7 ՀԱՐՑ. ՄՈւՇԵՂ ԽՈւԴԱՎԵՐԴՅԱՆ

8

7 Հարց խորագրի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը  Հայաստանում:

– Ծնունդով Սիսիանից եմ և կարող եմ ասել, որ Սիսիանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք իրենց ճարտարապետական արժեքով նույնիսկ համաշխարհային նշանակություն ունեն: Խոսքն առաջին հերթին Աղիտու գյուղում գտնվող մահարձանի մասին է: Կնշեի նաև Սիսիան քաղաքի մոտ գտնվող «Զորաց քարեր»-ը, որը համարվում է աշխարհի առաջին աստղադիտարաններից մեկը: Նաև` Սիսիանից ոչ հեռու գտնվող, այսպես կոչված Որոտանի «տաք ջրերը»: Թվարկածս վայրեր հաճախ այցելում են Տաթևի վանքի ուղղությունը բռնած մարդիկ:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Երբեմն խցանումներն են շատ նյարդայնացնում, հատակապես՝ առավոտյան ժամերին:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Գրեթե բոլոր զբոսաշրջիկները նշում են, որ հայերը շատ հյուրընկալ են: Գումարած մեր հրաշալի բնությունը, տեսարժան վայրերը: Սրանք իսկապես կարող են այցեքարտ լինել: Բացի այդ, Հայաստանը բավական անվտանգ երկիր է: Վստահ եմ, Հայաստանը նաև շատ գայթակղիչ է՝ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված և այժմ թանգարաններում պահվող բազմաթիվ նմուշների առումով: Նաև ուզում եմ ասել, որ իսկապես աշխարհում քիչ երկրներ կան, որոնք կարող ենք հպարտանալ բարձրորակ և մեծ քանակի խմելու ջրով:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը, որը կյանքի դպրոց է հիշեցնում: Թեև վեպը 20-րդ դարի սկզբին է գրվել, սակայն այժմ էլ շատ ակտուալ է: Իսկ ամենակարևորը՝ դա վեպում առկա նուրբ հումորն է, ինչի պատճառով երբեք չես ձանձրանում: Կուզեի նշել նաև Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել»  երգիծական վեպը: Գրքում ոչ թե ծաղր է կրոնի հանդեպ, այլ ծաղր է բոլոր այն դատարկապորտ մարդկանց նկատմամբ, որոնք փորձում են իբր կրոնավոր երևալ, բայց նրանց իրական նպատակը ամբողջովին այլ է: Շատ բան կարելի է սովորել այս գրքերից, նույնիսկ միջազգային քաղաքականության իրական էությունն է հնարավոր հասկանալ:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Շատ են` թե՛ իմ մտերիմների, թե՛ կոլեգաների շրջանում: Կնշեմ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, վերլուծական լրագրող Նաիրի Հոխիկյանի անունը: Նաիրին այն քիչ լրագրողներից է, ով իսկապես կարողանում է ընկալել` ինչ բան է միջազգային քաղաքականությունը: Դրական լիցքեր են փոխանցում բոլոր այն մարդիկ, որոնք իրենց մասնագիտությանը շատ լավ են տիրապետում:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մետրոպոլիտենի ևս մի քանի կայարան:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը: 

– Նախ և առաջ բանակը: Երկիրը չի կարող լինել անկախ, եթե չունի հզոր բանակ: Ինչպես նաև` երկրի տնտեսությունը: Երկու խորհրդանիշ, որոնք միմյանց հետ փոխկապակցված են:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register