7 ՀԱՐՑ. ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

8

Խորագրի հյուրն է  հայ ժամանակակից գրող Մանե Գրիգորյանը: 

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կուզենայի, որ ամենքս պատասխանատվություն վերցնեինք մեր փոքր տարածքի ներքին մաքրության համար: Չթողնենք երեխային եկեղեցու բակից պոկել վարդերը, որովհետև երկիրը երկիր չի, մեզ թալանում են և խաբում, հետևաբար մենք էլ մեր փոքր տարածքն ենք թալանում ու ոչնչացնում: Ուզում եմ հասկանանք, որ չեն կարող մեր տները փտած չլինել, եթե առողջ չէ մեր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը  կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Ձմռանը տանիքների քիվերից կախված սառցալուլաներն են իսկական պատուհաս: Հետո էլ տխուր է, երբ ծաղկած ծառերի փոխարեն բացվում է սրճարանների սեզոնը: Ուր նայում ես՝ քար է, ու քարի պես մռայլ, ծանր դեմքեր, որովհետև ամեն կտրվող ծառի հետ փոքրանում է քաղաքի, հետևաբար նաև մարդկանց տարածությունը ու պակասում է շնչառությունը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Մարդիկ ուզում են լիարժեք ապրել և ոչ բոլորին է ոգևորում հայրենիքում մի կտոր հաց ուտելու հեռանկարը: Քիչ է մի կտոր հացը արժանապատիվ ապրելու համար:  Մասնագիտություն, գիտելիքի պաշար, ստեղծագործական ներուժ ունեցող մարդը կյանքից ավելի մեծ սպասելիքեր ունի. ըստ այդմ՝ հայրենադարձությանը նպաստելու համար պետք է ստեղծել հնարավորություններ:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, Արամ Մանուկյան (Սարգիս Հարությունի Հովհաննիյան):

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Մարդու ազատությունը սահմանափակող ցանկացած էջ կսրբագրեի. Մարդն առաջնային բնական կարիքները հոգալու անհրաժեշտությունից բացի՝ նաև ներսում ապրող ձկանը ազատ, հոսող  ջուրը նետելու պահանջ ունի: Մարդկանց  ստեղծագործելու, ներքին  պոտենցիալն իրացնելու և «օվկիանոսը» ճանաչելու հնարավորություն  կտայի:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ անընդհատ զարմացնում են իմ ներսում տեղի ունեցող տեղաշարժերը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:–  «Հաջողությունը՝ մի անհաջողությունից դեպի մյուսը շարժվելն է, այդ ընթացքում չկորցնելով էնտուզիազմը», մի առիթով ասել  է Չերչիլը: Իմ փորձն էլ է ասում, որ անհաջողությունը երաշխավորված է, երբ այլևս  չկա գործի հանդեպ էնտուզիազմը:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register