7 ՀԱՐՑ. ՄՀԵՐ ՉԵՐՔԵԶՅԱՆ

2

Խորագրի հյուրն է ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Մհեր Չերքեզյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Շատ լավ ծանոթ եմ Լոռվա շրջանին: Այնտեղ շատ հետաքրքիր ու քիչ բացահայտված բազում տեղեր կան: Օրինակ` Արդվիի վանքը: Վստահ եմ` քչերն են տեսել: Օձունից ոչ  հեռու, ձորի տակ ևս մեկ վանք կա` Հոռամայրը, որը ոչ մի տեղից չի երևում, քողարկված է: Իրականում շատ հետաքրքիր տեղեր կան Հայաստանում:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Կարող եմ ասել ճարտարապետության մասով. իրականացավ ոչ թե այն, ինչ մտածում էին, այլ այն՝ ինչ պատվիրատուն էր ուզում:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Մենք արժեքներ ունեինք, օրինակ` Փակ շուկան, որը Երևանի այցեքարտն էր, Հայաստանի համար՝ Սանահինը, Հաղպատը, Էջմիածինը… Անցյալ դարում ավելի շատ եկեղեցական կառույցներն էին այցեքարտ, քան բնությունը: Իսկ այժմ բնությունը շատ մեծ այցեքարտ է, որովհետև մենք բնության ֆանտաստիկ հատվածներ ունենք: Նաև մեր ժողովուրդն է այցեքարտ` իր ջերմությամբ, կոնտակտի ակտիվությամբ, հյուրասիրությամբ:

 – Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Քանի որ անգլիական դպրոցում էի սովորում, չորրորդ դասարանում հանձնարարեցին կարդալ «Դորիան Գրեյի դիմանկարը»: Բառարանի միջոցով կարդացի, այն ինձ վրա շատ մեծ ազդեցություն էր թողել, ընդ որում` ոչ ամբողջապես դրական: Հետո ավելի ուշ, մորս շնորհիվ, ով շատ մեծ հայրենասեր էր, սկսեցի կարդալ գրքեր, որոնք 19-րդ դարի վերջնամասում էին հրատարակվել: Նրանցից մեկը` «По турецкой Армении»(«Թուրքական Հայաստանով»,-թարգ.) գիրքն էր: Բնականաբար ԽՍՀՄ տարիներին կրթօջախներում պատմությունը ձևախեղված էին ներկայացնում: Այդ գրքի շնորհիվ իմացա, թե ովքեր են եղել Ալեք Մանուկյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, մյուսները…

 – Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Օրինակ` իմ կոլեգաները, որոնց հետ աշխատելուց չեմ հոգնում, ընդհակառակը` հաճույքով եմ գործ անում, ինչը շատ կարևոր է: Սաշուր Քալաշյանն այդ մարդկանցից մեկն է, ում հետ աշխատելուց միշտ նոր բան եմ բացահայտում: Այնքան հետաքրքիր է, որ զգում ես տարիքով մարդկանց խորհրդի պակասը:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Գիտեմ` ինչը կմաքրեի, որ Երևանը վերագտներ իր նախկին տեսքը: 50-ական թվականների կառույցների վրայից  մեծ հաճույքով կքանդեի բոլոր ավելացումները: Այդ պատշգամբները, որոնցով մարդիկ աղավաղել են ճակատի խորությունները, կամարները…

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Կարծում եմ` բացարձակ անկախություն չկա, կա հարաբերական անկախություն: Անկախությունը պետք է ունենա օրենքի գերակայություն: Օրենքը պետք է գործի բոլորի համար: Ազատության կարևոր պայմանը՝ օրենքով պաշտպանված լինելն է: Նաև շատ կարևոր է ստեղծագործական ազատությունը:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register