7 ՀԱՐՑ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

2

Խորագրի հյուրն է  Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյանը:

– Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ինձ համար մեծագույն բացահայտում էր Լոռու մարզում գտնվող Քոբայրի վանքը՝ Հայաստանի հրաշալիքներից մեկը:

 – Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Որպես վարորդ ինձ նյարդայնացնում է անկարգապահությունը` թե՛ այլ վարորդների, թե՛ հետիոտների: Երկուսն էլ իրավապահ չեն: Շատ տգեղ է, տխրում եմ:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Մարդիկ, հասարակ մարդիկ: Թե՛ դրսում ապրողները, թե՛ տեղացիներն` իրենց խոսքով, իրենց պահվածքով, աշխատանքը ներկայացնելու ձևով, մշակույթի հանդեպ վերաբերմունքով:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Մանկությանս տարիներին բոլոր գրքերից տպավորվել եմ, բայց կառանձնացնեմ` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները»: Պատանեկությանս տարիներին շատ տպավորվել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն, վերջին տարիներին` Ջորջ Օրուելի «1984»-ը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։

– Մարդկանց մեջ գնահատում եմ աշխատասիրությունը, ճշտապահությունը, ներհայեցողությունը, սկզբունքայնությունը: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են երկրի «մատից փուշ հանել»:

 – Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մեր հասարակությունը հիվանդ է: Երթուղայինների վարորդները մեկ ուղևորի համար իրար են սպանում, մեկ ուրիշն էլ իր անձնական անհաջողությունները վերագրում է պետությանը… Այսպիսի բազում օրինակներ կարող եմ բերել: Կուզեի լիներ, փոխաբերական իմաստով եմ ասում, մի շարք կենտրոններ ընդգրկող կառույց. հոգեբանական, բարոյական, քաղաքացիության, մարդկայնության, քրիստոնեական դաստիարակության արժեքները քարոզող կենտրոններով:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Պատասխանատվությունը, պարտքի զգացումը, քո աշխատանքը լավ կատարելու պատասխանատվությունը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register