7 ՀԱՐՑ. ՄԿՐՏԻՉ  ՄԻՆԱՍՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: 

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Կուզեի մեզ շրջապատը մաքուր պահեինք: Արտերկրում կան բազմաթիվ քաղաքներ, որոնց բնակիչներն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում թե՛ իրենց երկրի, թե՛ իրենց սիրելի կառույցների հանդեպ և չեն թույլ տալիս որևէ աղավաղում: Շատ կուզենայի, որ նման  վերաբերմունք  դրսևորեինք նաև մենք,  ու ընդհանրապես մթնոլորտն այդպիսին լիներ:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Չգիտեմ որքանով կհաջողվեր, բայց բոլոր պուրակները, կանաչ տարածքները կմաքրեի ավելորդ կուտակումներից, կձերբազատեի այսպես կոչված` սրճարանային «բումից»: Կթողնեի այնքան, որքան պետք է, որպեսզի ման գալու տեղ լիներ: Հիմա, օրինակ, «Օղակաձև զբոսայգին» արդեն զբոսայգի չէ, ասես, կառույցների միջով քայլելիս լինես: Նաև քաղաքին հարող երբեմնի անտառաշերտը կվերականգնեի: Մեր քաղաքում կանաչ գոտու ծավալն անասելի ցածր է: Ներկա պահին հասել ենք մեկ բնակչին՝ 4.5 քառակուսի մետր կանաչ ցուցանիշին, երբ լավագույնը 20-25 քառակուսի մետրն է:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ստիպելով չես կարող մարդկանց ասել՝ եկեք տուն: Միակ բանը, որ կարող է մարդուն հրապուրել, բարոյական մթնոլորտն է: Պետք է լինեն աշխատատեղեր, որ մարդիկ  կարողանան ապրել: Մեծ մասը շատ բան չի ուզում՝ ապրելու բավարար պայմաններ, պաշտպանվածություն պետության կողմից:  Կարևոր են նաև արտաքին գործոնները: Մենք պետք  է կարողանանք լեզու գտնել մեր հարևանների հետ: Հո հավերժ չենք կարող միմյանց «մեջքով կանգնած» լինել:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր  կերպարները՝  Ձեր դիտարկմամբ:– Չգիտեմ ինչու, երկրորդ հանրապետության անունը տալուց խուսափում են: Բայց այդ ժամանակ, օրինակ, Ալեքսանդր Մյասնիկյանը շատ բան է արել: Լինելով զարգացած մարդ՝ նա հայ ինտելեկտուալներին մեկտեղեց Երևանում: Այսօրվա Երևանի հիմքն այն ժամանակ դրվեց: Կնշեի Խաչատուր Աբովյանի անունը՝ իր կատարած նշանակալի գործի համար: Որպես ճարտարապետ չեմ կարող չնշել Կոմիտասի, Թորոս Թորամանյանի և Ալեքսանդր Թամանյանի անունները: Հենց Թորամանյանն աշխարհին ցույց տվեց, որ հայերն ունեն ուրույն բնութագրով ինքնուրույն ճարտարապետություն: Իսկ Թամանյանը 1923 թվականին երկրորդ անգամ գալով Հայաստան, ի դեմս իրանա-թուրքական քսանհազարանոց քաղաքի՝ ուրվագծեց ապագա Երևանի տեսլականը:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Եղեռնի էջը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ զարմացնում է արդի տեխնոլոգիաների հնարավորությունը: Դրանք ժամանակին հեքիաթներում էին նկարագրվում:

 – Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Համբերություն, համառություն և ազնվություն:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register