7 ՀԱՐՑ. ՄԽԻԹԱՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

2

Խորագրի հյուրն է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Եթե շատ անկեղծ, ապա կուզեի տեղայնացնել ու Հայաստանում աշխատող դարձնել ժամանակակից աշխարհում կիրառվող կրթական հաջողված մոդելներից որևէ մեկը` ներքին մի հույսով, որ այն մեզ մոտ նույնպես հաջողելու է: Այնպես, որ ամեն հայի համար կրթությունը արժեք դառնար:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Բոլոր կանաչ տարածքները` զզվելի սրճարաներից, անհասկանալի վաճառողներից, կեղտից, փնթիությունից մաքրելը: Այնպես, որ երեխան մտներ այգի ու այդ սրճարանների, բետոնի ու ասֆալտի արանքում կանաչ տարածություն փնտրելու խնդիր չունենար:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Զանգվածային հայրենադարձությունն այս պահին իրատեսական չէ: Հայրենադարձությունից ավելի կարևորն, ըստ իս, արտագաղթի կասեցումն է: ԿԳ նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ ուսումնական տարում(2015-16 թթ.) 6500-ից ավելի երեխայի փաստաթղթերը վերցրել են և նրանք տեղափոխվել են հանրապետությունից դուրս: Մեկ այլ վիճակագրությամբ` Հայաստանում մոտավորապես 500 դպրոց ունի մինչև 100 աշակերտ: Մեկ տարում 70-80 փոքր դպրոց փակվել է: Հետևաբար պետք է արտագաղթը կանխել, որի համար պետք է լինել իրապես իրավական, իրապես սոցիալական պետություն և պետք է փորձես կառուցել իրապես քաղաքացիական հասարակություն: Այլ բանաձև չկա:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Առաջին հերթին, վստահաբար կնշեմ Մեսրոպ Մաշտոցի անունը: Երկրորդը կնշեի Խաչատուր Աբովյանի անունը, որպես ազգագրագետ` ինձ համար 19-րդ դարում ամենակարևոր գործերից մեկը գրական արևելահայերենի ստեղծումն է: Ինչպես նաև լավ առումով հեղափոխական և «խելագար»` Արշակ թագավորի անունը:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Ոչ մի էջ էլ չէի սրբագրի: Իսկ զգայական մոտեցման դեպքում, կփորձեի խմբագրել 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածը` մինչև 1915 թվականի ցեղասպանության էջը, բայց միայն մեկ պայմանով, որ խմբագրելը, սրբագրելը ժամանակակից պրոցեսները մի քիչ ավելի արժեքային, մի քիչ ավելի բարոյական դարձնելու հնարավորություն տար:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Առավոտյան ինձ զարմացրել է իմ 5-ամյա աղջիկը: Մինչ ես և կինս սուրճ էինք խմում՝ մտածելով  թե նա քնած է, նա հաջողացրել էր արթնանալ և անաղմուկ հագնել իր շորերը: Այդպես եկավ մեզ մոտ և ասաց, որ պատրաստ է մանկապարտեզ գնալու(ժպտում է,-խմբ.):

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Բաղադրատոմս որպես այդպիսին չկա: Բայց տարիքի հետ գերակայող է դառնում այն գիտակցումը, որ մտածող, աշխատող մարդու համար արդյունք կարող է ապահովել աշխատասիրությունը: Աշխատասիրություն, որի հիմքում այսպես ասած, «գլուխը կախ, սեղանի մեջ մտած» աշխատելը չէ: Անհրաժեշտ է գլուխը բարձրացնել, աշխարհը տեսնել, միտումները  հասկանալ, հետո նորից աշխատել, քանի որ ժամանակակից աշխարհի մոտեցումներն այլ  են:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register