջանակներում այցեքարտի համահայկական մրցույթ հայտարարենք ու տեսնենք՝ դրանից ինչ դուրս կգա․․․ Իսկ եթե լուրջ, ապա մենք ոչ այնքան մեր ներուժը խորհրդանշող համահավաք այցեքարտի կարիքն ունենք, որքան  պետական մտածողության, անխոնջ ու որակյալ աշխատանքի ու դրա դիմաց համարժեք վարձատրվելու իրական, ոչ թե թղթի վրա արված երաշխիքների։ Այդ դեպքում աշխարհն ինքը մեզնից մեր այցեքարտը կխնդրի ու մի գեղեցիկ օր էլ կզանգի՝ գրավիչ առաջարկներով։

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Աշխարհընկալումս ձևավորել են նախ և առաջ հեքիաթները։ Օսկար Ուայլդն է սովորեցրել հումորով, հեգնանքով ու սարկազմով նայել կյանքին, Վիլյամ Սարոյանը՝ ամեն ինչի մեջ տեսնել բարին ու լուսավորը, սիրել մարդկանց, Դոստոևսկին էլ՝ գոհանալ ամեն բացվող օրով։

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Հա, շատ։ Ընտանիքս, արվեստի, գրականության, ԶԼՄ ներկայացուցիչներ և տարբեր ոլորտների այլևայլ գործիչներ։ Հուսով եմ՝ իրենք էլ մեզնից են դրական լիցքեր ստանում։

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Առանձնապես ինքնատիպ լուծումներ ու հավերժական կոթողներ չէի առաջարկի․․․ Համենայն դեպս՝ ոչ եկեղեցի։ Թերևս, 4-5 հարկանի հասարակ, բայց քաղաքին ներդաշնակ, հուսալի ու մատչելի բնակելի շենքեր, ընդարձակ, լուսավոր, ժամանակակից գրադարաններ և այլն։ Իրականում կառուցելը կթողնեի մասնագետ վարպետներին։ Ճիշտ պահն է Չարենց մեջբերելու․

«Մեր վարպետները հնուց տուֆ են սիրել ու մարմար,

Շունչ ներշնչող են եղել կարծր քարին ու հողին․—

Մեր վարպետները հնուց երգ են սիրել ու պայքար,

Մահ են բերել անքանքար բութ ու տխմար տիրողին․․․․»

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Մեր պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի ու օրհներգի հանդեպ  ունեցած ամբողջ ակնածանքով հանդերձ՝ մեր անկախության խորհրդանիշը մարդն է՝ Հայաստանի քաղաքացին։ Ինչքան էլ խորունկ ու խորհրդանշական լինեն Մասիսը կամ հայկական դրամը, «Ազատության» հրապարակը կամ ՀՀ անձնագիրը, Հայաստանի քաղաքացու հույսի, հավատի ու ֆիզիկական ներկայության նվազմանը զուգընթաց` Անկախությունը խունացած լուսանկարի կերպարանքի պես կամաց-կամաց ցնորական մի բան կդառնա, կկորցնի ամբողջականությունն ու ի վերջո կջնջվի ընդհանուր պատկերից ու մի օր էլ ծայրահեղ կախյալ վիճակում կհայտնվի։

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register